Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությունն ու hայկական ֆուտբոլում առկա ճգնաժամը

Հայաստանի վերափոխման՝ մինչև 2050 թվականի ռազմավարությունն ու hայկական ֆուտբոլում առկա ճգնաժամը

12

«ՀՀ կառավարության մինչև 2050 թվականի ռազմավարության մեջ խնդիր ենք դրել, որ ՀՀ ֆուտբոլի հավաքականը դառնա Եվրոպայի կամ Աշխարհի առաջնության մրցանակակիր, որն իրագործելի ծրագիր է։ Բայց դրա համար մենք պետք է հասկանանք, թե ինչ պետք է անենք։ Իրատեսականությունը խիստ հաշվարկելի է։ Դա կախված է նրանից, թե մենք ինչ ենթակառուցվածքներ ունենք, քանի երեխա է զբաղվում ֆուտբոլով»,- Նիկոլ Փաշինյան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այս հայտարարությունից (2022 թ. դեկտեմբերի 25) անցել է գրեթե 2 տարի, սակայն ֆուտբոլում զարգացման փոխարեն տեղի է ունենում հետընթաց․ ազգային և տարբեր տարիքային հավաքականները շարունակում են իրենց անկայուն ելույթները, իսկ ազգային ընտրանին ՈՒԵՖԱ-ի դասակարգման աղյուսակում 211 թիմերի մեջ «պատվավոր» 99-րդ տեղում է: Թվերն առավել քան խոսուն են:

   Անցկացված պաշտոնական խաղերը 2022/24 թ.-ինՀաղթանակներՈչ-ոքիներՊարտություններԽփած գոլերԲաց թողած գոլեր
Ազգային հավաքական             18          4      3          11       19          35
Մ-21 հավաքական             14          0      2          12        4          32
Մ-19 հավաքական              9          0      1           8        4          24
Մ-17 հավաքական              9          0      0           9        4          44

Տվյալները՝ www.flashscore.com

Հայաստանում ֆուտբոլի զարգացման ռազմավարության մշակումն ու իրականացումը վստահված է Հայաստանի Ֆուտբոլի Ֆեդերացիային. այն անկախ կառույց է, որը ղեկավարվում է ՀՖՖ նախագահի և գործկոմի կողմից:

ՀՖՖ գործող նախագահը Արմեն Մելիքբեկյանն է, որը պաշտոնը ստանձնել է 2019 թվականին՝ ՀՖՖ նախագահի ընտրություններում հաղթելուց հետո, իսկ նախորդ տարի դեկտեմբերին վերընտրվել ևս 5 տարով:

2019 թվականին զբաղեցնելով ՀՖՖ նախագահի պաշտոնը՝ Արմեն Մելիքբեկյանն իր առջև դրեց պատվախնդիր նպատակներ, այն է` ունենալ մրցունակ ազգային և մանկապատանեկան տարբեր տարիքային հավաքականներ, որոնք մինչև 2025 թվականը պետք է որակավորվեն Աշխարհի կամ Եվրոպայի առաջնության եզրափակիչ փուլերին, նոր տեխնիկական կենտրոնի և 4 նոր մարզադաշտերի կառուցում և շատ այլ հետաքրքրիր գաղափարներ, որոնց իրագործման դեպքում hայկական ֆուտբոլը պետք է զարգացում ապրեր:   

Տվյալները՝ www.ffa.am/hy/1575533835

Սակայն հաջորդող 5 տարիները ցույց են տալիս, որ դրական որևէ տեղաշարժ չկա, և այժմ ունենք անկայուն ազգային հավաքական, որտեղ մարզչական նշանակումներն ու հեռացումները դարձել են սովորական (Արմեն Մելիքբեկայնի նախագահության օրոք հավաքականը գլխավորել են 2 օտարազգի մասնագետներ՝ Խոակին Կապարոսը և Ալեքսանդր Պետրակովը, որոնք իրենց զբաղեցրած պաշտոնից հեռացվել են անբավարար արդյունքների պատճառով), երիտասարդական և մանկապատանեկան հավաքականներ, որոնք իրենց խաղերն ավարտում են գերխոշոր պարտություններով, չունենք նոր տեխնիկական կենտրոն, նոր մարզադաշտեր. շարքը կարելի է երկար շարունակել:

Դեպքերի նման հանգուցալուծումը բերել է այն բանին, որ Հայաստանի ազգային հավաքականի ֆան շարժումը՝ «FAF»-ը, պահանջում է ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանի հրաժարականը:

FAF-ի պահանջին են միացել նաև հայկական ակումբային ֆուտբոլի ֆան շարժումները՝ «South West Ultras» – (Ուրարտու), «Sector 18» – (Փյունիկ), Alfa – (Արարատ Արմենիա) և «Սև հովազներ» – (Շիրակ), ինչպես նաև հավաքականի «Red Eagles» ֆան ակումբը:

Հայտարարությունից օրեր անց Արմեն Մելիքբեկյանը հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ, որտեղ մասնավորապես նշվում էր. «Ընտրվելուցս ընդամենը 2 ամիս անց երկար ժամանակով ամբողջ աշխարհն ուղղակի անշարժացավ կորոնավիրուսի պատճառով, իսկ հետո սկսվեց 44-օրյա պատերազմը՝ իր ծանրագույն հետևանքներով մեր երկրի համար: 2022-ին սկսվեց հակամարտությունն Ուկրաինայում, որն ամբողջությամբ ձևափոխել է համաշխարհային գրեթե բոլոր իրողությունները՝ ֆուտբոլի դեպքում խնդիր դարձնելով անգամ թիմերի տեղաշարժը։ Արտարժույթի շուկայի ձևափոխումն էլ լուրջ հարված է հասցրել ֆինանսական կայունությանը, և հայկական ֆուտբոլն այս ընթացքում չի ստացել այն բոլոր ռեսուրսները, ակնկալվող եկամուտները, որոնք կապահովեին ռազմավարական կետերի մեծ մասի իրականացումը»:

Այս հայտարարությունից հետո «FAF»-ը և մնացած բոլոր ֆան ակումբները հանդես եկան բողոքի ակցիայով՝ օգտագործելով ծակ ու ցեխոտ գնդակը:

Տեսանյութի հղումը ստորև՝

www.facebook.com/FirstArmenianFront/videos/1417053562585288

Նույն մեթոդը 2018 թվականին կիրառել էր Նիկոլ Փաշինյանը՝ պահանջելով այն ժամանակ ՀՖՖ  նախագահի պաշտոնը զբաղեցնող Ռուբեն Հայրապետյանի հրաժարականը՝ նշելով, որ այդ գնդակը խորհրդանշում է հայկական ֆուտբոլի վիճակը:

Տեսանյութի հղումը ստորև՝

www.youtube.com/watch?v=Lr5cmNNtuxM

Գևորգ Թովմասյան

3-րդ կուրս

Կիսվել