Կաթնաջուր գյուղի ուսուցիչը

Կաթնաջուր գյուղի ուսուցիչը

668

«Ծնվել եմ 1967 թվականի սեպտեմբերի 20-ին, հայրս ու մայրս հասարակ, գյուղի մարդիկ էին։ Նախնական կրթությունս ստացել եմ Լոռու մարզի Կաթնաջուր գյուղում, հետո գնացի մայրաքաղաք ու ընդունվեցի ֆիզմաթ դպրոցը, դե դրանից հետո էլ տարան բանակ՝ Ուկրաինա», – իր մասին պատմում է ընկեր Ավագյանը։

Ծառայությունը ավարտելուն պես վերադարձել է և ուսումը շարունակել Հայաստանի ազգային ագրարային համալսարանում (գյուղ ինստիտուտում)։

«Ուսման տարիներիս շատ լավ էի սովորում. թոշակ էի ստանում։ Մեր ժամանակներում մենակ իմ կրթաթոշակով կարողանում էի Երևանում ապրել, սնունդ, հագուստ գնել, անգամ կարողանում էի խնայել ու ընտանիքիս օգնել»,- ժպիտով պատմում է իր ուսանողական տարիների մասին և ավելացնում,-«Գծագրություններ էինք անում, շատ բարդ էր, մեծ թղթերի վրա, մեծ կարկիններով։ Բարդ էր թե՛ գծագրությունը, թե՛ էդ ժամանակներում մեծ թղթեր ճարելը։ Էսօրվա պես հիշում եմ, եղբորս հետ մեծ կռիվ արեցինք էդ թղթերը փչացնելու պատճառով»,- ծիծաղով հիշում է ընկեր Ավագյանը։

Հարևաններից մի կին, ով գրեթե հասկակիցն էր Մանվել Ավագյանի, դպրոցական տարիներն է հիշում ու պատմում.

«Դե, մեր գյուղում բոլորս էլ անասուններ ունեինք, են ժամանակ տուն չկար, որ հորթեր չունենար։ Մանվելը հորթերին հանդը տանելիս գրքերով էր գնում, ամեն օր մի նոր գրքով էր հանդ բարձրանում»:

«1995-96 ուսմնական տարում էլ ընդունվեցի աշխատանքի Լոռու մարզի Կաթնաջուր գյուղի ավագ դպրոցում և մինչ օրս էլ աշխատում եմ նույն ջանասիրությամբ»,-ասում է ընկեր Ավագյանը

«Գյուղի աշխատանքները բարդ են, հայրս երբեք ծանր աշխատանքները չի թողել մորս։ Միշտ աշխատում է, վաղ առավոտից մինչև ուշ երեկո։ Առավոտյան իր սիրելի դպրոցն է գնում, երեկոյան, վերադառնալուն պես, փոխում շորերը ու շտապում գոմ։ Սիրում է անասնապահությամբ զբաղվել, այգի մշակել։ Սիրում է, որ տանը ամեն ինչ տնական է լինում։ Երեկոյան էլ, երբ թվում է` վերջ, արդեն հանգստի ժամն է, բացում է աշակերտների տետրերը ու սկսում գրավոր աշխատանքների ստուգումը, ընթացքում զայրանում, ժպտում, գլուխը տարուբեր անում»,-ասում է ավագ դուստրը` Ծաղիկը։

Դպրոցում աշակերտները խոստովանում են, որ շատ խիստ է ու շատ տնայիններ է հանձնարարում, բայց միևնույն ժամանակ ասում են, որ համայնքի լավագույն մանկավարժներից է։

«Շատ ենք սիրում ընկեր Ավագյանին, դպրոցում իր բացատրածը հերիք է թեման հասկանալու համար։ Շատ տնայիններ է հանձնարարում ու դրանք հատ առ հատ ստուգում: Սիրում ենք, երբ գոնե մի պահ դասից շեղվում ու հումորներ ենք անում, ինքն էլ մեզ հետ ծիծաղում է ու խորհուրդներ տալիս, կյանքում շատ պետքական խորհուրդներ»:

«Երևանից շատ աշխատանքային առաջարկներ եմ ստացել, բայց էդ քաղաքը իմը չէր: Իմը իմ հողն էր, իմ ջուրն էր, իմ տունը, ընտանիքս ու դպրոցս»:

Արինա Վարդերեսյան

2-րդ կուրս

Կիսվել