Մեղվիկ Մարիամը, Հաթերքում թողած փեթակներն ու նոր թափ ստացած մեղվապահությունը

Մեղվիկ Մարիամը, Հաթերքում թողած փեթակներն ու նոր թափ ստացած մեղվապահությունը

296

Արցախի Հաթերք գյուղում ծնված և մեծացած Մարիամը, Մեղվիկ անունով գիտեն շատերը,  Արցախում է թողել իր ընտանիքի խոշոր մեղվապահական տնտեսությունը, գործարանը, հյուրատունը և տեղափոխվել Հայաստան։  Նա ընդամենը 15 տարեկան է եղել, երբ իր ընտանիքը որոշել է պապի քաշած մեղրը բրենդավորել Haterk Food անվան տակ ու իրացնել արդեն գյուղից դուրս։ Եվ հենց այդ ժամանակվանից էլ սկսել են Մարիամի առաջին քայլերը  բիզնեսում։

-Մեղվաբուծությունը մեր ընտանիքում 150 տարվա պատմություն ունի։ Պապիկիս պապիկը մեր գյուղի առաջին մեղվաբույծներից մ՝եկն էր, իր գործը շարունակել էր պապիկս, իսկ մենք շարունակում ենք պապիկիս կիսատ թողածը։ Մեղվապահությունը բիզնեսի վերածելու գաղափարը առաջացել էր 2018 թվականին, երբ ուսումնասիրում էինք ԳՄՕ պարունակող մթերքների բացասական ազդեցությունը մարդու օրգանիզմի վրա։ Իսկ մեզ շրջապատող աշխարհում նման մթերքները բազմազան են։ Որոշեցինք ստեղծել մի պրոդուկտ, որը կպարունակի բնական վիտամիններ, կլինի առանց որևէ հավելումների։ Բժիշկների ու սննդաբանների հետ երկար քննարկումների արդյունքում ստեղծվեց «ընդեղենով մեղր» էներգետիկ պրոդուկտը, որն իր մեջ պարունակում է մեղր և 9 տեսակ ընդեղեն։ Հետագայում արդեն տեսականին ընդլայնվեց և հիմա ունենք 25 տեսակի մեղր։

Հաթերքը մեղրի բրենդի արտադրական ծավալները ընդլայնվել են նախ Արցախի Քարվաճառի ու Մարտակերտի շրջաններ, ապա նաև Լոռվա, Տավուշի, Կոտայքի ու Շիրակի մարզեր։ Այս բրեդն այսօր միջազգային հաջողություններ ունի այնպիսի երկրներում, ինչպիսիք են Քաթարը, Արաբական Էմիրաթները, Լոնդոնը, Ֆրանսիան, Սլովակիան և այլն։

-Այժմ թիմով աշխատում ենք միջազգային հարթակներում ներկայացնել Haterk Food-ը և աշխարհի տարբեր երկրներում պատմել հայկական մեղրի առանձնահատկությունների մասին։  Մեր միջազգային հաջողությունները օր օրի ավելանում են, նույնիսկ հաշիվն եմ կորցրել, թե քանի միջազգային ցուցահանդեսի ենք մասնակցել վերջին 3 տարիների ընթացքում։ Միայն 2024 թվականի հունվար-փետրվար ամիսներին աշխատանքի բերումով 9 երկիր ենք այցելել ու մասնակցել 3 խոշոր միջազգային ցուցահանդեսի։ Փորձությունները շատ էին, ու զարգացման ամեն փուլում բախվում էինք նոր խնդիրների, որոնցից փորձել ենք պատվով դուրս գալ ու դասեր քաղել, նույն սխալները չկրկնելու համար։

Մինչև 2020 թվականը Haterk Food-ն արտադրել է միայն արցախյան պրոդուկտներ։ 2020 թվականի կորուստներից, իսկ 2023-ին Արցախը ստիպված թողնելուց հետո էլ ընտանիքը չի ընկճվել։ Պատերազմից հետո որոշել են նոր ուժով գործը շարունակել։

-2020 թվականին ստիպված եղանք հասկանալ, որ աշխարհը չգիտի Արցախի մասին, ու առաջին խնդիրներից մեկն այն էր, որ արցախյան պրոդուկտները չէին արտահանվում։ Ու եթե մինչև 2020 թվականը միջազգային շուկա դուրս գալը մեր երկարաժամկետ պլանների մեջ էր մտնում, պատերազմից հետո միանգամից սկսեցինք վերականգնել կորցրածը  ու մտածել  արտահանման ուղղությամբ։ Փորձությունների ու խնդիրների բախվում ենք ամեն օր, բայց կարողանում ենք պատվով հաղթահարել դրանք։

