Արհեստական բանականության (ԱԲ) ներթափանցումը լրագրության ոլորտ առաջացնում է հեղափոխական փոփոխություններ՝ միաժամանակ ստեղծելով էթիկական նոր մարտահրավերներ։
Այս զարգացումները պահանջում են լրատվամիջոցների և լրագրողների զգոն մոտեցում: ԱԲ-ից օգտվելիս էթիկական նորմերի պահպանումը չափազանց կարևոր է՝ սխալ կամ խաբուսիկ բովանդակություն չտարածելու և հանրությանը ճիշտ տեղեկատվություն մատուցելու համար:
ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, մեդիաէթիկայի մասնագետ Վարդուհի Պետրոսյանը նշում է, որ ԱԲ-ի կիրառման հիմնական էթիկական մարտահրավերը ապատեղեկատվության վտանգն է:
«Մարդիկ, մեդիագրագետ չլինելով, երբեմն ԱԲ-ի կողմից գեներացված տեղեկությունը կարող են տարածել որպես ճշմարիտ տեղեկություն։Մարտահրավերներից մեկը փաստերի ստուգման նվազումն է, երբ լրագրողը, որևէ լրատվամիջոցի վստահելով, չի ստուգում տեղեկությունը՝ չմտածելով,որ այն ևս կարող է ԱԲ-ի գեներացրած նյութը լինել և պարունակել ոչ ճշգրիտ տեղեկություն։ Մյուս հնարավոր վտանգը դիփֆեյքն է, որը մոլորեցնում է հանրությանը՝ ներկայացնելով իրականությանը չհամապատասխանող տեսապատկերներ, լուսանկարներ կամ աուդիոկոնտենտ»,-ընդգծում էմասնագետը։
ԱԲ-ը ստեղծում է բարդ և դժվար ճանաչելի կեղծ բովանդակություն, ինչը փաստերի ստուգման գործընթացը դարձնում է ավելի կարևոր:
CivilNet.am-ի փաստեր ստուգող լրագրող Հայկ Հովհաննիսյանը, կիսվելով իր փորձով, նշեց, որ վերջին ամիսներին սկսել է ավելի շատ օգտագործել ԱԲ-ի տարատեսակ գործիքներ իր լրագրողական աշխատանքում, որի բնույթը կեղծ լուրերի մոնիթորինգը և փաստերի ստուգումն է։
Նա նաև նշեց, որ ԱԲ-ի գործիքները թեև օգնում են կեղծ լուրերի մոնիթորինգի և ստուգման գործընթացում, սակայն դրանց օգտագործման համար կարևոր է լրագրողների կողմից էթիկական նորմերի պահպանությունը՝ օբյեկտիվության և փաստերի բազմակի ստուգման անհրաժեշտության համատեքստում։
Շատ լրատվամիջոցներ արդեն իրենց էթիկական կանոնագրում ներառել են ԱԲ-ից ճիշտ օգտվելու վերաբերյալ ուղեցույցներ: Դրա նպատակն է՝ կանխել ԱԲ-ի միջոցով ստեղծված խաբուսիկ բովանդակության տարածումը և համոզվել, որ տեղեկատվությունը նախքան հրապարակելը ստուգվում է:
ԱԲ-ի ստեղծած արտադրանքը ստուգելու համար հենց ինքը՝ ԱԲ-ն է առաջարկում գործիքներ: Ինչպես նշեց Հայկ Հովհաննիսյանը, կան որոշ պլատֆորմներ, ինչպիսիք են Isitai.com, Illuminarty.ai և Aiornot.com, որոնք թույլ են տալիս ստուգել նկարների, տեսանյութերի և աուդիոկոնտենտի իսկությունը։ Չնայած այս գործիքներին 100% վստահել չի կարելի, այնուամենայնիվ դրանք մեծ առաջընթաց են ապատեղեկատվության դեմ պայքարում։
Մինչ ոմանք ԱԲ-ը դիտարկում են որպես գործիք, որը բարելավում է նյութերի ստուգման գործընթացը և արագացնում տվյալների վերլուծությունը, մյուսները մտահոգվում են, որ այն կարող է խաթարել ստեղծագործական և քննադատական մտածողությունը։ Հայկ Հովհաննիսյանի կարծիքով՝ ԱԲ-ը կարող է զգալիորեն հեշտացնել լրագրողների աշխատանքը, եթե այն ճիշտ կիրառվի, սակայն դրա համար պահանջվում են հատուկ հմտություններ:
«Եթե լրագրողը ուսումնասիրել է թեման և ճիշտ մոտեցում է ցուցաբերում ԱԲ-ի գործիքներին, ապա դա կօգնի նրան արագացնել իր աշխատանքը՝ ազատելով ժամանակ լրագրողական այլգործունեության համար»,-նշում է Հովհաննիսյանը։
Մեդիանախաձեռնությունների կենտրոնի մեդիագրագիտության ծրագրերի ղեկավար Անի Եղիազարյանը հավելեց, որ ԱԲ-ը առաջացնում է նաև մի շարք խնդիրներ, որոնք իսկապես մտահոգիչ են փաստերի ստուգման տեսանկյունից։
«Որքան հեշտ է ԱԲ-ի միջոցով պատկերներ և տեսանյութեր ստեղծելը, նույնքան բարդ է դրանք ստուգելը: Նմանատիպ կեղծ տեղեկությունները հաճախ այնքան շատ են լինում, որ դրանց դեմ պայքարելու համար պահանջվում է բարձր մեդիագրագիտություն»,-նշեց Եղիազարյանը:
ԱԲ-ը կվերացնի՞ լրագրողի մասնագիտությունը
Արդյոք ԱԲ-ի նոր զարգացումները կվտանգեն լրագրողի մասնագիտությունը, և մոտ ապագայում այլևս լրագրողի անհրաժեշտություն չի լինի։
Անի Եղիազարյանը գտնում է, որ որքան էլ տեխնոլոգիական առաջընթաց լինի, լրագրողի աշխատանքը կլինի առաջնային, սակայն կպահանջի հարմարվել նոր տեխնոլոգիաների թելադրած պայմաններին։
Հայկ Հովհաննիսյանը ևս համամիտ է այս տեսակետին.
«Պատմությունը ցույց է տալիս, որ նման տեխնոլոգիական հեղափոխությունների դեպքեր արդեն եղել են, սակայն այդ փոփոխությունները եկել են ոչ թե մարդկանց փոխարինելու, այլ նրանց աշխատանքը լավարկելու և օպտիմիզացնելու»։
Իրենց նյութերում ԱԲ-ի գործիքներ կիրառելիս լրագրողները բախվում են մեկ այլ խնդրի՝ նշե՞լ, որ օգտվել են ԱԲ-ից, թե ոչ։
Վարդուհի Պետրոսյանը անդրադարձավ ԱԲ-ի գործիքների կիրառման էթիկային՝ առաջարկելով գրագետ լուծումներ խմբագրական աշխատանքում: Նրա խոսքով, կարևոր է լսարանին տեղեկացնել, եթե ԱԲ գործիքները կիրառվել են նյութի ստեղծման կամ մշակման ընթացքում։
«Խմբագրական աշխատանքի ճիշտ կազմակերպման համար խմբագրությունները պետք է մշակեն հստակ էթիկական պահանջներ, և միգուցե էթիկական կանոնագրերում ավելացնեն կետեր, որոնք կընդգրկեն տեխնիկական լուծումների կիրառման հարցերը։ Այստեղ կարևոր է ընդգծել, թե որքանով է թույլատրելի ԱԲ գործիքների օգտագործումը մեդիա բովանդակության ստեղծման գործընթացում: Եթե ԱԲ գործիքներն օգտագործվում են պատրաստի բովանդակությունը տեխնիկապես բարելավելու նպատակով, օգտագործել կարելի է, բայց անհրաժեշտ է այս մասին տեղեկացնել լսարանին»,-նշեց տիկին Պետրոսյանը։
ԱԲ-ի կիրառման սահմանափակումների վերաբերյալ 2024թ. մարտի 13-ին Եվրախորհրդարանը ընդունել է ԱԲ-ի գլոբալ կարգավորման առաջին օրենքը, որը արգելում է արհեստական բանականության որոշհավելվածների կիրառումը, որոնք սպառնում են քաղաքացիների իրավունքներին:
Սեդա Մարտոյան
2-րդ կուրս