«Ես ու ասեղնագործությունը իրար հետ մեծացանք». Ծովակ Կանթարջյանի կյանքի ու ստեղծագործական...

«Ես ու ասեղնագործությունը իրար հետ մեծացանք». Ծովակ Կանթարջյանի կյանքի ու ստեղծագործական ուղին

230

Տարիներ առաջ Հալեպից Երևան տեղափոխված Ծովակ Կանթարջիան-Օհանիանը, դժվար ճանապարհ անցնելով, որոշեց հաստատվել Հայաստանում և աշխարհին ցույց տալ հայկական մշակույթը ու սփռել իր աշխատանքներ ամբողջ աշխարհով։ Նրա հետ զրուցել ենք Հալեպից Հայաստան գալու և ապրանքանիշ ստեղծելու մասին։

-Հայաստան տեղափոխվելիս ի՞նչ դժվարություններ եք ունեցել։

-Մենք եկանք 15 օրյա այցելության, բայց հետո չկարողացանք վերադառնալ։ Անշուշտ բարդ էր տան, աշխատանքի, երեխաներին դպրոց տանելու հետ կապված խնդիրները։ Այդ ժամանակ ձմեռ էր, մենք նույնիսկ հագուստ չունեինք մեզ հետ։ Բարեկամներ չունեինք, շատ դժվարությունների միջով անցանք, մինչև կարողացանք ճանաչել մարդկանց, ու երկար ժամանակ պահանջվեց, որ ծանոթներ ձեռք բերենք։ Դժվարությունները կամաց-կամաց գնացին, երբ հասկացանք, որ սա էլ մեր հայրենիքն է, և մենք էլ այստեղ կարող ենք ապրել, աշխատել ու արարել, իհարկե սկզբում շատ չնչին գումարներով։

-Ինչպե՞ս ծագեց միտքը՝ ստեղծելու «Զովակ» ապրանքանիշը։

-Հալեպում բոլորս գրեթե գիտեինք ասեղնագործություն, բայց ես ավելի շատ էի սիրում, ուզում էի աշխատել այդ գործով։ Ես 12 տարեկանից աշխատել եմ։ Աշխատում էի սիրողական, ինձ համար, ծանոթներիս համար։ 1997 թվականին արվեստս դարձավ արհեստ։ Մի օր մենք հյուր ունեցանք մեր տանը, ով ինձ առաջարկեց աշխատել իր մոտ, և ես համաձայնեցի՝ առանց մտածելու դժվարությունների մասին։ Սկզբից բարդ էր, բայց հետո ամեն բան ինձ մոտ լավ ստացվում էր։ Հաճախորդներիս քանակը կտրուկ բարձրացավ, օժիտների վրա էի աշխատում։ Օր օրի ավելի էի վարպետանում, և այդպես ես ու ասեղնագործությունը իրար հետ մեծացանք։  Մոտավորապես 30 տարի է, ինչ աշխատում եմ, և կա իմ «Զովակ» ապրանքանիշը

-Ինչպե՞ս որոշեցիք Հայաստանում շարունակել ձեր ապրանքանիշի արտադրանքը։

-Ես օտար երկրներում շատ եմ աշխատել՝ Կանադաայում, Ամերիկայում, Լիբանանում, բայց երբ եկանք այստեղ, նույն հաճախորդներս սկսեցին նորից պատվիրել իմ աշխատանքները, իհարկե առաջին օրից չէ, բավական ժամանակ պահանջվեց, որ մենք մեզ գտնենք այստեղ, որովհետև չունեինք ոչինչ։ Հետո շարունակեցի գործս այստեղ նույն ձևով, նույն անունով։ Շատերը ասում էին, որ Երևանում ոչ-ոք ձեռագործ ապրանքներ չի գնում, բայց ես ասում էի՝ ես մի բան կանեմ։ Ժամանակի ընթացքում աշակերտներ ունեցա, ու նրանք ինձ ավելի մեծ ուժ տվեցին։

-Դուք ասեղնագործությամբ նաև արվեստի գործեր եք ստեղծում. մի փոքր կմանրամասնե՞ք:

Ես ասեղնագործում եմ, օրինակ, սփռոցների վրա, անկողինների վրա: Հալեպում այդպես էր, բայց ես նոր բան արեցի, սկսեցի շրջանակների մեջ դրված ասեղնագործած ասեղնագործություններ վաճառել։ Հետո սկսեցին նվերների համար ինձնից ապրանք գնել, այնուհետև եղավ այնպես, որ կնունքի համար նախատեսված շորերի վրա սկսեցի ասեղնագործել։ Կամաց-կամաց ծավալը մեծացավ, և այսօր շատ մեծ է տեսականին։ Ունեմ տան դեկորներ, բարձեր, շալեր, սփռոցներ, առօրյա հագուստների վրա եմ ասեղնագործում։ Միշտ զգացել եմ, որ հաճախորդների մոտ հատուկ տեղ ունի իմ ճաշակը ու իմ ձևը։ Շատերը, որ տեսնում են իմ գործերը, հասկանում են, որ դա Ծովակի գործն է։ Մի անգամ, երբ ցուցահանդեսի էի մասնակցել, տուն էի վերադարձել առանց մի կտորի, ամեն ինչ վաճառվել էր։

-Ինչքա՞ն ժամանակ է, որ աշակերտներ ունեք։

Ես շատ-շատերի եմ  դաս տվել։ Արդեն 25 տարի է, ինչ դասավանդում եմ իմ արվեստը։ Հալեպում կամավոր դպրոցներում էի դասավանդում, այդ ժամանակ էլ էին շատ իմ աշակերտները, բայց Հայաստանում արդեն շատ շատացան։ Մի քանի ամիս առաջ աշակերտներիս քանակը 200 էր, նոր խմբերիս ամեն մեկի մեջ 6-7 աշակերտ ունեմ, յուրաքանչյուրը մի քանի կարատեսակ է սովորում։ Ինձ համար փոխանցելը ամենամեծ հարստությունն է։ Ամեն գաղտնիքներով, ամեն մանրամասներով փոխանցում եմ գիտելքիներս։ Ուզում եմ, որ իմ աշակերտներն էլ սովորեն, վարպետանան և այս գործը շարունակեն։ Թող խղճով վարպետներ դառնան ու իրենք էլ փոխանցեն իրենց գիտելիքները։

-Որտե՞ղ են ցուցադրված ձեր արվեսի գործերը, և ինչպե՞ս կարող են մարդիկ ձեռք բերել դրանք:

Որոշ չափով Ծովակ անունը արդեն մարդիկ ճանաչում են և հենց իրենք գտնում են ինձ ու գործեր են պաատվիրում։ Նրանք վստահում են իմ գործին, գիտեն, որ ամենալավ որակի թելով, կտորով, օրինակի մաքրությամբ եմ աշխատում։ Հաճախորդները, մեկը մյուսին փոխանցելով իմ արած աշխատանքները, արդեն ճանաչում են ինձ. հիմա մեծ շուկա ունեմ։ Գործերս պատվիրելու համար ֆեյսբուքում և ինստագրամում ունեմ էջ։ Թեքեյան մշակութային միության հարթակում կան գործերս։ Նաև շատ եմ մասնակցում ցուցահանդեսների, այնտեղից ճանաչում են և սկսում պատվերներ անել։

Հարցազրույցը՝ Սիլվի Շահբազյանի

2-րդ կուրս

Կիսվել