Բժի՞շկ, բնագե՞տ, թե՞ DJ. պատմում է Հասմիկ Օհանյանը

Բժի՞շկ, բնագե՞տ, թե՞ DJ. պատմում է Հասմիկ Օհանյանը

25

Մասնագիտության ընտրությունը համարվում է ամենաբարդ որոշումներից մեկը: Բայց, իհարկե, ոչ բոլորի դեպքում՝ ո՛չ Հասմիկի։
Հասմիկը ԵՊԲ համալսարանի 4-րդ կուրսի ուսանողուհի է, ով ընտրել է բժշկի մասնագիտությունը՝ առաջնայինը համարելով իր ցանկությունները։
-Պարզապես սիրում էի բնագիտական առարկաներն ու չէի սիրում հումանիտար ամեն բան։ Ռիսկային մասնագիտություն է, այո՛, բայց առաջնահերթությունն ամենից առաջ անվճար ընդունվելն էր, հետո՝ մնացածը։
Հասմիկը նաև վարում է իր անձնական բլոգը, որն ունի բավականաչափ մեծ լսարան։ Սկզբում դա իր մտքերը կիսելու, խոսելու, հոգեպես դատարկվելու հարթակն էր, որը հիմա վստահաբար տվել է իր պտուղները:
-Ինչ-որ չափով բլոգս հասել է իր նպատակին. անմիջական ու բաց լինելով՝ ձեռք ես բերում լսարանիդ իրական և փոխադարձ վստահությանը: Անծանոթ մարդիկ կարող են գրել, կիսվել իրենց խնդիրներով։ Եղել են դեպքեր, երբ խորհուրդներս օգնել են աղջիկներին հետ կանգնել ինքնասպանության մտքից։ Գիտեմ, որ բավականաչափ հանրաճանաչ չեմ, բայց ինձ թվում է, որ մարդկանց՝ ինձ լսելու ու տեսնելու ցանկությունը արդեն խոսում է նրա մասին, որ ապարդյուն չէ իմ լսարան ունենալը։
Հասմիկը նաև 14-15 տարեկանից դասավանդում է քիմիա և կենսաբանություն. ունի 6 տարիների փորձ այդ ոլորտում։
-Որ սկսեցի դասավանդել, դեռ բլոգ չունեի, աշակերտներ հավաքում էի պատերին հայտարարություններ փակցնելով ու մատչելի գներ առաջարկելով։ Ինձ համար դժվար չէր սկզբնական ուղին, որովհետև սիրում էի աշխատանքս, հաճույքով էի անում, ուստի և որակը երաշխավորված էր։ Բլոգից հետո այդ ոլորտում շատ ավելի արագ աճ գրանցվեց ինձ մոտ: Հիմա արդեն շատ սահմանափակ են բոլոր տեղերը, քանի որ առավել շատ 3-րդ մասնագիտության մեջ եմ հմտանում…
Հասմիկը նաև օգնում է այն աղջիկներին, ովքեր ունեն ֆիզիկական որոշ խնդիրներ քաշի ավելացման կամ պակասացման հետ. կազմակերպում է մարաթոն, որտեղ աղջիկների նպատակն է նիհարելը։
-Մարաթոնի մասին կարող եմ ասել, որ ինձ թվում է ԵՊԲՀ -ի 4-րդ կուրսի ուսանողուհի լինելը, ուսումնասիրելը և հրաշալի իմանալը մարդու օրգանիզմը և անատոմիան, բավականաչափ է, որ քեզ վստահեն։
Այս ամենին զուգահեռ կա ևս մեկ զբաղմունք, որ ավելացել է Հասմիկի կյանքում ՝ DJ մասնագիտությունը։
