Ընթերցողը նախապատվությունը տալիս է «Fast food»-ին. Դավիթ Ալավերդյան

Ընթերցողը նախապատվությունը տալիս է «Fast food»-ին. Դավիթ Ալավերդյան

202

Journalist.am-ի զրուցակիցն է Մեդիամաքս մեդիա ընկերության գլխավոր խմբագիր, Ժուռնալիստիկայի ֆակուլտետի Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի դոցենտ Դավիթ Ալավերդյանը:

-Որքա՞ն հաճախ եք լրատվադաշտում հանդիպում էսսեների. Ձեր կարծիքով ժանրն այսօր արդի՞ է։

-Հայաստանյան լրատվամիջոցներում էսսեների բավականին հազվադեպ եմ հանդիպում։ Էսսեների հանդիպում եմ հիմանականում ոչ լրատվական գործունեություն ծավալող կայքերում։ Օրինակ «Գրանիշ»-ում և «Գարուն»-ում։

-Ըստ Ձեզ՝ ինչու՞ այս ժանրի շուրջ ընթերցողների կողմից չկա մեծ հետաքրքրություն:

-Իմ կարծիքով հետաքրքրությունը պակասում է մի քանի պատճառով։ Նախ և առաջ մարդիկ այսօր նախապատվությունը տալիս են «fast food»-ին` այսինքն արագ ընթերցվող լուրերին։ Շատ հաճախ կարդում են միայն վերնագիրը և հաջորդող մի քանի տողը, իսկ էսսեները ընթերցողից պահանջում են հա՛մ ժամանակ, հա՛մ խորասուզվել և հասկանալ մարդկանց գրածները։ Երիտասարդները այժմ նախընտրում են կարդալ Ֆեյսբուքյան ստատուսները։ Եթե ընթերցողը ունենար պահանջ, այսօր լուրերի, ռեպորտաժների փոխարեն լրատվադաշտում կլինեին էսսեներ։

Երկրորդ պատճառը էսսեների ոչ լավ մակարդակն է։ Հաճախ կազմակերպում ենք էսսեների մրցույթներ, որոնց մասնակցում են տասնյակ, հաճախ նաև հարյուրավոր մարդիկ, և նրանց հրապարակած էսսեները ունենում են բազմաթիվ դիտումներ։ Ինչը փաստում է, որ ինչքան որակապես բարձր լինեն էսսեները, այնքան պահանջված կլինեն։

-Ի՞նչ է անհրաժեշտ անել՝ ժանրի հանդեպ հետաքրքրությունը մեծացնելու համար:

-Հետաքրքրությունը մեծացնելու համար պետք է հրապարակել հետաքրքիր, արդի թեմաներով էսսեներ։ Պետք է հրապարակվեն այնպիսի էսսեներ, որոնք կգրավեն մարդկանց սրտերը և կստիպեն մտածել ոչ միայն այսրոպեական հաճույքների կամ խնդիրների մասին, այլ մտածել կյանքի իմաստի, սիրո, հարակից այլ խնդիրների մասին։ Սրա շնորհիվ ընթերցողի  հետաքրքրություն կավելանա։

-Կարելի՞ է ենթադրել, որ նման տեմպերով ժանրը շուտով «կսպառի իրեն»:

-Չէի ուզենա այդքան հոռետես լինել, սակայն տեսնելով իրականությունը` կարող եմ ասել, որ ամեն ինչ գնում է infotainment։ Պատանիները  և երիտասարդները նախապատվությունը տալիս են սոցիալական ցանցերին, իսկ սոցիալական ցանցերում  ստատուսներն են, կարճ տեղեկատվական հրապարակումները։ Այնուամենայնիվ, պետք է համակերպվել այն մտքի հետ, որ ժամանակները արագանում են, մարդիկ շտապում են և նախընտրում են արագ տեղեկացվել և անցնել առօրյա աշխատանքին։

Հարցազրույցը՝ Մոնիկա Ավետիսյանի

4-րդ կուրս

Կիսվել