Երեխաների ներգրավմամբ հաղորդումներում «ներդրումը» կատարվում է հույզերի վրա․ մեդիահոգեբան

Երեխաների ներգրավմամբ հաղորդումներում «ներդրումը» կատարվում է հույզերի վրա․ մեդիահոգեբան

186

Հայաստանյան մեդիադաշտը լի է երեխաների վերաբերյալ բազմապիսի հրապարակումներով և հաղորդումներով, որոնք ունեն ամենատարբեր սցենարներն ու բովանդակությունը, սակայն ոչ բոլոր դեպքերում են այդ հրապարակումներն ու հաղորդումները բխում հենց երեխայի շահերից։ Հաճախ այդպիսի հաղորդումներում հաշվի չեն առնվում երեխաների իրավունքներն ու շահերը՝ առաջացնելով խնդիրներ երեխայի համար։ Առավել խնդրահարույց է, երբ հարցը վերաբերում է լուրջ լսարան ունեցող հեռուտահաղորդումների կամ լրատվական թողարկումների ժամանակ արված խախտումներին։

Journalist.am-ը երեխաների մասնակցությամբ հաղորդումների և թողարկումների վերաբերյալ զրուցել է մեդիահոգեբան Սաթեն Գրիգորյանի հետ՝ պարզելու՝ այդպիսի հեռուստապրոդուկտների հնարավոր ազդեցությունները։

-Տիկի՛ն Գրիգորյան, կասե՞ք, նախ և առաջ ինչպե՞ս պետք է հեռուստատեսությամբ լուսաբանել երեխաներին առնչվող թեմաները:

-Երեխաներին առնչվող լուսաբանումներ անելիս պետք է հաշվի առնել այն հանգամանքը, որ վերջիններս խոցելի խումբ են համարվում, և անհրաժեշտ է ցուցաբերել բացարձակ զգուշավորություն վերջիններիս չթիրախավորելու համար:

 -Ի՞նչ լրագրողական սխալներ և խախտումներ եք նկատում հեռուստատեսությամբ երեխաների մասին լուսաբանումներում: Որպես մեդիահոգեբան, նրանց վերաբերվող թեմաներում ի՞նչն եք համարում խնդրահարույց և ըստ Ձեզ, Հայաստանյան եթերում կա՞ն հաղորդումներ, որոնք վնասում են երեխաներին  (խեսքը վերաբերում է թե՛ ներգրավված, թե՛ դիտող երեխաներին):

-Հաճախ երեխաները պատկերվում են իրենց համար ոչ այնքան շահեկան դիրքերից: Օրինակ՝ կան հաղորդումներ, որոնք թիրախավորում են երեխաների սոցիալական վիճակը, շեշտադրում անապահովությամբ պայմանավորված նրանց՝ դպրոց չհաճախելու հանգամանքը, ինչն այդ պահին գուցե խնդիր է և լուծման կարիք ունի, սակայն երբ երեխան թիրախավորվում է, շրջապատում վերջինիս շարունակում են հիշել որպես անձի, ում այս կամ այն հաղորդման շրջանակներում պատկերել են որպես անապահովություն ունեցողի: Երեխան այդ ամենը, բնականաբար, չի հասկանում, գուցե ծնողը՝ նույնպես, քանի որ երեխաներն անմիջական միջոց են դառնում օգնություն հայցելու համար, սակայն նմանօրինակ կոնտենտ հանրայնացնող լրատվամիջոցներն ու լրագրողները պարտավոր են հաշվի առնել հոգեբանական նուրբ պահը և երեխային ներկայացնել այնպես, որպեսզի չխախտվի հեգեբանաէթիկական մոտեցումը:

Օրինակ՝ «Սուր անկյուն» հաղորդման ժամանակ անապահովություն ունեցող երեխաների մասին խոսելիս լրագրողը խոսում է խղճահարություն արտահայտող ձայնով, ինչն ավելի է թիրախավորում երեխային, «Ես կամ» հաղորդման շրջանակներում երեխաներին պատկերավոր ներկայացնում են օգնության կարիք ունեցողի դերում, ով պետք է կարողանա հուզել հանդիսատեսին, և տպավորություն է՝ ով ամենաշատն է հուզում, ինքն էլ ընտրվում է որպես հերոս և այլն:

-Ի՞նչն է պատճառը, որ անապահով ընտանիքների մասին հաղորդումներում երեխաների մասնակցությունը առավել դիտողականություն ունի, օրինակ հենց  «Սուր անկյուն», «Ես կամ», «Կիսաբաց Լուսամուտներ» և նույնաբովանդակ այլ հաղորդումներում:​

-Գուցե կոպիտ է հնչում, բայց պատճառն այն է, որ բառի ամենաուղիղ իմասով երեխաների ներգրավմամբ «ներդրումը» կատարվում է հույզերի վրա, որի միջոցով, կարծես, փորձ է արվում մարդկանց էմոցիոնալ առումով ծնկի բերել:

-Իսկ այս ամենի հետևանքով ի՞նչ խնդիրների կարող է բախվել այդ երեխան արդեն հասուն տարիքում:

-​Երբ երեխայի մասնակցությամբ հանրայնացվում է հաղորդում, գուցե որոշ ժամանակ անց ինքն ու իրեն շրջապատող մարկիկ մոռանան դրա մասին, սակայն այն, ինչ մեկ անգամ մտնում է համացանց, այնտեղից դուրս գալու շանսեր այլևս չունի: Տվյալ տեղեկատվությունը տարիներ անց ինքն իրեն կարող է վերարտադրել՝ արդյունքում ավելի շատ վնասելով երեխային, քան տվյալ հաղորդման շրջանակում ցուցաբերված օգնությունն է եղել:

-Ըստ Ձեզ, ի՞նչն է պատճառը, որ չի կասեցվում այն հաղորդումների հեռարաձակումը, որոնք խախտում են երեխաների իրավունքները:

-Պատճառները շատ են. նման հաղորդումներն ունեն բարձր դիտելիություն՝ շնորհիվ հուզական նրբերանգների, երբ հարցը երեխաներին է վերաբերում, օգնության ձեռք մեկնողների թիվն ավելի շատ է լինում, ոչ բոլորը գիտեն նման հաղորդումներում երեխաների իրավունքների և լավագույն շահի գործոնի մասին և այլն, և այլն:

-Ի՞նչ եք կարծում, եթե խախտում կատարած ԶԼՄ-ները պատասխանատվություն կրեին, այսօր պատկերը այլ կլիներ:

​-Միանշանակ ասել չենք կարող, քանի որ երբեմն հոգեբանաէթիկական խախտումների հիման վրա կառուցված հաղորդումների շահն առավել մեծ է լինում, քանի պատասխանատվության արդյունքում վերջիններիս կորցրած գումարը:

-Եվ վերջում, ըստ Ձեզ, հայաստանյան եթերում կան երեխաներին առնչվող կամ նրանց մասին հաղորդումներ որոնք կհամարեք օրինակելի, որո՞նք են և ինչու՞:

 ​-Գուցե կան, բայց չեմ հանդիպել նման հաղորդումների:

Առհասարակ հայաստանյան մեդիադաշտը ողողված է երեխաների մասին հաղորդումներով և թողարկումներով, որոնք իրենց ֆորմատով կամա թե ակամա խղճահարություն են առաջացնում ցուցադրվող երեխաների հանդեպ։ Իսկ նմանատիպ հրապարակումները ունեն բարձր դիտողականություն և  տպավորվում են հասաակության  մեջ՝  ձևավորելով կարծրատիպեր,  ինչպես նաև կարծիք՝  թե այդպիսի հրապարակումները ունեն բացառապես դրական միտում և ազդեցություն։

Հարցազրույցը՝ Մանուշակ Մելքոնյանի

4-րդ կուրս

Կիսվել