-Մեկ անգամ Peggy Gou-ի ելույթներից մեկը տեսա. հիացա, սիրահարվեցի ու ասացի, որ ես էլ եմ ցանկանում … DJ-ինգը անկեղծ շատ կրակ մասնագիտություն է, իմ տարերքն է, նաև ասեմ՝ հեշտ չէ: Իսկ ինչու՞ հեշտ չէ, քանի որ ես՝ տարիների փորձ ունեցող բնագետս, երբեք չզբաղվելով երաժշտությամբ, հիմա անում եմ մեծ քայլեր դրան մոտ գնալու համար: Սովորել եմ DJ-ի մոտ, հետո՝ 2-ամիս անց, վերապատրաստվել Relax Project-ում ու մինչ օրս սովորում եմ մարդկանցից այս մասնագիտությունը, բայց միևնույն է, պրոֆեսիոնալ լինելու համար միայն տեսական մասը բավարար չէ. տարիների փորձ և աշխատանք է հարկավոր։
Հասմիկը նաև խոսեց Հայաստանում DJ մասնագիտության մասին։
-DJ-ինգը մասնագիտություն է. սա միայն երգեր միքսելը ու ակումբում կամ առիթներին անդադար երաժշտություն ապահովելը չէ. DJ-ը փորձում է ստեղծել նորը, գեղեցիկը, տարբերվողը: DJ-ը ևս երաժիշտ է, եթե չունենաս այսպես ասած «սլուխ», ապա հաստատ DJ չես կարող դառնալ։ Հայաստանում, ցավոք, չեն հասկանում դեռ այս մասնագիտության բուն էությունը… պետք է զարգացնենք ոլորտը, մատուցենք ազգին նաև այս ոլորտի պրոֆեսիոնալը։
Հասմիկի երազանքներն էլ այնքան տարբերվող են, որքան և իր կերպարը։
-Երազում եմ դրսում նվագել. Իբիցա, Եգիպտոս, Դուբայ, Բալի։ Եթե մի օր հասնեմ այս կետին, ապա ստացվել է իմ մուտքը DJ-ինգի ոլորտ։
Հասմիկը շատ կարևորում է մարդու կյանքում սխալվելը, մեծ տեղ է տալիս սխալվելուն։
-Մի՛ վախեցեք սխալվելուց, երբեք էլ ուշ չէ նոր բան սովորել, մարդու ուղեղը, իրոք, հզոր բան է, և մի տեղում սահմանափակվելը առնվազն հանցանք է։ Այս բանը սրտովդ չէ, մյուսը փորձի՛ր, դա էլ սրտովդ չէ՝ մյուսը… Պետք է այնքան փորձես, մինչև գտնես քոնը, քո տարերքը։ Կյանքն այնքան կարճ է մոխրագույնի մեջ ապրելու համար և չսիրած գործով զբաղվելու համար։ Անկեղծ՝ ուզում եմ չլինենք սահմանափակ, ուզում եմ բաց մտածենք, որովհետև երիտասարդ ենք, ուզում եմ հասկանանք՝ ինչքան սիրուն բաներ կարող ենք անել, ինչքան կայուն մարդիկ կարող ենք դառնալ, եթե միայն չշտապենք դեռ չհասունացած, չկողմնորոշված չկայացած մտնել ամուսնական կյանք ու երեխա ունենալ։ Ուզում եմ ամեն մեկը հասկանա, որ երեխան չի փրկելու ձեր ու կողակցի հարաբերությունները, երեխա չպիտի ունենալ հանուն փրկվելու, այլ պիտի ունենալ էդ երեխային երջանկացնելու ու այս աշխարհի վատ բաներից փրկելու համար: Ուզում եմ գիտակցենք ընտանիք կազմելու պատասխանատվությունը, որ չծնենք հրեշտակներ ու չդարձնենք հրեշներ, իհարկե սա իմ կյանքի փորձից ելնելով եմ ասում, միևնույն է, մենք բոլորս ընտրում ենք այն, ինչ մեզ իրոք անհրաժեշտ է։

Էլլեն Աղաջանյան
4-րդ կուրս

Կիսվել