Երեւանի պետական համալսարանում ուսուցումն իրականացվում է երկու հերթով։ Մի շարք ֆակուլտետներ, օրինակ՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության, Ժուռնալիստիկայի, Սոցիոլոգիայի ֆակուլտետները երկու տարին մեկ փոխում են հերթերը։
Երկրորդ հերթով ուսուցումը, չնայած առավելություններին, որոշ անհարմարություններ է ստեղծում ուսանողների համար։ Օրինակ՝ մարզերից եկող ուսանողների համար դժվար է ուշ երեկոյան վերադառնալը, կամ աշխատող ուսանողները դժվարանում են աշխատանքն ու դասերը համատեղել։
«Ուշ ենք ավարտում, մնացած բաների համար ժամանակ չի մնում, անգամ՝ դասերի։ Տրանսպորտն է խնդիր, որ ուշ ենք վերջացնում, դժվար է վերադառնալը։ Օրինակ՝ առաջին հերթով հաճախող ուսանողները հնարավորություն ունեն ուսանողական տրանսպորտից օգտվելու, իսկ ովքեր 2-րդ հերթով են հաճախում, չեն կարող»,- ասում է 20-ամյա Անի Մարդյանը՝ Մասիս քաղաքից, որը սովորում է Եվրոպական լեզուների և հաղորդակցության ֆակուլտետում։
«2-րդ հերթով հաճախելը դրական կողմ էլ ունի, օրինակ՝ երկար կարող ենք քնել, բայց դրական կողմերն այնքան շատ չեն, որ ծածկեն մնացած բացասական կողմերը։ Միանշանակ դժվար է 2-րդ հերթով հաճախելը, օրվա 2-րդ կեսից դասի ենք գալիս և, կարելի է ասել, ոչինչ չենք հասցնում անել»,-ասում է Անի Օրդյանը, որը սովորում է Սոցիոլոգիայի ֆակուլտետում։
ԵՊՀ ղեկավարությունից փորձեցինք պարզել, թե ինչո՞վ է պայմանավորված 2-րդ հերթով ուսուցումը, քանի՞ ֆակուլտետում է ուսուցումը կազմակերպվում 2-րդ հերթով, և ի՞նչ քայլեր է համալսարանը մտադիր ձեռնարկել ամբողջությամբ մեկ հերթով ուսուցման անցնելու համար։
ԵՊՀ ուսումնական գործընթացի վերահսկման բաժնի վարիչ Ա. Սարգսյանը մեր հարցմանն ի պատասխան նշել է. «Տարիներ շարունակ Երևանի պետական համալսարանում դասերը սկսվում են 9:30-ից և ավարտվում են 19:05: Առանձին դեպքերում կարող են կազմակերպվել նաև այդ ժամերից դուրս: Դասերի անցկացման ժամերը ընտրվում են՝ հաշվի առնելով լսարանային ու լաբորատոր տարածքների հնարավորությունները, ինչպես նաև՝ դասախոսական կազմի զբաղվածությունը»:
Թե ինչ քայլեր են ձեռնարկվում լսարանային եւ լաբորատոր տարածքները ուսանողների թվին համապատասխանեցնելու ուղղությամբ, պրն Սարգսյանը չի նշել։
Ելենա Մուրադյան
3-րդ կուրս