Յուրաքանչյուրի կողմից իրականացվող համալիր գործառույթները կարող են տալ անհրաժեշտ արդյունք. Մարիամ Հովեյան

Յուրաքանչյուրի կողմից իրականացվող համալիր գործառույթները կարող են տալ անհրաժեշտ արդյունք. Մարիամ Հովեյան

188

Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի ծավալած գործունեության, գրանցած հաջողությունների, ոլորտի բարելավման և առաջիկա ծրագրերի մասին զրուցել ենք կրթական և ընտրական ծրագրերի տնօրեն Մարիամ Հովեյանի հետ:

-Ի՞նչ գործունեություն է ծավալում ԹԻՀԿ-ն:

-Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնը Հայաստանում գործում է 2001թ-ից, և հիմնական առաքելությունը լավ կառավարման, ժողովրդավարական գործընթացների խթանումն է, կոռուպցիայի դեմ պայքարը համակարգային իմաստով, այսինքն՝ կազմակերպության ջանքերն ուղղված են տեղական և ազգային մակարդակերում համակարգային փոփոխությունների և ոչ թե անհատական, առանձին կոռուպցիոն բնույթի դեպքերի հետազոտմանը կամ շահերի պաշտպանությանը: Գործունեության ուղղությունները բազմաշերտ են՝ սկսած  կոռուպցիայի կանխարգելումից մինչև հանրային ռեսուրսների և ծառայությունների վերահսկողություն, քաղաքական համակարգի և ընտրությունների վերահսկողություն, քաղաքացիական հակակոռուպցիոն կրթության կազմակերպում, այսինքն՝ համալիր միջոցառումներ տարբեր ոլորտներում, որոնք հնարավորինս կնպաստեն կոռուպցիայի նվազեցմանը Հայաստանում:

-Ի՞նչ հաջողություններ է մինչ այս գրանցել կազմակերպությունը:

-Կազմակերպության հաջողությունները շատ են, կարծում եմ՝ թվերը ավելի խոսուն են: 23 տարիների ընթացքում 100-ից ավել ծրագրեր են իրականացվել, որոնք նպաստել են թափանցիկ, հաշվետու կառավարմանը, 4500-ից ավելի մարդիկ են մասնակցել մեր կրթական սեմինարներին և դասընթացներին, 5000-ից ավել մարդիկ են մասնակցել մեր դիտորդական առաքելություններին, որոնք կազմակերպել են թե՛ տեղական, թե՛ ազգային ընտրությունների ժամանակ, որոնց միջոցով բարելավվել է ընտրական համակարգը և, իհարկե, երաշխավորվել է ազատ, արդար, թափանցիկ ընտրությունների անցկացումը:

Բազմաթիվ հետազոտություններ են մշակվել, քննարկումներ իրականացվել, հրապարակվել 120-ից ավելի զեկույցներ, ունեցել ենք օրենսդրական առաջարկներ, որոնք ներառվել են համապատասխան իրավական ակտերում, որոնք էլ իրենց հերթին նպաստել են կոռուպցիոն ռիսկերի նվազեցմանը:

-Ըստ Ձեզ, լրատվամիջոցները նպաստու՞մ, թե՞ խոչընդոտում են կոռուպցիայի դեմ պայքարին, ինչու՞:

-Լրագրողները և լրատվամիջոցները միանշանակ հզոր գործիք են կոռուպցիայի դեմ պայքարում և հատկապես անկախ, թափանցիկ, հաշվետու լրագրությունը: Հետաքննող լրագրողների դերն է անուրանալի այս գործում, իրենց բացահայտումները, հետաքննությունները կոռուպցիայի հետ կապված բարձրաձայնում են հանրային հնչեղության հարցեր և հաճախ հիմք են հանդիսանում պատկան մարմիններին ազդակներ ուղարկելու, իրավապահ մարմինների կողմից հետաքննություններ սկսելու:

Մենք նույնպես շատ ենք կարևորում մեր կազմակերպության և լրագրողների համագործակցությունը: Այս համատեքստում մենք պարբերաբար կազմակերպում ենք լրագրողների վերապատրաստումներ՝ ինչպես լուսաբանել կոռուպցիոն թեմայով և մի քանի օր տևողությամբ դասընթացների արդյունքում լրագրողները սովորում են ճանաչել կոռուպցիան, հասկանալ դրա տեսակները, պատճառներն ու հետևանքները և սովորում են՝ ինչպես ճիշտ ներկայացնել թեման, նաև իրականացնում ենք փորձի փոխանակումներ՝ փորձառու լրագրողները կիսվում են իրենց գիտելիքներով ոլորտում դեռ նոր լրագրողների հետ:

