«Գիտության շաբաթը»՝ առաջին անգամ Հայաստանում

«Գիտության շաբաթը»՝ առաջին անգամ Հայաստանում

48

«Գիտուժ» ծրագրի նախաձեռնությամբ հոկտեմբերի 1-6-ը Երևանում և ՀՀ բոլոր մարզերում տեղի ունեցավ «Գիտության շաբաթ» փառատոնը։ Միջոցառումների շարքն անցկացվեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ և Գիտությունների ազգային ակադեմիայի հետ համագործակցությամբ։

Տարբեր երկրներում անցկացվող փառատոնը Հայաստանում տեղի էր ունենում առաջին անգամ։ Կազմակերպիչների խոսքով՝ «Գիտության շաբաթը» երեխաների և դեռահասների համար նախատեսված բազմաձևաչափ միջոցառումների շարք է, որի նպատակն է համազգային մակարդակով հանրահռչակել գիտությունն ու տեխնոլոգիաները, բացատրել վերջիններիս անփոխարինելի դերը և նշանակությունը ժամանակակից աշխարհում, ինչպես նաև խթանել քննադատական մտքի և գիտելիքահենք դիսկուրսի զարգացումը։

Միջոցառման շրջանակում ամեն տաղավար ներկայացրեց իր թեմատիկան և բացատրեց գիտական այս կամ այն ոլորտի գաղտնիքները:  

 «ՔՈԱՖ»-ը՝ Հայաստանի մանուկներ բարեգործական հիմնադրամը, մասնակցում էր «Գիտության շաբաթի» երկու թեմատիկ օրերին՝ մասնագիտական կողմնորոշմանը և գիտաֆանտաստիկային։ Տաղավարը ներկայացված էր տիեզերական թեմայով։ «ՔՈԱՖ»-ի կրթական և շրջանավարտների ծրագրի ղեկավարը նշում է, որ այս թեմատիկան ընտրվել էր երեխաներին իրենց մասնագիտական ցանկությունների մեջ ուղղորդելու նպատակով։

Այս տաղավարում երեխաները հնարավորություն ունեցան անցնելու ինքնաճանաչման տիեզերական ճամփորդություն, որի ընթացքում բացահայտում էին իրենց,- նշեց ծրագրի ղեկավար Շուշանը։ Տաղավարում առկա էին մասնագիտական տարբեր խաղեր, որոնք երեխաներին կարող էին օգնել ճիշտ կողմնորոշվել մասնագիտության ընտրության հարցում։

Շաբաթ-կիրակի գիտաֆանտաստիկա թեմայի շրջանակներում ներկայացվեցին Լոռու մարզի «ՔՈԱՖ»  սմարթ կենտրոնի երեխաների աշխատանքները։ Նրանցից կարելի էր իմանալ, օրինակ, ինչպես կարելի է նարնջից երաժշտություն ստանալ։ Այն, որ նարնջից կարելի է երաժշտություն ստանալ, դեռահասների և երիտասարդների համար կարող է հրապուրիչ դարձնել գիտության ոլորտը։ Գիտության ոլորտը երիտասարդների համար հրապուրիչ դարձնելը, ըստ «ՔՈԱՖ կրթական ծրագրի ղեկավար Շուշանի, «Գիտության շաբաթվա» հիմնական նպատակներից մեկն էր։ ԿԳՄՍՆ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ կյանքի հետ գիտության ու հետազոտության ուղիղ կապը ցույց տալը կարող է երեխաներին մոտեցնել գիտությանը։

Մանե Խանդանյան

3-րդ կուրս

Կիսվել