ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը 25 տարեկան է…

ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը 25 տարեկան է…

51

Հոկտեմբերի 16-ին՝ Հայ մամուլի օրը, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետը նշեց հիմնադրման 25-ամյակը և հայերեն առաջին տպագիր պարբերականի՝ «Ազդարար»-ի 230-ամյակը:

Հանդիսությանը ներկա էին ԵՊՀ պրոռեկտորներ Էլինա Ասրիյանը, Միքայել Հովհաննիսյանը, Բորնմութ համալսարանի լրագրության և գլոբալ նարատիվների պրոֆեսոր Քերըն Ֆոուլեր-Վաթը, դեկան Նաղաշ Մարտիրոսյանը, պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներ և ուսանողներ:

«Այսօր՝ 25-ը ճանապարհելու և 26-ի մեկնարկին արձանագրենք. Երևանի պետական համալսարանի ղեկավարության նախանձախնդիր աջակցությամբ, Հայաստանի հանրային հեռուստաընկերության և BBC Media Action-ի հետ գործընկերությամբ նորովի են կահավորվում ֆակուլտետի հեռուստա և ռադիոստուդիաները, ամրապնդվում է բուհ- աշխատաշուկա արդյունավետ գործակցությունը… Տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաների աննախադեպ փոխակերպումները, արհեստական բանականության օր օրի մատչելի դարձող գործիքները աշխատանքի նոր բովանդակություն և ոճ են թելադրում, որպեսզի լինենք նույնքան մրցունակ ու պահանջված նաև վաղը»,-նշեց դեկանը՝ հավելելով.

«Անցած 25 տարիները տարբեր են միմյանցից, և լավ է, որ այդպես է… Ֆակուլտետը միշտ շարժվել է առաջ, ինչպես ընդունված է ասել՝ առանց «արահետից կախվածության»»:

ԵՊՀ ակադեմիական/ուսումնական հարցերի գծով պրոռեկտոր Էլինա Ասրիյանը շնորհավորեց ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմին, ուսանողներին և մաղթեց նորանոր ձեռքբերումներ: Տիկին Ասրիյանը անդրադարձավ ֆակուլտետի արձանագրած հաջողություններին և նշեց, որ դրանք լավ հիմք են առաջ շարժվելու և միշտ պահանջված ու մրցունակ լինելու համար…

Նոր մեդիայի և հաղորդակցության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դավիթ Պետրոսյանը իր խոսքում շեշտեց. «Վստահ եմ՝  մերօրյա մամուլի դիմագիծը կերտողները և մասնավորապես ԵՊՀ 25-ամյա ժուռնալիստիկայի ֆակուլտետը  այսուհետ ևս հավատարիմ կմնան  ազգային ինքնության պահպանման և սերունդների դաստիարակության այն մեծ առաքելությանը, որը  հայոց պատմության հոլովույթում  որակական նոր փուլ սկզբնավորեց Հարություն Շմավոնյանի «Ազդարար»-ով»:

Բորնմութ համալսարանի լրագրության և գլոբալ նարատիվների պրոֆեսոր Քերըն Ֆոուլեր-Վաթը ողջույնի խոսքում կարևորեց ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի և BBC Media Action-ի արդյունավետ գործակցությունը՝ նշելով, որ 2025-ի գարնանը նախատեսվում է ֆակուլտետում համատեղ ստեղծելու փաստերի ստուգման լաբորատորիա:

Հանդիսության ավարտին ելույթ ունեցան ԵՊՀ մշակույթի կենտրոնի սաները՝ ամբողջացնելով օրվա տոնական տրամադրությունը:

Սկզբնաղբյուը՝ ysu.am

Կիսվել