«Սիմֆոնիկ Եվրոպան» հյուրընկալվեց Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում

«Սիմֆոնիկ Եվրոպան» հյուրընկալվեց Արամ Խաչատրյանի անվան համերգասրահում

69

Արամ Խաչատրյան համերգասրահում հոկտեմբերի 17-ին «Սիմֆոնիկ Եվրոպա» համերգն էր՝ «Արմենիա» միջազգային երաժշտական 8-րդ փառատոնի շրջանակներում։

 Մարդիկ հանգիստ, միմյանց զիջելով, մտնում էին Օպերայի շենք՝ քննարկելով սպասելիքներն ու անցած համերգները։ Այս երեկոյի մենակատարն էր ջութակահար Սթիվեն Ուորթսը, դիրիժորը՝ Լուիս Անդրադեն։ Ջութակի առաջին նոտան ազդարարեց Ալեքսանդր Սպենդիարյանի «Երեք արմավենի» ստեղծագործությունը՝ հանդիսատեսին տեղափոխվելով այլ աշխարհ։

Երեկոն շարունակվեց Ֆելիքս Մենդելսոնի Ջութակի կոնցերտի և Ալեքսեյ Շորի «Carpe Diem ջութակի և նվագախմբի համար» ստեղծագործություններով։ Հատկանշական է, որ Ալեքսեյ Շորի գործերը հնչեցին նաև սեպտեմբերի 23-ի համերգին, ինչը վկայում է փառատոնի շրջանակներում նրա ստեղծագործությունների հանդեպ ցուցաբերված մեծ հետաքրքրության մասին։

Համերգի հանդիսատեսներից Անդրանիկը բարձր էր գնահատում կազմակերպիչների, նվագախմբի և հրավիրյալ երաժիշտների կատարած աշխատանքը: Նա նշեց, որ համերգը մեծ ազդեցություն է թողել իր վրա: «Երաժշտությունը միավորում է մարդկանց, և նման երեկոներն օգնում են մեզ ավելի մոտենալ միմյանց»,- ավելացրեց նա:

Միջոցառումն իրականացվեց ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեի և Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցությամբ:

«Այս փառատոնը բացառիկ հարթակ է դարձել հայ և միջազգային երաժշտական մշակույթների երկխոսության համար», – նշում են կազմակերպիչները:

«Արմենիա» փառատոնը շարունակում է իր առաքելությունը՝ հայկական մշակութային կյանքը հարստացնելով համաշխարհային դասական երաժշտության լավագույն նմուշներով և խթանելով միջազգային մշակութային համագործակցությունը: Հանդիսատեսի ջերմ արձագանքը վկայում է միջոցառման հաջողության մասին:

Սիլվա Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել