Միացնում ես հեռուստացույցն ու… Աչքերիդ առջև նույն ինքն է՝ Մհեր Մկրտչյանը: Ինչպե՞ս կարելի է չճանաչել ու չսիրել մեր տաղանդավոր գյումրեցուն: «Հին օրերի երգը» կինոնկարն էր: Անձնական կյանքում դժբախտ,արվեստում երջանիկ Մկրտչյանը խոր թախիծ էր մարմնավորում. այնքա՜ն լուսավոր էր այդ տխրությունը, այնքա՜ն դաստիարակող… այնքա՜ն համոզիչ դերասանական խաղ կար, հային բնորոշ կարեկցանք ու սրտացավություն…
Կինոռեժիսոր Ալբերտ Մկրտչյանի ֆիլմերը դիտելուց հետո երկար ժամանակ մնում ես դրանց տպավորությունների տակ, շարունակ մտորում, ապրում, տառապում, ուրախանում ու հրճվում նրա կերտած հերոսների հետ: Ֆիլմը նկարահանվել է 1982 թվականին: Նախնական անվանումը եղել է «Լավ բարի մարդիկ»:
Այսպիսի ֆիլմ կարող էր ստեղծել միայն նա, ով ինչ-որ կերպ ճաշակել էր պատերազմի դառնությունն ու ցավը, զգացել սեփական մաշկի վրա: Մի առիթով Ալբերտ Մկրտչյանն ասել է, որ իր նկարահանած բոլոր ֆիլմերն առավել ինքնակենսագրական են, ընտանեկան, որ ֆիլմում պատկերված իրադարձությունների ականատեսն են եղել, անցել այդ օրերի թոհուբոհի միջով, և որ իր պահանջն է եղել այդ ամենը ներկայացնելու: Ահա հավելել է, որ «Մեր մանկության տանգոն» և «Հին օրերի երգը» իր համար վաղուց մոռացված երգեր էին, որ կարողացել է նորացնել ու ֆիլմ դարձնել:
«Հին օրերի երգը» կինոնկարը պատերազմի թեման արծարծող լավագույն ֆիլմերից է, որը հուզում է ամեն մի մարդու, անսահման բարություն, լավատեսություն, գութ ու կարեկցանք է սերմանում հանդիսատեսի հոգում: Ամեն անգամ՝ կինոնկարը դիտելիս, կրկին վերհիշում ես այն դաժան պատերազմը, որի ականատեսն ու մասնակիցն են եղել մեր նախնիները, և որը քսան միլիոն կյանք է խլել, հարյուր հազարավոր ճակատագրեր խեղել ու դառնացրել, բազում սրտեր, սերեր խորտակել ու կործանել, բայց չի կարողացել կոտրել հայի կամքը, համառությունը, ապրելու և արարելու ձգտումը: Դիտում ես կինոնկարը և անհուն ատելությամբ լցվում պատերազմ-չարիքը հրահրող ճիվաղների նկատմամբ: Մահասփյուռ պատերազմը չի խնայում անգամ Սաթենիկի ու Օբենի նորաբողբոջ, փթթող սերը, և սրբում-տանում է իր հետ, ինչպես ջրհեղեղը՝ գարնանը նոր ծաղկած ծաղիկները:
Հուզմունքը խեղդում է կոկորդդ, երբ լսում ես պատերազմում չորս որդի կորցրած Հայաստան մայրիկի «խոսքը»: Հանդիսավոր նիստի ժամանակ ամբիոնի մոտ կանչված զինվորի մայրն արդեն չորս «սև թուղթ» էր ստացել ռազմաճակատից, մի պահ կարկամում է, չգիտի՝ ինչ ասի, բայց իրեն տիրապետում է և իր ասելիքն արտահայտում մի սրտաճմլիկ երգով, որդուն կորցրած մոր աղեկտուր երգով, որն արցունքներ է քամում ոչ միայն դահլիճում նստած կանանց ու տղամարդկանց սրտերից, այլև կինոնկարը դիտող հանդիսատեսի աչքերից: Հետաքրքիր է այն, որ ֆիլմում, երբ Վերջալույս Միրիջանյանը երգում է, դրա փոխարեն ռեժիսորը գրել էր բավականին երկար ճառ, որը հերոսուհին չէր կարողանում սովորել, և որոշեց այն փոխարինել երգով, որն ավելի ազդեցիկ դարձավ: Սիրված դերասանուհու կերտած մոր կերպարում մարմնավորված է որդեկորույս կամային հայ կինը, որն անթեղված խոր վիշտ ունի իր սրտում և չկոտրվող հպարտություն: Նա արժանապատվորեն է տանում հոգու մրմուռը. հանուն մայր հայրենիքի են զոհվել խիզախ զավակները:
Պատերազմը խեղել է մարդկանց մարմինը,զրկել նրանց ոտքից ու ձեռքից, բայց նրանց սիրտն ու հոգին մնացել են անապական, մաքուր ու զգայուն, նրանք ցավում ու տառապում են ոչ միայն հարազատի, համաքաղաքացու, այլև անծանոթի համար:
Փոստատար Նիկոլը, որի կերպարը կերտել է անզուգական Մհեր Մկրտչյանը, մեղավոր է զգում իրեն, որ պատերազմից կենդանի է վերադարձել. նա հաշմանդամ է, ներաշխարհը՝ տակնուվրա եղած, բայց այնքան բարի է, որ չի կարողանում «սև թուղթ» տալ որդեկորույս Հայաստանին և… ուտում է այն: Հատկանշական է այն, որ ֆիլմում Մկրտչյանն իսկապես ուտում է թուղթը:
Իսկ ահա մեկ այլ խեղանդամ զինվոր՝ Մուշեղը ( նրա կերպարը շատ հուզիչ է մարմնավորել տաղանդավոր դերասան Շահում Ղազարյանը, ով, ի դեպ, ֆիլմում նկարահանվելու համար նիհարել է քսան կիլոգրամ ), չի ճանաչում խավար վագոնում երգող ու հաց մուրող իր հարազատ տղային: Երբ ամեն բան պարզվում է, նա գրկում է որդուն, իր միակ ձեռքով սեղմում կրծքին ու… տարիների կարոտը մարում է նրանց հեծկլտացող արցունքի մեջ:
Ահա այսպիսի հուզիչ տեսարաններով է հագեցած ողջ ֆիլմը, ուր սկզբից մինչև վերջ, կարմիր թելի պես ընդգծվում են կորստի ցավ ու մորմոք տեսած մարդկանց խեղճությունը, մաքրությունն, անմիջականությունն ու կենսունակությունը՝ շաղախված մեղմ ու բարի հումորով, արցունքախառն ժպիտով:
Ալբերտ Մկրտչյանի խոսքերով, դերասանները կարողացել են ընկալել՝ ովքեր են եղել իրենց կերտած հերոսները:
Արդեն 35 տարի է՝ մենք զգում ենք փոստատարի սրտի մորմոքը, երգում Հայաստան մայրիկի երգը ու նրանց հետ, նրանց պես չենք ցանկանում, որ երբևէ պատերազմ լինի:
Արաքսյա Սահակյան
3-րդ կուրս