Արվեստի, գրականության և կինոյի տոնախմբություն. «Ֆրանկոֆոնիա- 2024 փառատոնը Երևանում»

Արվեստի, գրականության և կինոյի տոնախմբություն. «Ֆրանկոֆոնիա- 2024 փառատոնը Երևանում»

119

Հոկտեմբերի 12-ին Երևանը վերածվել էր ֆրանսիական մշակույթի կենտրոնի. նշվում էր Ֆրանկոֆոնիայի ամենամյա փառատոնը: Միջոցառումը միավորել էր բազմաթիվ մարդկանց, որոնք եկել էին՝ վայելելու ֆրանսախոս երկրների մշակույթը, երաժշտությունը և կինոն:

Փառատոնը բացվեց հանդիսավոր արարողությամբ, որը կազմակերպել էին Հայաստանում Ֆրանսիայի դեսպանատունը և Հայաստանի մշակույթի նախարարությունը: Բացման խոսք ասաց Ֆրանսիայի դեսպան Օլիվյե Դեկոտինյին, որն ընդգծեց Հայաստանի կարևորությունը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության մեջ՝ շեշտելով, որ այսպիսի միջոցառումները ոչ միայն ամրապնդում են երկրների միջև հարաբերությունները, այլև բացահայտում են մշակութային կապերն ու արժեքները:

Փառատոնի շրջանակում անցկացվեցին ոչ միայն գրական և կինո միջոցառումներ, այլ նաև կարևոր արվեստի շնորհանդեսներ: Հատկանշական էր Շառլ Ազնավուրի կյանքին նվիրված «Կյանքն ըստ Շառլի» ցուցահանդեսը, ինչպես նաև՝ «Միսաք Մանուշյան. ականատեսի աչքերով» հուշագրության ներկայացումը, որն անդրադառնում է Ֆրանսիայի Դիմադրության շարժման մարտիկ, ֆրանսահայ Միսաք Մանուշյանի պայքարին Երկրորդ աշխարհամարտի ժամանակ: Միջոցառումները շարունակվեցին երաժշտական ելույթներով, որոնց մեջ ներառված էին ֆրանսիական շանսոնների կատարումներ:

Կինոյի շաբաթվա ընթացքում ներկայացվեցին հանրահայտ ֆրանսիական ֆիլմեր, որոնք անդրադառնում են ինչպես քաղաքական և սոցիալական, այնպես էլ մշակութային հիմնահարցերի:

Միջոցառման մաս էին նաև գրական հանդիպումները «Գոնկուր» մրցանակի դափնեկիրների հետ, ինչպես նաև գեղարվեստական գրքերի ներկայացումները, որոնք հայկական լսարանին ծանոթացնում են ֆրանսիական ժամանակակից գրականության վերջին միտումներին։ Միջոցառումը հնարավորություն տվեց հայ ընթերցողներին ծանոթանալ ֆրանսիական ժամանակակից գրականության ներկայացուցիչների հետ և քննարկել նրանց գրական ուղղությունները։ Հանդիպումների ընթացքում խոսվեց այն գրքերի մասին, որոնք արժանացել են մրցանակի վերջին տարիներին, ինչպես նաև ընդգծվեց Գոնկուր ակադեմիայի ազդեցությունը ֆրանսիական և համաշխարհային գրականության զարգացման վրա։

Կազմակերպիչների համոզմամբ, Ֆրանկոֆոնիայի փառատոնը նպաստում է Հայաստանի և ֆրանկոֆոն երկրների միջև մշակութային համագործակցության խորացմանը, այդ երկրների ժողովուրդների միջև կապերի ամրապնդմանը։

Լիդա Չաչոյան

3-րդ կուրս

Կիսվել