-ԹԻՀԿի կողմից հրապարակված 2023 թվականի ինդեքսը ցույց է տալիս, որ Հայաստանի կոռուպցիայի ընկալման համաթիվն այս տարի 47 է՝ նախորդ 46-ի փոխարեն։ Ըստ Ձեզ, պետությունում գործող մի քանի հակակոռուպցիոն մարմինների առկայությունը ինչու՞ չի նպաստում այս սանդղակում մեր դիրքի բարելավմանը:

-Սա իրոք մտահոգիչ է: Սանդղակում ավելի բարձր դիրք գրավելու համար անհրաժեշտ են կոռուպցիայի դեմ պայքարի համալիր միջոցառումներ. ոչ միայն օրենսդրական բարեփոխումներ, ռազմավարության մշակում, այլ նաև դրանց արդյունավետ կիրառում: Միայն սրա արդյունքում կարող է ընկալումը և փաստացի պատկերը փոխվել, նաև հակակոռուպցիոն մարմինների ամբողջական գործունեության, լիազորությունների լիարժեք կատարման արդյունքում կարող է դրական տեղաշարժ նկատվել: Դրանց հիմնադրման առաջին տարիններին կային ռեսուրսների և լիազորությունների պակաս, սակայն այդ փուլն այժմ կարելի է ասել հաղթահարված է, և հանրությունը կարող է պահանջել, որ այդ կառույցները ավելի լավ ցուցանիշներ գրանցեն կոռուպցիայի դեմ պայքարում՝ յուրաքանչյուրն իր պատասխանատվության մասով: Կարևոր եմ համարում նշել, որ չպետք է սահմանափակվել միայն այդ կառույցներով, աշխատանք ունեն անելու նաև օրենսդիր, գործադիր, դատական համակարգերը, դա կլինի վերահսկողական, օրենսդրական կանխարգելիչ գործառույթների իրականացում, դատական համակարգի բարեվարքություն: Յուրաքանչյուրի կողմից իրականացվող համալիր գործառույթները կարող են տալ անհրաժեշտ արդյունքը: Այս ամենը պետք է զուգակցվի իրազեկման աշխատանքներով՝  հակակոռուպցիոն կրթական նախաձեռնություններով:

-Կպատմե՞ք՝ առաջիկայում ի՞նչ նոր ծրագրեր եք նախատեսում իրականացնել:

– Մեր առաջիկա ծրագրերի մասին կարելի է տեղեկանալ մեր պաշտոնական կայքին և ֆեյսբուքյան էջին հետևելով:

https://www.transparency.am/

https://www.facebook.com/TIArmenia

Կառանձանցնեմ հակակոռուպցիոն կրթական ծրագրերը.  աշակերտների համար հասարակագիտություն առարկայի շրջանակներում նախատեսվող ձեռնարկը, որը կտրամադրվի ուսուցիչներին, ովքեր կանցնեն վերապատրաստում, որպեսզի իրազեկեն կոռուպցիայի վտանգների մասին, կշարունակվեն իրականացվել հակակոռուպցիոն տարբեր դասընթացներ թիրախային խմբերի, ուսանողների, լրագրողների, իրավաբանների համար:

Կշարունակենք մշակել կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում օրենսդրական բարեփոխումների առաջարկներ, որոնք էլ կներկայացվեն համապատասխան լիազոր մարմիններին:

Առաջիկա ծրագրերից է կուսակցությունների ֆինանսավորման թեմատիկայով ձեռնարկի հրապարակումը, որը կօգնի այս դաշտում բարձրացնել թափանցիկությունը, իրազեկել թե՛ կուսակցություններին, թե՛ ընտրողներին, թե՛ հասարակական կազմակերպություններին էլ ավելի բարեվարք կուսակցական համակարգ ստեղծելու հետ կապված:

Շատ այլ նախաձեռնություններ էլ կան, որոնց մասին կարող եք տեղեկանալ մեր կայքէջից:

Հարցազրույցը՝ Մարիամ Վարդանյանի

4-րդ կուրս

Կիսվել