-Ինչպե՞ս կգնահատեք արտակարգ իրավիճակները լուսաբանելու հայաստանյան ԶԼՄ-ների կարողությունները եւ մակարդակը:
-Ցավալի պատասխան է սպասվում։ Այսօր չկա միասնական փորձագիտական դաշտը, չկա մասնագիտացված լրագրողական պատասխանատվության ընդհանուր գիտակցումը, էթիկան ոտնահարվում է, լրագրողները չեն տիրապետում արտակարգ իրավիճակների լրատվության սկզբունքներին և ամենակարևորը, որ այսօր մեր լրատվական դաշտը լցված է չարությամբ, մեղադրանքներով, անիմաստ ահ ու սարսափով և խուճապով։ Այս ամենի արդյունքն այն է, որ մի կողմից կաղում է պետության տեղեկատվական քաղաքականությունը, մյուս կողմից էր լրատվական դաշտը շատ է քաղաքականացվել։ Եթե նախկինում հնարավոր էր պետական տեղեկատվական քաղաքականությանը ճեղքել առանձին շահեր սպասարկող լրատվամիջոցներին, ապա հիմա շատ ավելի է լրատվական դաշտը մասերի բաժանվել, և այն լրատվությունը որը անհրաժեշտ է հանրությանը որպես օգնություն, որպես իրազեկում՝ բացակայում է մեր հեռուստատեսությունից։
-Որո՞նք են հայ լրագրողների հիմնական խնդիրներն ու թերությունները արտակարգ իրավիճակներ լուսաբանելիս:
-Արտակարգ իրավիճակներ լուսաբանելու համար անհրաժեշտ է, որ լրագրողը տարական գիտելիք ունենա։ Հստակ պետք է նշվի՝ ինչ է տեղի ունեցել, պետական կառավարման մարմինները ինչ միջոցներ են ձեռնարկում և ինչ պետք է անի բնակչությունը։ Արտակարգ իրավիճակների լրատվությունը խուճապը կանխելու և արդյունավետ միջոցներ մշակելու համար այս երեք սյուների վրա պետք է հիմնված լինի։ Այստեղ կարևոր է սովորելու կարողությունը, լրագրողը պետք է չվնասի բնակչությանը, կարողանա ճիշտ և գրագետ ձևակերպումներ տալ իրավիճակին և օգտագործել ճիշտ տերմիններ։ Այսօր կարևոր է միջազգային փորձի ուսումնասիրությունը, նաև համեմատությունները կառավարման մարմինների արձագանքին և բնակչության վարքականոններին։
-Ինչպիսի՞ հատկանիշներ եւ գիտելիքներ պետք է ունենա արտակարգ իրավիճակներ լուսաբանող լրագրողը:
-Թե՛ արտակարգ իրավիճակներ լուսաբանող լրագրողը և թե՛ ցանկացած ոլորտի լրագրող պետք է ունենա իր մեջ պրոֆեսիոնալիզմ։ Լրագրողը կարող է շատ լավ տիրապետել թեմային, ունենալ բավարար կրթվածության աստիճան, սակայն իր աշխատանքը պրոֆեսիոնալ մակարդակով չկատարի։ Գիտեք, Միջազգային փորձն ուսումնասիրելը շատ մեծ գիտելիք կարող է տալ լրագրողին։ Լրագրողը չպետք է հիմնվի միայն ձեռքի տակ ունեցած պաշարով, պետք է փնտրի նորը, ակտուալը։ Իսկ արտակարգ իրավիճակներ լուսաբանող լրագրողը բացի այս հատկանիշները, պետք է հոգեբանորեն պատրաստ լինի ցանկացած աղետի լուսաբանման, պետք է սթրեսակայուն լինի։ Իհարկե, այս հատկանիշները լրագրողը միայն կրթվածությամբ չի կարող ձեռք բերել, բայց պետք է իր ստացած գիտելիքը օգտագործի գործնականում և մեկ, երկու փորձ հետո կհասկանա, թե որքան անհրաժեշտ էր իրեն միջազգային փորձի իր ուսումնասիրությունները։
-Հիմնականում ինչպիսի՞ սխալներ եք նկատում լրագրողների աշխատանքում բնական աղետների լուսաբանման ընթացքում:
-Ես տասնյակ տարիների ընթացքում ստեղծել եմ անհրաժեշտ նյութեր աղետների լուսաբանման առանձնահատկությունների մասին՝ հիմնվելով մասնավորապես միջազգային փորձի վրա։ Ամենակարևոր ինֆորմացիան, որ լրագրողը պետք իմանա օրինակ երկրաշարժի ժամանակ դա՝ ինչ է մագնիտուդը, ինչ է բալը, որոնք են այդ երկու տերմինների տարբերությունները։ Այսօր շատ լրագրողներ չեն տիրապետում այդ տերմինալոգիային, և արդյունքում բնակչությունը ևս չի կարող տարբերակել այդ երկու տերմինները։ Առհասարակ, երկրաշարժ լուսաբանելու համար 25-30 րոպե է անհրաժեշտ որպիսի մասնագետները Սեյսմիկում մշակեն և ճշտեն, թե երկրաշարժը որտեղ է տեղի ունեցել և ինչ մագնիտուդով։ Եթե լրագրողը ունենա տարական գիտելիք և այս փոքրիկ մանրամասնություններին տիրապետի, մենք համացանցում քիչ կհանդիպենք անորակ նյութերի։
