Սա Երևանն է, այստեղ դու տանն ես. ինչ դժվարությունների են բախվում ուսման...

Սա Երևանն է, այստեղ դու տանն ես. ինչ դժվարությունների են բախվում ուսման նպատակով Երևան տեղափոխվող երիտասարդները

232

Ամեն տարի հարյուրավոր երիտասարդներ տեղափոխվում են մայրաքաղաք Երևան` ուսում ստանալու կամ աշխատանք գտնելու հույսով։ Նրանցից մի քանիսի հետ խոսել ենք դժվարությունների, բարևելու սովորությունից հրաժարվելու, սպասումների ու մայրաքաղաքին հարմարվելու մասին։

Տաթև Նազարյան, ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի մագիստրանտ, ծննդավայրը՝ Լոռի

«Ինչքան հեշտ կլիներ բոլորիս համար, եթե մարդիկ ամենուրեք լինեին բարեհոգի ու մտահոգ միմյանց նկատմամբ, և դա պայմանավորված չլիներ գյուղով կամ քաղաքով»։

«Թեև համայնքում միշտ ակտիվ կյանքով եմ ապրել ու բազմաթիվ ծրագրերի եմ մասնակցել թե՛ Երևանում, թե՛ այլ վայրերում, Երևան բնակության նպատակով հաստատվելը հեշտ չտրվեց, չնայած որ հակառակն էի մտածում։ Բազմաթիվ անարդարությունների բախվելն արդեն իսկ դժվարություն էր ինձ համար սկզբնական շրջանում։ Նույնիսկ ծառից միրգ պոկելն էր դարձել երազանք, որովհետև ես գյուղի հետ շատ էի կապված։ Միևնույն ժամանակ չէի կարողանում ընկալել, թե ինչու են մարդիկ մրցակցության մեջ միմյանց հետ։ Հաճախ այդ մրցակցության մեջ չմտնելու ու չհասկացված լինելուս պատճառով հայտնվել եմ ծանր վիճակում։ Ինչքան հեշտ կլիներ բոլորիս համար, եթե մարդիկ ամենուրեք լինեին բարեհոգի ու մտահոգ միմյանց նկատմամբ, և դա պայմանավորված չլիներ գյուղով կամ քաղաքով։ Կարող եմ ասել, որ այս վեց տարիների ընթացքում ես շատ եմ փոխվել։ Ակնհայտ զգացվում է տարբերությունը այն Տաթևի, որը դեռ ամեն ինչին նայում էր վարդագույն ակնոցներով, հիմա արդեն կոփված և ինտեգրված է։ Ինձ Երևանն է փոխել, դարձրել է ավելի համառ, պայքարող, չկոտրվող ու սեփական ուժերին հավատացող։ Բայց նաև ընդմիշտ շնորհակալ եմ գյուղում ապրող այն դեռահաս աղջնակին, որը միշտ երազում ու հավատում էր դրանց իրագործմանը։ Առանց նրա ես չէի լինի այն, ինչ կամ հիմա»։

