Կինը՝ բանակում

Կինը՝ բանակում

180

2023 թվականի ապրիլի 21-ին ՀՀ կառավարությունը ընդունեց նախագիծ, ըստ որի, Հայաստանում կանայք ցանկության դեպքում հնարավորություն կունենան վեցամսյա զինվորական ծառայություն անցնել։ ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, որ կանանց համար զինվորական ծառայությունը կամավոր է լինելու. «Արդեն զինվորական ծառայության զորակոչված քաղաքացիների համար սահմանվում է պարտադիր զինվորական ծառայության վեցամսյա ժամկետ»,- նշեց նախարարը։ Կանանց ծառայությունը կազմակերպվելու է բացառապես ուսումնական զորամասերում։

Հասկանալու համար, թե կանայք որքանով են պատրաստ ծառայության անցնելու, հարցում անցկացրինք։ Հարցմանը մասնակից 60 հոգուց 43-ը դրական արձագանքեցին կանանց ծառայության մեկնելուն, իսկ 12-ը՝ պատրաստ են կամավոր ծառայության։ Վերջիններս «Պատանի երկրապահ» ակումբի անդամներ են։

Ինգա Մանուկյանը 13 տարեկանից «Պատանի երկրապահ» ճամբարի անդամ է, գիտի զենքի հետ ինչպես վարվել, ասում է՝ տղաներից էլ արագ է զենք քանդում-հավաքում. «Մեր տոհմում շատերը զինվորականներ են, տատս էլ եղել է կամավոր, այդ պատճառով ծնողներս չզարմացան իմ՝ կամավոր զինվորական ծառայության անցնելու գաղափարից։ Համազգեստից սկսած, զորավարժություններից վերջացրած գրավել է բանակային կյանքը։ Քանի որ ճամբարում բոլորս համազգեստով ենք, սովորել ենք բանակային կյանքի կանոնները, գիտեմ՝ ինչպես է անցնում զինվորի օրը, ուզում եմ «մտացածին» զորամասից բացի ծառայել նաև իսկական զորամասում»։

Հարցվողներից ոմանք դժվարությամբ են պատկերացնում, թե ինչպիսին է բանակային կյանքը և որքանով է այն հարմար կնոջ առօրյային։ Գայանե Գրիգորյանը այն վտանգավոր միջավայր է համարում կնոջ համար. «Բանակը կոփում է մարդուն, ուժեղացնում թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես։ Կանայք հոգեպես խիզախ են, թող տղամարդկանց մնա ֆիզիկական ուժը։ Եթե կինը անհրաժեշտ է զորամասում, էլ չեմ ասում պատերազմի դաշտում, ապա զինվորներին կերակուր պատրաստելու, վիրավորներին օգնելու համար։ Կինը կռվի դաշտում արդեն թիրախ է, խոցելի է թե՛ սեփական տարածքում, թե՛ թշնամու կողմից»։

Բանակում կանանց ծառայելու վերաբերյալ արձագանքները միանշանակ չեն։  Տղամարդկանցից ոմանք այն բնորոշեցին որպես «ամուր թիկունք», ոմանք էլ՝ «ծաղրի խթան թշնամու կողմից»։ Սակայն այս ամենին զուգահեռ նաև պետք է նկատի ունենալ՝ արդյոք կան համապատասխան պայմաններ (հիգիենա, հարմարավետ համազգեստ, սնունդ, պատսպարան և այլն)։

Կին ռազմիկի կերպարի ներկայացումը որոշ դեպքերում կարող է առավելապես քարոզչական բնույթ կրել և ծառայել որպես ժամանակակիցներին կամ սերունդներին ոգեշնչելու միջոց։ Միաժամանակ կարող է ժողովրդագրական ճգնաժամի պարագայում նախապայմաններ ստեղծել նաև պատերազմի  ներգրավման համար։ Յուրաքանչյուրի դեպքում էլ կին ռազմիկների անգամ կիսաառասպելական կերպարների օգտագործումն արդարացված է քաղաքականության տեսանկյունից, որը հասարակական հանդուրժողականության համար նախադրյալներ է ստեղծում։ Հարցը նաև առնչվում է ֆեմինիզմին, ինչը ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի ասիստենտ, փոխգնդապետ Ալեքսանդր Ավետիսյանը  բաժանեց 3 տեսակի. «Ազատական ֆեմինիստները իրավաբանորեն փորձում են ամրագրել կանանց և տղամարդկանց հավասարությունը, սակայն անտեսում են սեռերի ֆիզիոլոգիական-մարդաբանական օբյեկտիվ տարբերությունները։ Արմատական ֆեմինիստները տարանջատում են սոցիալական խմբի անդամներին. հերքում են կոնսենսուսի առկայությունը և տղամարդկանց «հակառակորդ» հայտարարում։ Առավել ողջամիտ է մշակութային ֆեմինիզմը, որը հենվում է սեռերի օբյեկտիվ տարբերությունների ընկալման և կանանց ուժեղ կողմերի օգտագործման վրա։ Այն փաստացի առաջարկում է ոլորտներ, որտեղ կին զինծառայողներն առավել հեշտ կարող են ինտեգրվել»։

Դիտարկելով ինչպես Հայաստանի, այնպես էլ տարբեր երկրներում կին զինծառայողների վերաբերյալ արական սեռի զինծառայողների շրջանում իրականացված հարցումները՝ կարելի է ընդհանրացնել հետևյալը. հիմնականում տղամարդ զինծառայողների վերաբերմունքը կանանց ծառայության վերաբերյալ դրական է։  Որքան բարձր է տղամարդ զինծառայողի կրթական մակարդակն ու զինվորական կոչումը, այնքան ավելի դրական է նրանց վերաբերմունքը կանանց զինծառայության վերաբերյալ։

 Տղամարդ զինծառայողները որոշ կին զինծառայողների մոտ չեն ընդունում կանացիության միտումնավոր կորուստը. նման կանայք փորձում են կրկնօրինակել տղամարդկանց կերպարն ու վարքը։

Ըստ ԵՊՀ Սոցիոլոգիայի ֆակուլտետի կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանի՝ եթե տղամարդ զինծառայողն այնպիսի ընտանիքից է, որում կնոջ դերը ստորադասված է, ապա հավանական է, որ այդ զինծառայողը նաև բանակում դրսևորի անհավասար վերաբերմունք զինծառայող կանանց հանդեպ. «Անհրաժեշտ է բանակում զինծառայողների հետ իրականացնել համապատասխան տեղեկատվական, նաև կանխարգելիչ աշխատանք՝ ուղղված սեռական խտրականությունների դեմ»։

Ու քանի որ կանանց ներգրավումը զինված ուժեր այլևս իրականություն է, անհրաժեշտ է մշակել ԶՈՒ-ում կանանց ներգրավման, ռազմական կրթության, հատուկ ուսուցման և վարժանքների, նաև անհրաժեշտ վերապատրաստումների համակարգ, փոփոխել զինված ուժերում կանանց ծառայության վերաբերյալ կարծրատիպերը, երաշխավորել նրանց ազատ կարծիք հայտնելու և դրանք ընդունելու համար անհրաժեշտ նախապայմանները։ Ռազմական փորձագետները վստահ են՝ այս հարցերի լուծման ճանապարհին կարևոր է նաև միջազգային լավագույն փորձի ուսումնասիրությունը և դրանց տեղայնացմանն ուղղված քայլերի ձեռնարկումը։

Լենա Վարդանյան

4-րդ կուրս

Կիսվել