ՔՈԱՖ-ը` համայնքների զարգացման և ուսանողների կրթության միջոց

ՔՈԱՖ-ը` համայնքների զարգացման և ուսանողների կրթության միջոց

69

Սեպտեմբերի 20-ին տեղի ունեցավ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՄԱՆՈՒԿՆԵՐ» («ՔՈԱՖ») բարեգործական հիմնադրամի կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագիրի 2024-2025 թթ. ուսումնական տարվա նոր կրթաթոշակառուների ողջույնի ու շրջանավարտների ճանապարհելու արարողությունը։ Միջոցառմանը ներկա էին ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ, ՔՈԱՖ-ի գործադիր տնօրեն Լիանա Ղալթաղչյանը, ՔՈԱՖ-ի երկարամյա աջակից, ծրագրի հիմնական բարերար Ջեք Յուրեջյանը, ովքեր էլ հանդես եկան իրենց բացման խոսքով։

«Արդեն շուրջ 10 տարի է, ինչ ՔՈԱՖ-ն իր «Կրթաթոշակների եւ կարիերայի զարգացման» ծրագրի շրջանակում Հայաստանի գյուղաբնակ երիտասարդներին հնարավորություն է ընձեռում մասնագիտական կրթություն ստանալ հայաստանյան ԲՈՒՀ-երում։ Մեր ծրագրի առանձնահատկությունն այն է, որ կրթաթոշակ տրամադրելուց զատ, ՔՈԱՖ-ը հնարավորություն է տալիս մասնակիցներին զարգացնել աշխատունակության տարբեր հմտություններ դասընթացների, մենթորության, կամավորության միջոցով, նպաստում է նրանց անձնային աճին, աջակցում կարիերայի զարգացման հարցում և օգնում ուսանողներին աշխատաշուկայում դառնալ ավելի մրցունակ»,- նշեց ՔՈԱՖ կրթաթոշակների և կարիերայի զարգացման  ծրագրի ղեկավար Շուշանիկ Բոյաջյանը:

ՔՈԱՖ-ի կրթաթոշակների և կարիերայի զարգացման ծրագիրը կամրջում է նպատակների և հնարավորությունների միջև եղած խոչընդոտները: Այս հնարավորության շնորհիվ մասնագիտական ռեսուրսների պակաս ունեցող համայնքների ուսանողները պատրաստ կլինեն դիմակայել ցանկացած մարտահրավերի և հաջողել իրենց իսկ ընտրած ուղում:

Հատուկ միջոցառումը  կազմակերպվել էր նաև  Ջեք Յուրեջյանի ծննդյան առթիվ, ով ՔՈԱՖ-ի շրջանավարտների ծրագրի առանցքային գործընկերն է: Նա իր օրը անցկացրեց հենց իր ուսանողների հետ: Նրա բարեգործական նվիրատվությունները նշանակալի ազդեցություն են ունեցել գյուղերի բնակիչների կրթական հնարավորությունների զարգացման գործում: Իր ելույթի ժամանակ պրն. Յուրեջյանը նշեց. «Ես շատ դժվարությամբ եմ կրթություն ստացած Երուսաղեմում, ու ես էլ ձեր նման ամեն տեղ փորձած եմ կրթաթոշակներ առնել: Այդ օրերից մինչև հիմա միայն մէ (մեկ)  բան է մտքումս. մայրս ինձ ասաց, որ էս կյանքում երկու բան չմոռնամ. մեկը, որ ես հայ եմ, մյուսը, որ ես էլ օգնեմ երեխանց, ոնց ինձ օգնած են…»:

Յուրեջյան ընտանեկան հիմնադրամը մեծապես նպաստել է կրթության հասանելիության ընդլայնմանը Հայաստանի գյուղական բնակավայրերում։ Հիմնադրամի աջակցության շնորհիվ ՔՈԱՖ-ի ավելի քան 563 կրթաթոշակառու 41 գյուղական համայնքից կարողանում է բարձրագույն կրթություն ստանալ տարբեր ոլորտներում ՝ իրավագիտություն, բժշկություն, լրագրություն, մանկավարժություն և այլն:

Միջոցառման ընթացքում խոսվեց այն մասին, թե որքան կարևոր է կրթությունը երիտասարդների՝ որպես ավելի լավ ապագա կառուցելու հիմք և իրենց համայնքում առաջնորդներ դառնալու համար: ՔՈԱՖ-ի ղեկավարությունը նաև կարևորեց երիտասարդների մասնակցությունը հիմնադրամի ծրագրերին՝ ընդգծելով դրանց նշանակությունը:

Սա ոչ միայն տոնակատարություն էր, այլև մեկ անգամ ևս հիշեցում, որ կրթության միջոցով հնարավոր է բարելավել համայնքների ապագան։

Եվ ինչպես նշեցին ուսանողները ` «Քոաֆցի լինելը առավելություն է»:

Լյուդմիլա Սարգսյան

2-րդ կուրս

Կիսվել