Սմբատ Աղաբեկյան, Երևանի պետական հումանիտար քոլեջ, ծննդավայրը՝ Տավուշ

«Այնպես չի, որ հիմա Երևանում եմ, հրաժարվել եմ գյուղից, պլաններ միշտ կան»։

«Գյուղից տեղափոխվելու միակ պատճառը ապագայում ինչ-որ բանի հասնելն էր, քանի որ Հայաստանում ամենաշատ հնարավորությունները Երևանում են։ Երբ սկսեցի շփվել այստեղի երիտասարդների հետ, հասկացա, որ այստեղ սահմաններ չկան կամ գոնե ավելի քիչ են, մեզ մոտ կարծրատիպերը ամեն քայլափոխի են։ Բախվում ես մի իրականության հետ, որը քեզ խորթ է՝ ազատ շփումներ, նոր հնարավորություններ, նոր աշխարհայացք։ Աստիճանաբար սկսում ես համեմատել երևանցիների հետ, որտեղ դու զիջում ես մի քանի անգամ։ Տարբերակ չի մնում, պետք է ավելի շատ աշխատես, հասցնես անել ամեն ինչ, սովորես զրոյից, որպեսզի հավասարվես հասակակիցներիդ։ Այստեղ ստիպված ես կրթությունն ու աշխատանքը համատեղել, որն ուղղակի անհնար է, արդյունքում տուժում են դասերը, քանի որ պետք է ապրել կարողանաս։ Սրան էլ գումարվում է ազատ ժամանակի իսպառ բացակայությունը։ Եթե տեղափոխվում ես Երևան, այս ամենի ֆոնին պետք է նաև հաշվի առնես, որ կրթություն ստանալու ժամանակահատվածում «բլոկադայի մեջ» ես լինելու և նույնիսկ մեծ ցանկության դեպքում չես կարողանալու ընտանիքիդ այցելել։ Այստեղ էլ նոր խնդիրներ են առաջ գալիս, երբ մտածում ես, որ կտրում ես կապը գյուղիդ հետ, բայց այնպես չի, որ գյուղից եկել եմ, հրաժարվել եմ գյուղից, պլաններ միշտ կան»։

Անի Միրզոյան, ԵՊՄՀ հոգեբանության ֆակուլտետ, ծննդավայրը՝ Լոռի

«Քանի որ ես սովոր էի բոլորին բարև տալուն, այստեղ դժվարությամբ հետ կանգնեցի այդ սովորությունիցս, քանի որ չէի ճանաչում այդ մարդկանց, և նրանք նորմալ չէին ընդունի դա»։

«Մինչև Երևան տեղափոխվելը արդեն կեցությանս հարցերը լուծված էին` մնալու էի մորաքրոջս տանը։ Հեշտ չէր ինձ համար տնից հեռու գտնվելը, քանի որ գիտակցում էի, որ երկար ժամանակ հնարավոր է չկարողանամ տուն գնալ։ Դեռ տանը գտնված ժամանակ արդեն կարոտում էի ընտանիքս, գյուղս, հարազատներիս։ Երևան տեղափոխվելիս այդ կարոտը ամենալուրջ դժվարությունն է լինում, որը պետք է հաղթահարեի սովորելուն զուգընթաց։ Աստիճանաբար համակերպվեցի, և այդ հարցում ավելի շատ օգնեցին համալսարանում նոր ձեռք բերված ընկերներս։ Ժամանակս նրանց հետ անցկացնելով` գոնե օրվա մեծ մասը մոռանում եմ այդ կարոտի մասին։ Դժվարություն էր նաև միջավայրին հարմարվելը, քանի որ անծանոթ մարդիկ շատ էին. ես սովոր էի բոլորին բարև տալուն, այստեղ դժվարությամբ հետ կանգնեցի այդ սովորությունիցս, քանի որ չէի ճանաչում այդ մարդկանց, և նրանք նորմալ չէին ընդունի դա։ Սկզբնական շրջանում ես կաշկանդվում էի դաս պատմել ամբիոնի մոտ, հարցեր տալ դասախոսներին, կամ ասել, որ ինչ-որ բան չեմ հասկացել։ Բայց աստիճանաբար այդ բարդույթավորումն էլ հաղթահարեցի, որովհետև գիտակցեցի, որ եկել եմ սովորելու համար, իսկ հարցեր չտալով, նյութը չհասկանալով՝ հետագայում շատ դժվարություններ կունենամ։ Քաղաքի երեխաների մոտ այդ խնդիրը չկար, քանի որ նրանք ի սկզբանե մեծացել էին մարդաշատ վայրում, շփվել շատերի հետ և չէին կաշկանդվում մեծ լսարանի առջև ելույթ ունենալիս»։

Նարե Տիրացվյան, ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, ծննդավայրը՝ Սյունիք

