Համայնքների զարգացման նոր հեռանկար. համայնքային առաջնորդության դպրոց Մեծամորում

Համայնքների զարգացման նոր հեռանկար. համայնքային առաջնորդության դպրոց Մեծամորում

85

Մարզերի երիտասարդները ձգտում են զարգացնել իրենց համայնքներն ու գյուղերը։ Նախագիծը, որի մասին խոսել ենք, նպատակ ունի զարգացնել գյուղական համայնքներում ապրող երիտասարդների առաջնորդական և կազմակերպչական հմտությունները՝ նրանց տալով գործիքներ, որոնք անհրաժեշտ են համայնքային խնդիրները լուծելու և զարգացման ծրագրեր իրականացնելու համար։ Մեծամորի երտասարդական խորհրդարանը մեկնարկում է նոր դպրոց՝ «Համայնքային առաջնորդության դպրոց», որի մասին խոսել ենք ծրագրի համակարգող Գեղամ Հայրապետյանի հետ։

-Ո՞րն է դպրոցի հիմնական նպատակը, և ինչպիսի՞ խնդիրներ եք փորձում լուծել դրա միջոցով:

-Մեր նպատակն է խթանել համայնքային մասնակցությունը և վերազինել գյուղերում ապրող երիտասարդներին առաջնորդական և կազմակերպչական հմտություններով: Գյուղական համայնքներում հաճախ երիտասարդների ձայնը քիչ է լսվում, և մենք ցանկանում ենք փոխել դա՝ տալով նրանց անհրաժեշտ գործիքներ, որպեսզի նրանք կարողանան դառնալ իրենց համայնքների դրական փոփոխության շարժիչ ուժերը:

-Ինչպե՞ս է կազմակերպված դպրոցի ուսումնական ծրագիրը և արդյոք այն ուղղված է հատուկ հոսքերի կամ ոլորտների զարգացմանը:

-Դպրոցն ունենալու է մի քանի հոսքեր՝ կախված մասնակիցների քանակից: Դասընթացները լինելու են տարբեր թեմաներով՝ համայնքային առաջնորդություն, ժամանակի կառավարում, մարդկային ռեսուրսների կառավարում, ունենալու ենք տարբեր հանդիպումներ, համայնքային և մարզային իշխանությունների հետ։

-Ի՞նչ ազդեցություն եք ակնկալում ունենալ համայնքների վրա «դպրոցի» միջոցով և ինչպե՞ս է դա նպաստելու գյուղերի երիտասարդների զարգացմանը:

-Մենք ակնկալում ենք, որ դպրոցը կդառնա հարթակ, որտեղ երիտասարդները կսովորեն ճանաչել իրենց համայնքների խնդիրները և մշակել լուծումներ: Ծրագիրն ուղղված է ոչ միայն նրանց հմտությունների զարգացմանը, այլ նաև ինքնավստահության ու առաջնորդության բնազդի ձևավորմանը, որը կօգնի նրանց հետագայում կատարելագործվել իրենց համայնքներում:

-Նշեցիք, որ այցեր են լինելու, ինչպիսի՞ համագործակցություն եք նախատեսել համայնքների ղեկավարների, ձեռնարկությունների կամ այլ կազմակերպությունների հետ՝ դպրոցի արդյունավետությունը բարձրացնելու նպատակով:

-Մենք համագործակցում ենք Մեծամորի համայնքապետարանի, Արմավիրի մարզպետարանի և ՀՀ ԿԳՄՍՆ-ի հետ՝ ծրագրի ավելի լայն ընդգրկվածություն ապահովելու համար: Այս գործընկերությունները կարևոր են, քանի որ նրանք թույլ են տալիս մեր մասնակիցներին իրականացնել իրենց գաղափարները իրական կյանքում:

-Ինչպե՞ս կարող են երիտասարդները մասնակցել ծրագրին, և ի՞նչ չափանիշներով են ընտրվում մասնակիցները:

-Ծրագրին մասնակցելու համար անհրաժեշտ է լրացնել հայտադիմում, որտեղ պետք է ներկայացնել համայնքային ներգրավվածությունը և հետաքրքրությունները: Մասնակիցները կընտրվեն՝ հիմնվելով իրենց համայնքային ակտիվության, նպատակների և առաջնորդական պոտենցիալի վրա:

-Որտե՞ղ եք տեսնում համայնքային առաջնորդության դպրոցի ապագան և ի՞նչ հեռանկարներ եք կանխատեսում դրա զարգացման համար:

– Մենք հուսով ենք, որ սա կդառնա շարունակական նախագիծ, որը կներգրավի ավելի մեծ թվով մասնակիցների: Մեր նպատակն է ստեղծել կայուն ուսումնական հարթակ, որը երկարաժամկետ կտրվածքով կկարողանա վերափոխել համայնքային զարգացումը և ակտիվացնել երիտասարդությանը:

Հարցազրույցը՝ Շողեր Ղլիջյանի

3-րդ կուրս

Կիսվել