Հոկտեմբերի 4-ին Գաֆեսճյան արվեստի կենտրոնում տեղի կունենա «Արցախ» ջազ նվագախմբի համերգը։
Հիմնադիր, գեղարվեստական ղեկավար՝ Տիգրան Լալայան։
Համերգին ընդառաջ, journalist.am-ը զրուցել է Տիգրան Լալայանի հետ նվագախմբի հիմնադրման պատմության, ներկայիս դժվարությունների, առաջիկա համերգի և խմբի հետագա գործունեության մասին։
-Ե՞րբ է ստեղծվել «Արցախ» ջազ նվագախումբը։
-Միշտ նպատակ եմ ունեցել ստեղծել որևէ համույթ։ 2003 թվականին Արցախում հիմնեցի «Արցախի» ջազ նվագախումբը։ Արդեն 2005 թվականին նվագախումբը ստացավ պետական կարգավիճակ։
–Ի՞նչ գործունեություն եք ծավալել Արցախում՝ նախքան Երևան տեղափոխվելը։
-Նախքան բռնի տեղահանումը, Արցախում, նաև Երևանում, ունեցել ենք շատ համերգներ և մենահամերգներ։ Մի քանիսը կարող եմ թվարկել։ Մասնակցել ենք «Yerevan Jazz Fest»-ին, Մարտին Վարդազարյանի և Ռոբերտ Ամիրխանյանի 80 ամյակներին ընդառաջ համերգներին։ Համերգներից զատ, խմբի համար վարպետաց դասեր եմ կազմակերպել՝ կատարելագործվելու նպատակով։
-Բռնի տեղահանումից հետո՝ գալով մայրաքաղաք, վերանվանվեցիք «Արցախ» ջազ նվագախումբ և առաջին համերգն էլ տեղի ունեցավ Երևանի պետական տիկնիկային թատրոնում։ Մի փոքր կպատմե՞ք երևանյան համերգից։
-Արցախյան դեպքերից հետո, նորից իմ մեջ ուժ գտնելով, հավաքեցի խմբի այն անդամներին, որոնք Երևանում են, ու ասացի, որ նորից պետք է սկսենք աշխատել։ Խմբին նաև միացան Երևանից երիտասարդ երաժիշտներ, ազգությամբ ռուս երաժիշտներ։ Քրտնաջան աշխատանքի շնորհիվ տեղի ունեցավ առաջին համերգը, որն ինձ համար մեծ հաջողություն էր։
–Ի՞նչ տպավորություն ունեք երևանյան հանդիսատեսից։
-Հանդիսատեսը ջերմ է ընդունել, տպավորություններս շատ լավն են։ Համերգից հետո մոտեցան, շփվեցին մեզ հետ, շնորհակալություն հայտնեցին՝ իրական արժեքներն ու մշակույթը պահպանելու համար։
-Ի՞նչ խնդիրների եք բախվել Երևանում գործունեություն ծավալելիս։
-Դժվարությունները շատ են, սակայն խմբի գլխավոր խնդիրն այն է, որ փորձերի համար չունենք մշտական նախատեսված տարածք։
–Առաջիկայում ի՞նչ համերգային նորություններ են սպասվում երևանյան հանդիսատեսին։
-Առաջիկա համերգը հոկտեմբերի 4-ին կայանալու է Գաֆեսճյան արվեստի կենտրոնում։ Մեզ են միացել նաև տաղանդավոր վոկալիստներ և համերգի հատուկ հյուր՝ Մարտին Վարդազարյանը։ Ծրագիրը հագեցած է լինելու նոր ստեղծագործություններով։ Այդ համերգից հետո, կարծում եմ, հանդես կգանք 3 նոր համերգային ծրագրով: Շատ մեծ ցանկություն ունենք համերգային ծրագրով հանդես գալ նաև Հայաստանի մարզերում։
Հարցազրույցը՝ Աննա Նիկոլյանի
2-րդ կուրս