Կարծրատիպերը` անձնային աճի խոչընդոտ

Կարծրատիպերը` անձնային աճի խոչընդոտ

237

Կարծրատիպերը մեր հասարակության ամենամեծ խնդիրներից են, որոնք արմատանում և փոխանցվում են սերնդեսերունդ: Ըստ հոգեբանների` կարծրատիպերը հարմարվողականության մեխանիզմներ են, որոնք թույլ են տալիս արագ և արդյունավետ արձագանքել անծանոթ իրավիճակներին կամ նոր պայմաններին: Դրանք սերնդեսերունդ փախանցվող վարքային մոդելներ են, որոշակի սոցիալական միջավայրին համապատասխանեցված անձնային դրսևորումներ, որոնք ավելի շատ արհեստական բնույթ են կրում, քան ինքնաբուխ և բնական:  Դրանք այնքան տարածված են, որ մեզնից յուրաքանչյուրը օգտագործել է որևէ կարծրատիպային արտահայտություն՝ այդ պահին չհասկանաով դրա ողջ իմաստը: Մարդիկ միշտ պատկերացումներ ունեն տարբեր ժողովուրդների մասին, և այդ պատկերացումները վերագրում են տվյալ երկրում ապրող յուրաքանչյուր բնակչի: Օրինակ` պակիստանցիները ահաբեկիչներ են, ռուսները` հարբեցողներ: Դպրոցներում նույպես առերեսվում ենք կարծրատիպերին: Օրինակ` տղաները ավելի լավ կարող են լուծել մաթեմատիկական խնդիրներ, լինել ավելի առաջատար սպորտում: Մինչ օրս ամենատարածված կարծրատիպն այն է, որ կանայք երբեք չեն կարող լինել այնքան ուժեղ, որքան տղամարդիկ և չեն կարող հավասարվել նրանց:

Այսպիսի կարծրատիպերը ազդում են յուրաքանչյուրիս գործողության և պատկերացումների վրա: Կան բազմաթիվ հետազոտություններ, թե ինչպես է այս կամ այն կարծրատիպը ազդում մարդու որոշումների վրա: Օրինակ`մի քանի տարի առաջ UC Berkeley-ի հետազոտական լաբորատորիայում քոլեջի ուսանողները դիտեցին երկու երիտասարդ տղաների վիճաբանություն: Տղաներից մեկը սպիտակամորթ էր, մյուսը` սևամորթ: Մասնակիցներից կեսի համար տեսանյութը ավարատվեց նրանով, որ սպիտակամորթ տղամարդը հրում է սևամորթին, մյուս կեսի համար տեղի ունեցավ հակառակը:  Սակայն տեսահոլովակում ամեն մեկի ուժը հավասարաչափ էր բաշխված: Այսինքն` մարդիկ մեկնաբանում էին` կախված հրում կատարող անձի ռասայից:

Ըստ հոգեբան Անուշ Ալեքսանյանի` կարծրատիպերը խանգարում են մեր իրականության ընկալմանը: Կարծրատիպերով առաջնորդվելիս մենք բացարձակապես չենք տեսնում իրականությունը, մենք մեզ զրկում ենք զարմանալի և անկանխատեսելի փորձառություններից, մենք խուսափում ենք այն մասնագիտություններից, որոնք կարող են մեզ հաճույք պատճառել, խուսափում ենք մարդկանցից, որոնց հետ կարող էինք շատ լավ հարաբերությունններ կառուցել: Դրանք իրականում սահմանափակում են մեր կյանքի բոլոր հնարավորությունները: Վտանգավորն այն է, որ կարծրատիպերը ձևավորվում են ավելի վաղ, քան մարդու անձնական կարծիքը:  

Ըստ հոգեբանի` կարծրատիպերից ազատվելու համար մեզանից յուրաքանչյուրը պիտի ինքն իրեն խոստովանի, որ դրանք ինչ-որ իրավիճակում մեզ օգնում էին, և կարծրատիպից ազատվելով մենք որոշ չափով լարվածություն պիտի ավելացնենք մեր կյանքում: Այսինքն` միայն այդ լարվածությունը տանելու պատրաստակամությունը մեզ հնարավորություն կտա ազատվել կարծրատիպից: Այդ ճանապարհով մենք կարող ենք գնալ առաջ մեր անձնային աճի մեջ:

Սյուզաննա Դեմիրճյան

4-րդ կուրս

Կիսվել