44-օրյա պատերազմի մասնակից Պողոս Մրջումյանը նախկին բռնցքամարտիկ է, ով պատերազմի ավարտից 4 տարի անց journalist.am հետ խոսել է ու պատմել սարսափի ու չմոռացվող դրվագների մասին։
-Պատերազմ մեկնելու միտքը, կամավորագրվելու ցանկությունը ինչպե՞ս ծնվեցին։
-Կամավորագրվելու միտքը հատուկ չի ծնվում․ դա հայրենասիրություն է, որ մեջդ լինում է, ուղղակի պոռթկում էդ պահին ապրեցի, հերոս լինելու ցանկությունն էր երևի․․․
Մանկուց բռնցքամարտով եմ զբաղվել ու հաճախ ռինգում հաղթելու ու հերոսանալու միտքը եղել է․․․
–Հերոս լինելու ձգտու՞մը, թե՞ հայրենիքը պաշտպանելու ցանկությունը Ձեզ պատերազմ ուղարկեց։
-Երկուսն էլ. հայրս Արցախյան մարտերին է մասնակցել ու մեզ հենց նույն հայրենասիրությամբ էլ դաստեարակել է․ պաշտպանել հայրենիքը՝ դեմ գնալով թշնամուն։
-Նշել եք, որ որբ եք մեծացել՝ առանց մոր, պատերազմ մեկնելուց չկա՞ր վախ, որ Ձեր երեխաները առանց Ձեզ կմեծանային։
-Իրականում մեկնելուց չես հասցնում մտածել՝ ինչ կլինի, միակ միտքը պատերազմի դաշտ հասնելն ու կռվին մասնակցնելն էր, բայց հրաժեշտ չեմ տվել ո՛չ կնոջս, ո՛չ երեխաներիս. միայն գնալուց առաջ ասել եմ ՝ «ինձ չմոռանաք»։
-Կռվի դաշտում ընտանիքին նորից տեսնելու ցանկություն էր օգնու՞մ ողջ մնալ` միտքը, որ կարգին հրաժեշտել չեք տվել։
-Գիտեք՝ իրականում կռվում ոչ մեկ մեռնելու մասին չի մտածում, հակառակը դեպքում ողջ մնալն անհնար կլիներ: Մենք կռվում էինք հաղթելու համար ու մտածում միայն հաղթանակի մասին։
-Հաղթելու հույսը դեռ կա՞։
-Միշտ կա․ ես չեմ պարտվել, ես մահին եմ հաղթել․․․ Շատ եմ աղոթում, որ պատերազմ չլինի նորից, բայց եթե լինի, թող լինի միայն հաղթանակի համար։
-Ձեր ջոկատից միայն Դուք եք ողջ մնացել, ո՞նց եք հաջողել․․․
-Չգիտեմ, վիրավորում ստանալուց հետո միայն խնդրում էի Աստծուն, որ եթե պիտի մեռնեմ, վերջին րոպեները գիտակից անցկացնեմ, որ աղոթելու ու ապաշխարելու հնարավորություն ունենամ․ կռվում էի մտքումս Աստծո հետ, որ կյանքս ուզում է վերցնել, հետո հիշում եմ, որ կռվում էի ու ասում, որ եթե նույնիսկ Քո կամքն է, կամքդ փոխիր․․․
Երկար ժամանակ՝ մոտ 5 ժամ դիակների կողքին պառկած էի, զգում էի, թե ոնց եմ արնաքամ լինում, ու ինձ չէին օգնում, վստահ էին, որ չէի ապրելու: Միայն կյանքս փրկող բժիշկը՝ Արամ Ստեփանյանը, երբ տեսավ աչքերիցս թափվող արցունքները, ինձ ջուր տվեց․․․
Ես բանակում չեմ ծառայել, իմ ծառայությունը ռինգում հաղթելը ու Հայաստանի դրոշը բարձրացնելը պիտի լիներ, ու պատերազմ մեկնելու համար ստիպված էի անդամագրվել Մահապարտների ջոկատին, որ թույլ տային մեկնել․․․
-Վերադարձը ծա՞նր էր. մահը տեսնելուց հետո սեփական երեխաներին գրկելու հաճույքը նոր կյանք պիտի թվար․․․
-Դուք եք կարծում, որ ես մահ եմ տեսել, ես իրականում կյանք եմ տեսել։ Ես երեխաներիս շատ եմ սիրում. և՛ ես, և՛ կինս հարկ եղած դեպքում իրար հերթ չենք տա նրանց պաշտպանելու համար, բարց ամենասպասվածը կնոջս հետ հանդիպումն էր, նրանում է իմ ամբողջականությունը․․․ Աստված, երբ ստեղծեց Ադամին, նրան տվեց Եվա, իսկ ինձ՝ Անուշ։
–Եթե ինչ–որ հրաշքով ժամանակը հետ տայիք, նորից կմեկնեի՞ք ճակատ, նույն սարսափի միջով նորից կանցնեի՞ք։
-Միանշանակ կգնայի, հայրեինքը պիտի պաշտպանել։
–Ամենավերջում, պատերազմի սարսափը սեփական մաշկի վրա զգացած մարդը ինչպե՞ս չի կորցրել հավատը հայրենիքի ու Աստծո նկատմամբ․․․
-Աղոթելով, շա՜տ աղոթելով․․․
Հարցազրույցը՝ Լուսինե Քերիմյանի
2-րդ կուրս