Հոկտեմբերի 25-ին Սուրբ Աննա եկեղեցու բակը անուշ էր բուրում: Դդում, բրինձ, ընկույզ, չիր ու չամիչ. ղափամայի տոնն էր Երևանում, որի միջոցառումների մեկնարկը տրվեց ազգային երգ ու պարի կատարումներով:
Ղափաման հայկական ավանդական ուտեստ է, որը պատրաստվում է ամբողջական դդումով՝ ներսը լցված բրնձով, չորացրած մրգերով և ընկուզեղենով։ Այն հաճախ համարվում է ոչ միայն ուտեստ, այլև տոնական խորհրդանիշ։ Հոկտեմբերի 25-ին այդ տոնական խորհրդանիշը դարձել էր եկեղեցու բակի զարդը:
Լեգենդի համաձայն` դդումը խորհրդանշում է երկրագունդը, բրինձը` երկրագնդի բնակիչներին, իսկ ընդեղենն ու չրերը ազգությունները, կրոններն ու ավանդույթներն են: Այս ամենի միաձուլման արդյունքում առաջացած ուտեստի խորհրդանշական ուղերձը մեկն է` խաղաղություն:
«Մեր ինքնությունը վերահաստատելու, մեր ազգային մշակույթին նորից առնչվելու, շփվելու, միմիանց հետ միավորվելու գեղեցիկ տոն է այսօր: Իսկ ինչո՞ւ ենք տոնում աշնանը, որովհետև դդումը հենց աշնանն է հասունանում»- պարզաբանեց Կենտրոն վարչական շրջանի կրթության, սպորտի, մշակույթի բաժնի աշխատակից Մարգարիտ Սարգսյանը` հավելելով, որ արդեն 4-րդ տարին է, ինչ տոնում են Ղափամայի օրը:
Տաղավարներում Ղափաման ներկայացնում և հյուրասիրում էին Երևանի ուսումնական հաստատությունների սաներն ու նրանց վարպետները, որոնց սեղանները հիմնական ուտեստից բացի լի էին նաև ազգային խոհանոցին բնորոշ այլ նմուշներով: Էկզոտիկ մրգերի չրերով պատրաստած ղափամայից մինչև դդմով ռոլլեր. յուրաքանչյուրն ուներ իր անձնական բաղադրատոմսը:
Տոնի ընթացքում այցելուները շրջեցին, համտեսեցին տաք ղափաման և համեմատեցին` որն էր լավը: Որտեղ մարդկանց հոսքը չէր դադարում, այդ տաղավարի ղափաման էլ ամենասիրելին ու համեղն էր:
Մարիամ Ավագյան
2-րդ կուրս