«Մշակութային կրթության տարի»-ն Զվարթնոց պատմամշակութային արգելոցում

«Մշակութային կրթության տարի»-ն Զվարթնոց պատմամշակութային արգելոցում

175

ՀՀ ԿԳՄՍ նախարարը Ժաննա Անդրեասյանը 2024-2025 թթ. ուսումնական տարին հայտարարել էր որպես «Մշակութային կրթության տարի»։

Սեպտեմբերի 14-ին «Դպրոցական բաժանորդային համակարգ» ծրագրի Էքսպո-արշավի շրջանակում Զվարթնոցում էին  մեկտեղվել Արմավիրի  մարզի մշակութային հաստատությունները։

Միջոցառման պատասխանատուն նշեց, որ կրթամշակութային էքսպո-արշավը դարձել է հիանալի հնարավորություն աշակերտների և ուսուցիչների համար՝ ծանոթանալու մարզի մշակութային հաստատությունների գործունեությանն ու առաջարկվող ծառայություններին։

«Արմավիրի մարզի դպրոցականները մասնակցել են Մեծամոր պատմահնագիտական արգելոց-թանգարանի նախաձեռնած «Շոշափելի և վիրտուալ Մեծամոր» ծրագրին, որի ընթացքում պատրաստել են մետաղից նետասլաքներ և ապարանջաններ»։

Պատասխանատուի խոսքով, միջոցառման արդյունքում մի շարք դպրոցներ ցանկություն են հայտնել այցելել մարզի թանգարաններ՝ մասնակցելու կրթական ծրագրերին, ինչը վկայումէ ծրագրի հաջողության մասին:

Էքսպոյի ընթացքում Երաժշտական և պարային համարներով հանդես եկան Վաղարշապատի Խաչատուր  Աբովյանի անվան 4-րդ դպրոցի աշակերտները, «Կոմիտասի անվան մշակույթի պալատ» ՀՈԱԿ-ի «Էջմիածնի պարարվեստի կենտրոնի» և «Արմավիր քաղաքի արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ի  սաները։

Միջոցառմանը մասնակից Անին նշեց, որ իրենք երկար էին պատրաստվում այս տոնին և մեծ ոգևորությամբ են եկել այստեղ. «Պարային ու երաժշտական համարներին երկար ենք պատրաստվել, և ես շատ ուրախ եմ, որ այստեղ ենք: Ամեն ինչ շատ հետաքրքիր է»:

Անին հատկապես տպավորված էր «Զվարթնոցը վերականգնելու» փորձառությամբ. «Ամենահետաքրքիրը այն էր, որ կարողացանք մեր ձեռքերով ստեղծագործել՝ Զվարթնոցի քանդված հատվածները վերականգնելով: Ինձ համար յուրահատուկ փորձ էր, ես ու ընկերներս հաճույքով ենք մասնակցել»։

Էքսպոն ոչ միայն հնարավորություն տվեց աշակերտներին ցուցադրել իրենց արվեստը, այլև նպաստեց նրանց հետաքրքրությունների ընդլայնմանը, մշակութային և կրթական զարգացմանը:

Լուսինե Նավասարդյան

2-րդ կուրս

Կիսվել