Առանց ստվերի ամառ՝ ծառահատված Երևանում

Առանց ստվերի ամառ՝ ծառահատված Երևանում

280

2024  թվականի գարնանը Երևանի քաղաքապետարանը ոչ այնքան հաճելի անակնկալ մատուցեց քաղաքի բնակիչներին: Առանց այն էլ անապատացող Երևանում, որտեղ օրեցօր ավելանում են շենքերն ու պակասում կանաչ տարածությունները, հերթական մասսայական ծառահատումն իրականացվեցին մի շարք փողոցներում՝ պատճառաբանելով, թե այդ ծառերն այլևս պիտանի չեն ու նորերը տնկելու կարիք կա: Թե որքանով են նոր ծառերը համապատասխան Երևանին, մեծ կասկածի տակ են դնում բնապահպաններն ու բնակիչները, իսկ մինչ դրանք կմեծանան բավականաչափ, որ լրացնեն նախորդների տեղը, երևանցիները ստիպված են քայլել կիզիչ արևի տակ՝ առանց ծառերի ստվերի:

Բնապահպան Սիլվա Ադամյանի համոզմամբ՝ Երևանի և երևանցիների համար քաղաքի կանաչապատման խնդիրը տասնամյակների պատմություն ունի:

Խորհրդային կարգերի փլուզումից հետո Երևանը կանաչապատման տեսանկյունից շատ լավ վիճակում էր, ինչի մասին փաստել են թե՛ գիտնականները, թե՛ բնապահպանները: Քանի որ Երևանը կիսաանապատային գոտում գտնվող քաղաք է, այդ իսկ պատճառով էլ սկսեցին տնկվել արհեստական անտառներ՝ էկոլոգիական տեսանկյունից քաղաքի բնակչության համար բարենպաստ դարձնելու համար:

90-ականներից հետո նախ սոցիալական անբարենպաստ պայմանների պատճառով, ապա կառուցապատման նպատակով հատվեցին արհեստական այգիները և պուրակները:

Այս գարնանը  լայնամասշտաբ ծառահատումներ են կատարվել Շենգավիթ վարչական շրջանի Բագրատունյաց պողոտայի Գարեգին Նժդեհի հրապարակից մինչև Արտաշիսյան փողոց, Կենտրոն վարչական շրջանի Թումանյան, Սարյան փողոցներից մինչև Աբովյան փողոց, Ալեք Մանուկյան փողոցից Սայաթ Նովա  և Չարենց փողոցներում:

Քաղաքապետարանին հասցեագրված մեր գրավոր հարցմանը, թե որն է ծառահատման նպատակը, Բնապահպանության բաժնի պետ Սիրարփի Հայկազյանը պատասխանել է. «Երևանի տարբեր վարչական շրջաններում կենսունակության ավարտին մոտ գտնվող, հիվանդ, տապալման վտանգ ունեցող մանրատերև թեղիները փոխարինվում են նոր, խոշորածավալ, տարբեր տեսակի ծառատեսակներով»։

Բնապահպան Սիլվա Ադամյանի խոսքով՝ մինչ այսօր նման մասսայական ծառահատումներ չեն եղել. «Բավական չէ, որ վերացրել էին կանաչ հատվածների մեծ մասը, հիմա էլ վերացնում են փողոցային ծառերը, որոնք առանց այն էլ շատ չէին: Ճանապարհի ծառերը երկար տարիների պատմություն ունեին։ Այո, եղել են ծառեր, որոնք կարելի էր հատել, քանի որ էլ պիտանի չէին, բայց դա կազմում էր 15%-ը, ոչ ամբողջը: Մենք հիմա հատում ենք ու փոխում անգամ ծառերի տեսակները, այն կաղնիները, հացենիները, որոնց սաղարթը պաշտպանում էր մարդկանց արևից, այդ ամբողջը հատվել է»:

