Սեպտեմբերի 24-ին Ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալվել էր մարզական մեկնաբան Էդուարդ Քալանթարյանը: Հանդիպումը մեկնարկեց ջերմ ու անմիջական մթնոլորտում։ Ներկաները հնարավորություն ունեցան ծանոթանալու նրա փորձառությանը և լսելու նրա խորհուրդները մարզական լրագրության, ինչպես նաև մեկնաբանի բազմաշերտ աշխատանքի մասին:
Քալանթարյանը պատմեց իր կյանքի ու կարիերայի կարևոր փուլերի մասին՝ նշելով. «Շնորհակալ եմ ճակատագրին. եթե ծնվեի 3 տարի շուտ կամ ուշ, միգուցե այս կետում չլինեի»:
Հանդիպման ընթացքում մասնակիցները քննարկեցին ոչ միայն սպորտի հետաքրքրաշարժ աշխարհն ու մարզական մեկնաբանի մասնագիտության առավելությունները, այլև դրա բարդ կողմերը՝ առկա դժվարություններ, թերություններ: Քալանթարյանը խոսեց այն մասին, թե որքան կարևոր է պատրաստ լինել արագ որոշումներ կայացնելու, տրամաբանական վերլուծություններ անելու և անմիջապես արձագանքելու արագընթաց իրադարձություններին՝ հատկապես սպորտային մրցաշարերի ժամանակ:
Հանդիպումն ավարտվեց ակտիվ քննարկումներով և հարցուպատասխանով․ մասնակիցները հնարավորություն ստացան ավելին իմանալու մարզական լրագրության մասին և խորհուրդներ ստանալու այդ բնագավառում հաջողության հասնելու համար։
Անի Առաքելյան
2-րդ կուրս