«Սիրո և գեղեցիկի մասին»

«Սիրո և գեղեցիկի մասին»

47

Հայաստանում բլոգինգը հանրության շրջանում շարունակում է հետաքրքրության աղբյուր լինել։ Շատերը իրենց կարիերան կերտում են համացանցում և մեծ լսարան հավաքում իրենց անձի, առօրյայի և ստեղծած բովանդակության շուրջ։ Այսօր զրուցելու ենք Աննա Հարությունյանի և Սուրեն Պողոսյանի հետ, ովքեր լսարանին ներկայացնում են «գեղեցիկը և սերը»։

-Դուք հանրության շրջանում շատ սիրված զույգ եք, հետաքրքիր կլինի իմանալ ձեր ծանոթության պատմությունը։

Ա.-Ծանոթացել ենք Ինստագրամի միջոցով, Սուրենը ինձ ուղղակի գրել է, առանց ճանաչելու, շփոթել էր մեկ ուրիշի հետ, ու ես ոչ ոքի չէի պատասխանում, բայց իրեն պատասխանեցի։

-Ե՞րբ եք ծանոթացել և որքա՞ն ժամանակ է, ինչ միասին եք։

Ա․-Մենք երբեք չենք նշում, թե որքան ժամանակ է, ինչ միասին ենք, միշտ նշում ենք, որ շատ փոքր տարիքից ծանոթ ենք։ Արդեն 3 տարի է, ինչ նշանադրված ենք, ու տատիկս ամընդհատ նշում է, որ արդեն ամուսնանալու ժամանակն է։

-Ձեր վերջին փոդքասթներից մեկում նշում եք, որ Սուրենի հետ հոլովակներ տեղադրելիս, սահման կա, որը չեք հատում և չափի մեջ եք միասին վիդեոներ հրապարակում, քանի որ մարդիկ կարող են հոգնել ձեզ անընդհատ տեսնելուց։ Ի՞նչ սահմանների մասին է խոսքը։

Ա․-Հիմնականում խոսքը վերաբերում է շատ առօրյա և փակ հարցերին։ Ինձ դուր չի գալիս, երբ նեղ անձնական, ընտանեկան հարաբերությունները հասնում են համացանցային տիրույթ և այնտեղ դառնում են քննարկման առարկա։ Հիմնականում հրապարակում ենք թռուցիկ, թեթև, սիրային կոնտենտ, որը մեր հետևորդներին հաճելի է դիտելը։ Ես երբեք չեմ ցուցադրի այն, ինչը կարծում եմ, որ պետք է մնա ընտանիքի ներսում։ Մենք էլ դիտում ենք ամուսնացած զույգերի հրապարակումներ, որը մեզ համար սահմաններից դուրս է։ Ինձ թվում է, Սուրենն էլ թույլ չի տա, որ ես նման կոնտենտ նկարեմ. ժամանակ կար, որ նկարելուց հետո անպայման հոլովակը պիտի դիտեր, և հավանությունը տալուց հետո միայն հրապարակվեր։ Հիմա էլ չի դիտում, քանի որ ես էլ գիտեմ, թե ինչ է պետք հրապարակել։

-Սուրեն, ինչպե՞ս վերաբերվեցիք Աննայի Բլոգ վարելու ցանկությանը, քանի որ ձեր շփումը սկսվել է այն ժամանակ, երբ Աննան դեռ բլոգինգով չէր զբաղվում։

Ս․-Սկզբում շատ բարդ էր, ես դեմ էի, բայց մի պահ հասունացավ, երբ հասկացա, որ Անուկը ունի այդ պոտենցիալը, և ինչու՞ խանգարել, եթե կարող եմ օգնել: Հետո ես էլ սկսեցի այդ ամենի մի մասը լինել և հնարավորինս օգնել։

-Անհաշտություններ եղե՞լ են բլոգինգով զբաղվելու շրջանում։

Ս․– Կռիվներ՝ ոչ, բայց անհաշտություններ եղել են։ Կոնտենտի թեմաների ընտրության հարցում համաձայնության չէինք գալիս, բայց հետո ամեն բան հարթվեց։ Ամեն ինչ հանգեցրեց նրան, որ ես հոլովակներում սկսեցի մասնակցություն ունենալ, եթե ես չմասնակցեի, ապա ամեն ինչին դեմ կլինեի։