«Ուսանողական կյանքը ավելի շատ քաղաքին հարմարվելու, քան համալսարանի ու կրթության մասին է»։

«Բոլորը կարծում են, որ Երևանը բոլորի երազանքների քաղաքն է, գուցե դա որոշ չափով ճիշտ է, բայց ոչ ոքի մտքով անգամ չի անցնում, թե ինչ խոչընդոտների առաջ է կանգնում երիտասարդը, երբ թողնում է ամեն ինչ՝ ընտանիք, տուն, ընկերներ, ծննդավայր, և նոր կյանք սկսում։ Իհարկե, սա անկախ անհատ դառնալու սկիզբն է, և Երևանն էլ անսահման հնարավորություններ է տալիս զարգանալու և մասնագետ դառնալու համար, բայց շատերս պատրաստ չենք 17 տարեկանում մտածել գլխին տանիք ունենալու, զուգահեռ սովորելու ու ինտեգրվելու մասին։ Պետք է շատ արագ դառնաս երևանցիներից մեկը, ճանաչես քաղաքը, փորձես հասկանալ՝ համակուրսեցիներիցդ ով է քեզ նման, ապագայում ընկերանալու նպատակով, այստեղ էլ պետք է կարողանալ զգույշ լինել մարդկանց հարցում, որ հիասթափությունդ մեծ չլինի։ Բախտդ կբերի, եթե նախկինում ճաշ եփած ու այլ տնային գործեր արած լինես, զրոյից սովորելու կարիք չի լինի։ Փոխարենը՝ պետք է սովորես պաշտպանել քեզ, որովհետև մեծ քաղաքը անվտանգ չէ քեզ համար, հատկապես եթե աղջիկ ես։ Մի խոսքով՝ ուսանողական կյանքը ավելի շատ քաղաքին հարմարվելու, քան համալսարանի ու կրթության մասին է. ամեն դեպքում երկու ամսվա փորձս այդ մասին է փաստում»։

Արշակ Հայրապետյան, ԵՊՀ Ժուռնալիստիկայի ֆակուլտետ, ծննդավայրը՝ Գեղարքունիք

«Անկախ ամեն ինչից, ես շատ սիրեցի Երևանը, այն համայն հայության մայրաքաղաքն է»։

«Երևան տեղափոխվելուց հետո առաջին իսկ օրը ստիպված էի աշխատանք գտնել, քանի որ վարձով էի ապրում. ինձ պետք էր աշխատանք, որը չէր խանգարի դասերիս։ Մեծ դժվարությամբ, բայց գտա։ Ու Երևանին ադապտացվելն էլ հեշտ չէր, որովհետև մեր քաղաքում ամեն ինչ շատ հանգիստ էր, իսկ Երևանը շատ ակտիվ քաղաք է, ու դու պետք է քեզ տեմպի մեջ պահես, որ հասցնես ամեն ինչ։ Ակնհայտ տարբերություններից առաջինը, որ զգացեկ եմ, երևի թե մարդկանց միմյանց հանդեպ ջերմությունն է, որն այստեղ այդքան էլ չի երևում։ Երկրորդ՝ ծննդավայրումս մարդիկ ավելի հյուրասեր են։ Երևանը ավելի ակտիվ քաղաք է ու աղմկոտ՝ ի հակադրություն հանգիստ Գավառի։ Եվ քանի որ մեր երկրի բնակչության գրեթե կեսը ապրում է Երևանում, ես կարծում եմ, որ ապագայում լավ մասնագետ ու մարդ դառնալու համար արժի մի քանի տարի Երևանում բնակվել, հասկանալ մարդկանց, տեսնել և զգալ Երևանը։ Էս քաղաքը շատ լավն է, Գավառից հետո իհարկե։ Անկախ ամեն ինչից ես շատ սիրեցի Երևանը, այն համայն հայության մայրաքաղաքն է»։

Լյուդմիլա Շիրվանյան

4-րդ կուրս

Կիսվել