Կյանքի ամենամեծ վերելքների և ամենացավոտ վայրէջքների մասին է Աննա Մաքսիմի հեղինակային ֆիլմը՝ նվիրված աշխարհի չեմպիոն, Եվրոպայի կրկնակի չեմպիոն, ծանրորդ, չհանձնվող և ուժեղ կին Նազիկ Ավդալյանին։ Սեպտեմբերի 12-ին Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կայացավ հայկական առաջին սպորտային դրամայի՝ «Մեդալի հակառակ կողմը» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Մինչ ֆիլմի պրեմիերան դերասանական կազմը մասնակցեց մամուլի ասուլիսի, որտեղ ներկայացրեց մարզումների, նկարահանումների ընթացքը, անցած դժվար ուղին։ Ասուլիսի ժամանակ Նազիկ Ավդալյանը խոսեց իր առջև դրված դժվարություններից․ «Ֆիլմը չափից ավելի անկեղծ է, կա անդրադարձ անձնական կյանքիս դրվագների, որոնց մասին նույնիսկ իմ մտերիմները չգիտեին։ Երբ նայում ես, թե ինչպես են այլ մարդիկ խաղում ու ներկայացնում քո անցածն ու ապրածը, իհարկե, տարբեր է, բայց կարևորը գաղափարն է՝ տեղ հասցնել կարևոր ասելիքը»։
«Որպես նախագծի հեղինակ կասեմ՝ Հայաստանն ավելի քան երբևէ հաղթանակների կարիք ունի, իսկ եղած հաղթանակները՝ լուսաբանվելու և փառաբանվելու»,- այսպես է բնորոշում ֆիլմի գաղափարը «Մեդալի հակառակ կողմը» սպորտային դրամայի հեղինակ և գլխավոր դերակատար Աննա Հարությունյանը (Մաքսիմը)։ Ի մի բերելով ասելիքը՝ Աննա Մաքսիմը շեշտեց, որ ֆիլմում պատասխաններ կան, բայց հիմնական պատասխանները թողնված են դիտողներին. «Ես իմ ամենանվիրականը՝ առողջությունը, դրել եմ խաղատախտակին մի նպատակով, որ վերոնշյալ գաղափարները տարածվեն, վերջապես լինի արվեստի, մտքի և ոգու հեղափոխություն»։ Դերասանուհին Նազիկի կերպարը լիարժեք փոխանցելու համար նաև փորձել է յուրացնել Գյումրու բարբառը: Անդրադառնալով դրա բարդություններին՝ կատակեց. «Ծանրաձող բարձրացնելը ավելի հեշտ էր, քան Գյումրու բարբառը յուրացնելը»:
Ֆիլմում մեծ ուշադրություն է հատկացվել դերասանական կազմին։ Գլխավոր դերերում հանդես են եկել Սոս Ջանիբեկյանը, Խորեն Լևոնյանը, Մկրտիչ Արզումանյանը, Բաբկեն Չոբանյանը, Դավիթ Հակոբյանը և այլ հայտնի դեմքեր: Բեմադրող օպերատորը Սուրեն Թադևոսյանն է, ֆիլմի կոմպոզիտորը՝ Անդրանիկ Բերբերյանը, նկարիչը՝ Արմեն Ղազարյան: Ֆիլմի պրեմիերային ներկա էին Հայատանի կինոասպարեզի հայտնի դեմքերը։
Սիրուն Ժամխարյան
2-րդ կուրս