Օրերս ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետում հյուրընկալվեց CNN-ի փոխնախագահ, արաբերեն բաժնի գլխավոր խմբագիր Քերոլայն Ֆարաջը: Նա ավելի քան 30 տարվա փորձառությամբ հայտնի և մրցանակակիր լրագրող է, իսկ CNN-ին միացել է 2001 թվականին: 2002-ին գործարկել է «CNN Arabic»-ը՝ ղեկավարելով այն տարածաշրջանային մեծ իրադարձությունների ժամանակ:
Հանդիպումը նախաձեռնել էր Հայաստանի հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը: Ներկա էին ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ, տարբեր կուրսերի ուսանողներ: Դեկան Նաղաշ Մարտիրոսյանի առաջարկով վարելով հանդիպումը` ֆակուլտետի դասախոս Գայանե Աբրահամյանը և 3-րդ կուրսի ուսանող Գարիկ Խաչատրյանը ներկայացրին հյուրին և առաջարկեցին, որ Քերոլայն Ֆարաջը ներկաներին ծանոթացնի իր հաջողության պատմությանը:
Քերոլայն Ֆարաջը նախ փորձեց ներկաներին տանել իր մանկության ճանապարհով` թերևս հաստատելով հայտնի ճշմարտությունը, որ յուրաքանչյուր անհատ գալիս է իր մանկությունից: Նա պատմեց այն մեծ ու կարևոր ազդեցության մասին, որ թողել են ծնողները և հատկապես նրանց հայրերը իր կյանքի ճանապարհի և մասնագիտության ընտրության հարցում:
Հորդանանի Ամման քաղաքում ծնված Քերոլայն Ֆարաջը նշեց, որ իր ծննդավայրից բարձրագույն կրթությամբ առաջին կին շրջանավարտն է, որ ունի բակալավրի աստիճան ժուռնալիստիկայի և հաղորդակցության ոլորտում, մագիստրոսի կոչում միջազգային լրագրության ոլորտում և դոկտորի պատվավոր կոչում, որը ստացել է Լոնդոնի Սիթի համալսարանում:
Իր հաջողության պատմությունը ներկայացնելուց հետո Քերոլայն Ֆարաջն առաջարկեց հանդիպումը շարունակել հարցուպատասխանի ձևաչափով:
Ուսանողների հարցերը, որոնք տրվում էին անգլերենով, տարբեր էին ու հետաքրքիր: Դրանք առնչվում էին արդի լրագրության մարտահրավերներին, լրագրողի մասնագիտական կրթության կարևորությանը, մասնագիտական անհրաժեշտ որակներին, ապատեղեկատվության դեմ պայքարին, փաստերի ստուգման գործիքներին, CNN-ի հաջողության գաղտնիքներին. չէ՞ որ 40 տարուց ավելի այն շարունակում է մնալ աշխարհի ամենապահանջված լրատվամիջոցը: Քերոլայն Ֆարաջը սիրով լսեց և պատասխանեց բոլոր ուսանողներին, բացեց իր «ստեղծագործական խոհանոցի» գաղտնիքները:
Հյուրը տպավորված էր ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ուսանողների պատրաստվածությամբ, նրանց լրագրողական հարցերով:
Կարևորելով Քերոլայն Ֆարաջի այցը՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը խոսեց այն վերափոխումների մասին, որոնք, ժամանակի պահանջներին համընթաց, կատարվել և կատարվելու են Ժուռնալիստիկայի ֆակուլտետում, նաև առաջարկեց, որ լավագույն ուսանողները հնարավորություն ունենան մասնագիտական պրակտիկա և վերապատրաստում անցնելու CNN-ում:
Քերոլայն Ֆարաջն առաջարկն ընդունեց սիրով և խնդրեց իր էլեկտրոնային հասցեն փոխանցել ուսանողներին՝ նրանց հետ ըստ անհրաժեշտոթյան կապի մեջ լինելու համար:
Հանդիպման ավարտին դեկան Նաղաշ Մարտիրոսյանի ուղեկցությամբ Քերոլայն Ֆարաջը շրջեց ֆակուլտետում, ծանոթացավ հեռուստա և ռադիոստուդիաներին, նոր ձեռք բերված տեխնիկական միջոցներին, ինովացիոն մեդիակենտրոնի հնարավորություններին:
Սկզբնաղբյուրը՝ ysu.am