Նելսոն Սարգսյանը Արցախի Մարտունու շրջանի Պառավաթումբ գյուղից է։ Երևան է տեղափոխվել 2023 թվականի աշնանը։
-Կպատմե՞ք ձեր առօրյայի մասին, ինչպիսի՞ն էր այն Արցախում։
-Ես մասնագիտությամբ պատմաբան եմ, Արցախում 1996թ.-ից աշխատել եմ հարևան Կաղարծի գյուղի դպրոցում, սկզբից որպես պատմության ուսուցիչ, ապա՝ փոխտնօրեն։ Դեռ 1990-ականներին գյուղում տատս էր մեղվաբուծությամբ զբաղվում, հետո՝ մայրս, հիմա՝ ես, հետո տղաս կշարունակի գործս։ Մենք Արցախում վերջին տարիներին ստեղծել էինք 150-200 մեղվաընտանիք։ 2022-ին նպատակ ունեինք ստեղծել մեր բրենդը, դրամաշնորհ շահեցինք և 2023-ին ստեղծեցինք բրենդը՝ «Մեղուն և ես»։ Բլոկադայի ընթացքում շատ բան փոխվեց։ Քանի որ սննդի պակաս կար, որոշեցի հղիներին, ծերերին, երեխաներին մեղր բաժանել, հարևան համայնքներում էլ ասացի, ցուցակ տրամադրեցին, մոտ 40-50 մարդու մեղր տրամադրեցինք։
–Հայաստան տեղափոխվելուց հետո ինչպե՞ս վերսկսեցիք մեղվագործի աշխատանքը։
-Ամբողջությամբ տնտեսությունը մնաց Արցախում, Հայաասանում փորձում էի կրթական ոլորտում գործ գտնել, դիմում էի դպրոցներին, սպասում պատասխանի։ Որոշեցի վերսկսել ընտանեկան բիզնեսը։ Պարտքով ձեռք բերեցինք 50 մեղվաընտանիք՝ նոր փեթակներով։ Նախ պետք էր տարածքը ուսումնասիրել, ընկերներս, բարի մարդիկ օգնեցին տարածք գտնելու հարցում, մեղվաընտանիքներս տեղափոխեցի Արմավիր մարզի Բամբակաշատ գյուղ, հետո տեղափոխեցի նախալեռնային տարածք՝ Կոտայքի մարզ, Ակունք գյուղ: Հիմա աշխատում ենք մեղվաընտանիքներս շատացնելու գործի վրա, և մեծ մասամբ մարել ենք պարտքերը։
-Ինչպե՞ս եք ներգրավվում Հայաստանի շուկա, արդյոք պահանջարկը մեծ է։
-Հայաստանում շուկան փոքր է, բայց վերջին տարում հասկացանք, որ պահանջարկը մեծ է արտաքին շուկայում, քանի որ մեղրը ունի բարձր գին ու ոչ բոլորին է հասանելի, համարվում է «Արքաների սնունդ», բայց մենք փորձում ենք հասանելի դարձնել, զեղչեր տրամադրել խոցելի խմբերին։ Շուկա ինտեգրվելու համար մենք փորձում ենք մասնակցել տարբեր փառատոների, միջոցառումների, ներկայացնում ենք մեր արտադրանքը և վաճառք իրականացնում։
–Կնկարագրե՞ք մեղվագործական պրոցեսը։
-Բացի բուն մեղվագործությամբ զբաղվելը, մենք նաև դասընթացներ ենք անցկացնում, երիտասարդներին սովորեցնում մեղվաբուծություն։ 2016թ.-ի ապրիլյան քառօրյա պատերազմից հետո մեղվաբույծ Սուրեն Գրիգորյանի նախաձեռնությամբ Արցախում ստեղծվեց մեղվաբույծների ասոցացիա։ Նախագահը Սուրեն Գրիգորյանն էր, իսկ ես՝ ասոցացիայի անդամներից։ Մենք ծրագիր էինք մշակել բանակից զորացրված սպաների, սոցիալապես անապահովների, երիտասարդների համար, որպեսզի գյուղը չթողեն։ Փեթակներ էինք գնել, սովորեցնում էինք մեղր արտադրել, որն էլ հետո գնում էինք։ Մեղվաբուծության համար բոլոր պարագաները ասոցիացիան տրամադրում էր, ու սկսնակ մեղվաբույծը չէր մտածում, թե ինչպես պիտի իրացնի մեղրը։ Ասոցիացիան հիմա էլ է գործում։ Նպատակը Արցախի մեղվաբույծներին համախմբելն ու նրանց խնդիրները բարձրաձայնելն է։ Ասոցիացիայի ստեղծման տարում՝ 2017 թ., Մարտակերտի Վանք գյուղում մեղրի գործարան էինք բացել, բայց 44-օրյա պատերազմից հետո գործարանի աշխատանքը դադարեցվեց։
-Ի՞նչ նպատակներ ունեք ձեր բիզնեսի հետ կապված։
-Մենք մեղվաբուծությունը արդեն դարձրել ենք արտադրական բիզնես, հետևաբար մեր նպատակն է մտնել խոշոր շուկա, ավելացնել մեղվաընտանիքները՝ խթանելով Հայաստանում մեղվաբուծության զարգացումը։ Ինձ օգնում են իմ երեք զավակները։ Ես շատ բծախնդիր եմ մեղրի որակի հարցում, կտրականապես դեմ եմ քիմիական դեղամիջոցների օգտագործմանը, նախապատվությունը տալիս եմ բնական միջոցներին, ճիշտ է՝ մի քիչ թանկ են, բայց որակյալ են։ Մեղրը անպայման տանում եմ լաբորատորիա՝ փորձաքննության, համոզվելուց հետո հանում շուկա։ Մեղուն սիրում է արդար և մաքուր աշխատանք։
Հարցազրույցը՝ Տաթև Գալստյանի և Վերա Սահակյանի
2-րդ կուրս