Իսկ ի՞նչ ծառատեսակներով են փոխարինվելու և քաղաքի ո՞ր հատվածներում են իրականացվում ծառահատումներ։ Այդ հարցմանն էլ քաղաքապետարանից պատասխանել են. «Մանրատերև թեղիները փոխարինվել են ճապոնական սեֆերաներով, հուդայածառերով, մետաքսածառերով, կելրեյթերյաներով և արևելյան սոսիոներով»։

Արդյո՞ք այս ծառատեսակները համապատասխան են մեր քաղաքին և չի խաթարվի կենսաբազմազանությունը:

«Եթե մենք ունենք անգամ հիվանդ, անպիտան ծառեր, դրանք պետք է փոխարինել մեր երկրին համապատասխան ծառերով, ինչպիսին կաղին է, այսինքն՝ համեմատաբար շատ թթվածին տվող, բարձր ու սաղարթախիտ ծառերով: Այս հատումների ու փոխարինումների պատճառով խաթարվում է ամբողջ քաղաքի կենսաբազմազանությունը: Մենք, եթե զրկվենք այս ծառերից, ապա կզրկվենք մեր փչակաբնակ թռչուններից: Սակուրաները փոքր են և չեն կարող փոխարինել մեր ծառերին․ դրանք դեկորատիվ են, դիզայնի համար են»,- ասել է Սիլվա Ադամյանը:

Երևանում այժմ առկա է օդի աղտոտվածության շեղում: Շինարարական փոշին նորմայից շատ է, և ինչպես բնապահպաններն են նկատում, անգամ մի թեթև քամու ժամանակ տեսանելի է:

«Կիսաանապատային գոտում ենք, այդ պատճառով միշտ եղել են ու կլինեն քամիներ, բայց երբ կային ծառերը, արհեստական պուրակները, անտառները, դրանք պաշտպանում էին փոշուց էլ, արևից էլ, և մարդկանց առողջությունը համեմատաբար ավելի լավ էր»,- ասել է Սիլվա Ադամյանը:

Բնակչությունը ևս անհանգիստ է

Հասարակության շրջանում կան բողոքներ՝ կապված ծառահատումների հետ, ինչի մասին վկայում են մեր հարցումների արդյունքները: Բնակչության շրջանում հարցմանը մասնակցած 110 անձից միայն 78.2%-ն է տեղյակ եղել կատարվելիք գործողությունների մասին:

Հարցումով նաև փորձել ենք պարզել, թե ինչպես են բնակիչները վերաբերվում ծառահատումների իրարանցմանը: Առաջարկված պատասխաններ դաշտում ազատ վանդակում ոմանք հայտնել են իրենց կարծիքը:

«Դե երբ էլ տնկեն նոր ծառերը, միևնույն է, մինչև ամառ չէին աճի բավականաչափ։ Իսկ ճիշտ է, թե ոչ, ինքս չգիտեմ»:

«Որոշները փտած են»:

«Քանի որ դեռ չեն ծաղկել և արդյունք չենք տեսնում, դժվար է ասել՝ արդյոք պետք էր, թե ոչ, բայց կարծում եմ՝ նոր ծառերն ավելի ֆունկցիոնալ են ու ավելի լավ արդյունք են տալու, քան հները»:

Դեռ 2023 թվականի փետրվարի 23֊-ին Երևանի քաղաքապետարանում գիտական գիտաժողով է տեղի ունեցել, որին ներկա են եղել ոլորտի երեք տասնյակ գիտնականներ։ Գիտաժողովի ժամանակ ընդունվել է, որ ծառերի փոխարինումն անհրաժեշտություն է։ 2023 թվականին առաջին փոխարինվող փողոցը եղել է Մոսկովյանի մի հատված։ Այս տարի գարնանը վերսկսվել է աշխատանքները Շենգավիթ համայնքում։ Արդեն մարտի 23֊-ից մեկնարկել է Թումանյան փողոցի ծառերի փոխարինումը։ Ներկա պահին հատված 300 ծառերի փոխարեն տնկվել է 350 ծառ։

Զվարթ Ղազարյան

Միլենա Մկրտչյան

3-րդ կուրս

Կիսվել