Մարիամն ասում է, որ Հաթերքի կորստից հետո էլ Հաթերքի մասին աշխարհին պատմելը շարունակում է մնալ  գերնպատակ։ Haterk Food-ն արժանացել է 11 միջազգային մրցանակի իր բարձր որակի ու բրենդինգի համար։ Իսկ հաջողության գլխավոր  գրավականը, ըստ Մարիամի, սերն է։

-Սերը աշխատանքի ու թիմակիցների հանդեպ ստիպում է աշխատել ծանրաբեռնված գրաֆիկով ու չհոգնել։  Այս տարիների ընթացքում անքուն գիշերներ շատ ենք անցկացրել, որ հասնենք այն կետին, որտեղ հիմա ենք։ Միշտ ասում եմ, որ սիրահարված ենք Haterk Food-ին և այդ անմնացորդ սերն է ընկած հաջողությունների հիմքում։

Haterk Food-ը մեղրի ոլորտում մշակույթ տարածող է դարձել։ Ի սկզբանե ընկերությունը արտադրել է 12 տարբեր տեսակի մեղրեր Հայաստանի տարբեր տարածաշրջաններում, իսկ ամիսներ առաջ սկսել են նաև սպիտակ մեղրի և սուֆլե մեղրերի արտադրություն։ Այժմ ունեն սուֆլե մեղրի 12 տեսակ՝ մրգերով, հատապտուղներով ու դեղաբույսերով։ Անընդհատ կատարելագործվելն ու նորարար պրոդուկտներով հանդես գալը ընկերությունը համարում է իր առաքելությունը։

-Եթե մեր փոխարեն ուրիշ մեկը լիներ, գուցե մտածեր, որ էլ չի ստացվի ոչինչ, բայց մենք որոշեցինք 2-րդ անգամ մեկնել Քաթար։ Ու հենց առաջին օրը պատահաբար հանդիպեցինք Քաթարի գործարարներից մեկին, ում հետ նախորդ տարի էինք ծանոթացել, բայց չէինք էլ պատկերացնում, որ համագործակցություն կստացվի իր հետ։ Ընդամենը 1 շաբաթ անց կնքվեց պայմանագիրն ու առաջին խմբաքանակը արտահանվեց Քաթար։

2024-ի հունվարին, երբ Ֆրանսիա էին գնացել, մի քանի օրինակ մեղր են թողել Փարիզում՝ Paris Honey Award-ին ներկայացնելու համար։ Որոշ ժամանակ անց ամփոփվել են մրցույթի արդյունքներն ու նամակով հայտնել դրանց մասին։

-Շատ ծանրաբեռնված գրաֆիկով ճամփորդական շրջան էր, տարբեր միջազգային էքսպոների էինք մասնակցում, ու նամակներին ուշադրություն չէինք դարձել։ 1 ամիս անց Դուբայում էինք, ու պատահաբար Linkedin-ում նկատեցինք, որ Փարիզի մրցույթի կազմակերպիչը Դուբայում է։ Որոշեցինք հանդիպել, անձամբ ծանոթանալ։ Մոտ մեկ ժամ տարբեր թեմաներ էինք քննարկում, խոսում մեր հաջողությունների մասին։ Ու երբ հարցրեցինք, թե երբ կամփոփվի մրցանակաբաշխությունն, ասաց, որ մեզ պատասխան նամակ են ուղարկել արդյունքների վերաբերյալ ու իրենց կայքում հրապարակված է հաղթողների անունները։

Կայքը բացեցինք ու տեսանք, որ միանգամից 2 մրցանակ ենք շահել՝  որակի համար՝ ոսկե, բրենդինգի համար՝ պլատինե։

Թե կյանքում, թե բիզնեսում ռիսկի գնալը Մարիամը շատ է կարևորում։ Ըստ նրա ռիսկի չի գնում նա, ով ապրում է առանց նպատակների։

-Բիզնեսում առաջին քայլերը կատարողներին խորհուրդ կտամ երազել ու երազանքները դարձնել նպատակ։ Սահմանել կարճաժամկետ ու երկարաժամկետ նպատակներ ու վազել դրանց ետևից։ Չվախենալ սխալվելուց, կորուստներից ու ռիսկերից, որովհետև դրանք անընդհատ հետապնդում են բոլորիս:

Աննա Արզումանյան

Անաթառամ Բարսեղյան

4-րդ կուրս

Լուսանկարները՝ Haterk Food-ի ֆեյսբուքյան էջից

Կիսվել