-Կարող ենք ասել, որ Ձեր գործոնի առկայությունը պարտադի՞ր էր։

Ս․-Տվյալ ժամանակահատվածում ավելի հանգիստ կլինեի։

Ա․-Ես հիշում եմ, որ սկզբում Սուրենը ընդհանրապես չէր ուզում կադրում երևալ, բայց հետո, լսարանի արձագանքը տեսնելով, հասկացանք, որ միասին պետք է տեսանյութեր հրապարակել։ Բլոգինգով երբեք չի զբաղվել և անընդհատ խանգարում էր, որ այդ մտքից ետ կանգնեմ, բայց երբ սկսեցինք միասին նկարահանումնվել, ավելի հանգիստ սկսեց վերաբերվել իրողությանը։

-Մեդիա տիրույթում դուք միշտ հաշտ եք։ Արդյոք առօրյաում տեղի ունեցողը թողնում եք կադրից այն կողմ, թե՞ համացանցում ցուցադրվածը համապատասխանում է իրականությանը։

Ա․-Մենք բավականին հաշտ զույգ ենք, և վեճեր շատ-շատ քիչ են լինում։ Վերջին լուրջ խնդիրը, որ ունեցել ենք 2-3 տարի առաջ է եղել, և մեկը պիտի զիջեր, շնորհակալ եմ, որ զիջեց։ Սովորական վեճեր բոլոր զույգերի մոտ էլ լինում են, հաճախ վիճում ենք, երբ երկար ժամանակ իրար չենք տեսնում։ Մի հետաքրքիր երևույթ կա, որ տարին մեկ օր մենք բացարձակ միմյանց չենք հասկանում, բայց այն տևում է միայն մեկ օր։

-Հաճախ եք նշում, որ ստանդարտներ չկան, գեղեցկության չափանիշեր՝ ևս, և մեկնաբանություններում այդ հարցը հաճախ է քննարկվում։ Ինչպե՞ս եք վերաբերվում նման մեկնաբանություններին։

Ա․-Երբ ես սկսեցի GRWM ֆորմատով հոլովակներ տեղադրել, հասկանում էի, որ պատրաստ չեմ, բայց միշտ նշել եմ, որ պատրաստ երբեք չես կարող լինել։  Ես ինձ տրամադրեցի, հոլովակը տեղադրեցի ու սկսեցի սպասել նեգատիվ մեկնաբանությունների։ Առաջին 2 օրը ահավոր էր, իսկ հետագայում արդեն սկսեցին լավ մեկնաբանություններ ևս թողնել, հիմա արդեն դրականը գերակշռող մաս է կազմում։ Բավականին թեթև եմ նայում նման հարցերին և չեմ էլ կարդում, կամ դրական էմոջիների առկայության դեպում եմ միայն դիտում։

Ս․-Սզբում շատ բարդ էր, հիմնականում պատասխանում էի, ու պատասխանը լինում էր տարբեր կերպ։ Վերջին շրջանում ավելի հանգիստ եմ վերաբերվում ու հասկանում եմ, որ էկրանից այն կողմ շատերն են, որ կարող են մնան կերպ արտահայտվել, բայց դեմառդեմ արդեն այլ պատկերի ականատես կլինենք։ Հիմա ուղղակի հեռացնում ենք մեկնաբանությունը ու անցնում առաջ։

-Հետևորդները սովորել են ձեր համատեղ ստեղծած կոնտենտին. իսկ եթե մի պահ հոգնե՞ք իրարից…

Ս․-Երբևէ նման դեպք չի եղել, մենք միշտ միասին խոսելու թեմա ունենք։

Ա․-Եթե ինչ-որ մեկից կարող ես ձանձրանալ, ես չեմ հասկանում, թե ինչպես կարող ես նրա հետ կյանք կապել։ Մենք լցնում ենք մեկս մյուսի օրը:

Հարցազրույցը՝ Հեղինե Սարգսյանի

2-րդ կուրս

Կիսվել