-Որքանո՞վ է բնակչությունը իրազեկված աղետների դեպքում ճիշտ վարք ցուցաբերելու մասին։
-Շատ կարևոր է, որ յուրաքանչյուր հաստատություն և կազմակերպություն նպաստի այդ ամենին։ Համալսարաններում կամ դպրոցներում հաճախ ուսումնական տագնապներ են կազմակերպվում, բայց գրեթե ոչ ոք այդ ամենին լուրջ չի վերաբերվում, նույնիսկ լսարաններից դուրս չեն գալիս։
Կարևորագույն մի խնդիր է, որ լրատվամիջոցների համար դրոշակ պետք է դառնա դիմակայնության կանխարգելման մշակույթի ներդրումը մեր երկրում, մանկապարտեզից սկսած։ Դու գազի անվտանգության կանոնները չես պահում, կենցաղային անվտանգության կանոնները չես պահում, ճանապարհային երթևեկության անվտանգության կանոնները չես պահում։ Փոքր և աննշան դետալներ են թվում, բայց այս ամենը ձևավորվում է անվտանգության մշակույթի ոտնահարումից, որը դարձյալ նշեմ, որ կախված է յուրաքանչյուրից։ Մենք ինքներս պետք է նպաստենք աղետների դեպքում մեր իրազեկվածությանը։
-Կարծում եք արդյոք, որ արտակարգ իրավիճակներ լուսաբանելու համար լրագրողները պարտավոր են հատուկ դասընթացներ անցնել եւ ստանալ հավաստագիր:
-Պարտավոր են, և պարտադիր է, ցավոք, այսօր շատ քիչ են նման դասընթացները։ Նման դասընթացների ընթացքում շատ կարևոր է, որ դասընթացի մասնակիցների կողքին լինեն Կառավարման մարմնի լրատվության պատասխանատու, գազի, ջրի, ատոմակայանի, էներգետիկայի, ոստիկանության և ԱԱԾ մասնագետ։ ժամանակին ես այդ ամբողջ ցանցը ստեղծել էի․ ո՞վքեր են արձագանքում, ո՞վքեր են տուժում, ո՞վքեր են ներգրավվում։ Լրագրողը պետք է հասկանա տվյալ աղետի դեպքում իրեն ինչ է անհրաժեշտ և ում հետ պետք է աշխատի։ Արտակարգ իրավիճակների ժամանակ լրատվության բանալին գտնվում է պետության ձեռքում։ Այս ամենը կախված է պետական մարմիններից։ Շատ կարևոր է, որ ընդհանուր դաշտ լինի, որտեղ դու կներկայացնես քո պահանջները։ Ես, երբ ոլորտի մասնագետ էի, անդադար լսում էի թե լրագրողներին ինչ է պետք տվյալ իրավիճակում, որն է իրենց պահանջը։ Այդ իսկ պատճառով պետության լրատվության պատասխանատուն և լրագրողը պետք է ընկեր լինեն և միասին գործակցեն, որպիսի կարողանան օգուտ տալ հանրությանը։ Այսպիսով եզրակացնում ենք, որ եթե արտակարգ իրավիճակները լուսաբանելու համար դասընթացներ չկազմակերպվեն, ապա այս մանրամասնությունները հասանելի չեն լինի տասնյակ լրագրողների, ովքեր ցանկանում են աշխատել հենց արտակարգ լրատվության ոլորտում։
-Ուրիշ ի՞նչ խնդիրներ եք տեսնում տեղեկատվության ճգնաժամային կառավարման ասպարեզում Հայաստանում։
-Տեղեկատվական կառավարման ասպարեզը գտնվում է ճգնաժամային իրավիճակում, քանի որ պետական տեղեկատվական հոսքը լավ չի կառավարվում, և մյուս կողմից էլ աղճատված է քաղաքական և հանրային դաշտը, որը արտացոլվում է տեղեկատվական դաշտի վրա։ Ստեղծված է լրատվամիջոցների էթիկայի պահպանման հանձնաժողով, որտեղ բողոքում են տարբեր լրատվամիջոցներից և դրանց աշխատանքից, բայց խախտումներն այնքան շատ են, որ այդ բողոքները արդեն անարդյունավետ են, որովհետև ընդհանուր դաշտը պետք է մաքրվի, և ամեն ինչ գալիս է պետության տեղեկատվական քաղաքականությունից։ Հենց պետությունն է ի վիճակի կարգավորել և մաքրել այս դաշտը, բայց երբ պետությունը չի նպաստում այդ ամենին, արդեն անհնար է կարգավորել ստեղծված իրավիճակը։ Այնպես որ հիմնական խնդիրը գալիս է հենց պետական տեղեկատվական քաղաքականությունից։
Հարցազրույցը՝ Սիլվի Սիրականյանի
4-րդ կուրս