Նկարիչների միությունում «Ես և Դուք» խորագրով ցուցադրությունը Գևորգ Մշեցու անկեղծ «զրույցն» է...

Նկարիչների միությունում «Ես և Դուք» խորագրով ցուցադրությունը Գևորգ Մշեցու անկեղծ «զրույցն» է արվեստասերների հետ

64

Ամեն օրը լցնելը, ամեն օրը գունավորելը, օրերն անգույն ու դատարկ չթողնելը գեղանկարիչ քանդակագործ, կոլաժիստ Գևորգ Մշեցի Ջավրուշյանի գաղափարախոսությունն էր՝ դրված հոկտեմբերի 1-ին Հայաստանի նկարիչների միությունում բացված «Ես և Դուք» խորագրով ցուցահանդեսի հիմքում:

Ցուցահանդեսում ներկայացված են նրա կյանքի վերջին 6-7 տարիների քանդակները և գծանկարները, ինչպես նաև ավելի վաղ շրջանի կտավներ։

Միության նախագահ Սուրեն Սաֆարյանի գնահատմամբ՝ Ջավրուշյանը մեծ արվեստագետ էր, հայրենասեր մարդ, մշտապես ակտիվ մասնակցել է միության բոլոր միջոցառումներին, ասելիք է ունեցել և անտարբեր չի եղել որևէ նախաձեռնության հանդեպ։

Գևորգ Մշեցի Ջավրուշյանի աշակերտը՝ Վահեն, ով մեծ ներդրում ունի այս ցուցահանդեսը կյանքի կոչելու գործում, ասաց. «Ամենակարևորը, որ ուզում էի զգալ՝ զգացի. դա Մշեցու ներկայությունն էր այստեղ։ Ամենաշատը ես և արվեստագետի դուստր Նանեն էինք դա ուզում, որ նա ապրի, ու ապրում է հիմա։ Այս գործերի մեջ ամենակարևորը ժամանակն է, որ մարդիկ տեսնեն իրենց կյանքի րոպեները, նրանց հոգիները նորից սկսեն շարժվել։ Կան գործեր, որ ինչ-որ չափով ինձ մոտ են, բայց ես մեծացել եմ «Հայի արևը» նկարի առաջ, ու, կարելի է ասել, այդ արևը իմն է դարձել»։

Այցելուներից մեկն, ով անձամբ ճանաչում էր Գևորգ Մշեցուն, նշեց, որ նա մշտական հիացմունքի արժանի մարդ է եղել, հարուստ հոգևոր ներաշխարհով, սրամիտ ու ստեղծագործող։ Գաղափարներն իրենից հորդում էին։ «Ես և Դուք»-ը շատ ճիշտ խորագիր է, քանի որ նա ևս անկեղծ էր ու երբեք չէր ստեղծագործում հանուն ֆինանսի։

Գևորգ Մշեցի Ջավրուշյանը 2000 թվականից Հայաստանի նկարիչների միության անդամ է։ 1979 թվականից մասնակցել է բազմաթիվ հանրապետական և միջազգային ցուցահանդեսների։ Ունեցել է 10-ից ավելի անհատական ցուցահանդեսներ, այդ թվում` Արցախում, Կազանում և Փարիզում։

Արվեստագետը տեղադրված քանդակներ ունի Երևանի Նոր Նորք համայնքում (5 քանդակ), Ծաղկաձորում` Գրողների միության հանգստյան տան տարածքում (2 քանդակ), Իջևանի քաղաքային այգում (1 քանդակ), Կողբում (1 քանդակ), Քաջարանում (2 քանդակ), Ստեփանակերտում (1 քանդակ)։

Գևորգ Մշեցին նաև բազմաթիվ գրքեր է ձևավորել։ Իսկ վերջին 7 տարիների ընթացքում եղել է երգիծաբան Լեռ Կամսարի  հրատարակված բորոր գրքերի նկարիչ-ձևավորողը։

Արվեստագետի բազմաթիվ գործեր գտնվում են Ֆրանսիայի, Կանադայի, Շվեյցարիայի, ԱՄՆ-ի, Իտալիայի, Շվեդիայի, Ռուսաստանի, Իրանի, Կիպրոսի, Սուդանի, Լիբանանի մասնավոր հավաքածուներում։

Նա հանկարծամահ է եղել 2022 թվականի նոյեմբերին՝ 64 տարեկանում։

Անի Նավասարդյան

2-րդ կուրս

Լուսանկարները՝ հեղինակի

Կիսվել