Գույնզգույն տոնածառեր, վառվռուն լույսեր, ճոխ սեղաններ. սրանք են հայաստանյան Նոր տարվա բնութագրիչները։
Հարցումների միջոցով փորձեցինք պարզել, թե մեր հայրենակիցները Ամանորը նշելու ի՞նչ տարբերակներն են նախընտրում։
Հիսունհինգամյա Սեդա Այվազյանի կարծիքով՝ Հայաստանում Ամանորը նշվում է մեծ շուքով, բայց այս տոնն իր փայլն արդեն կորցնում է. «Բոլորը ճոխ սեղանների հետևից են ընկնում՝ մոռանալով ավանդականը: Ես տնային տնտեսուհի եմ, այս տարիների ընթացքում զգացել եմ, թե ինչպես է սեղաններին տարբեր տեսակի ուտելիքների պաշարը տարեցտարի ավելանում․ մենք էլ ընտանիքով ամեն տարի նշում ենք, որպեսզի հետ չմնանք մյուսներից։ Տեսնում եմ՝ հարևանս ճոխ է նշում, ես պետք է ավելի ճոխ նշեմ»։
Երեսունհինգամյա Անահիտ Սիմոնյանը նույնպես այս կարծիքին է. «Մենք Նոր տարին նշում ենք երեխանների և հյուրերի համար. ես ինքս չեմ հանգստանում, չեմ վայելում․ այնքան ուտելիք եմ պատրաստում այդ օրերին, որ երևի մեր ընտանիքը մեկ ամսում հազիվ է ուտում-վերջացնում, բայց տոն է. տարին մեկ անգամ ենք նշում, պետք է լավ և տեղը տեղին արվի»:
Իսկ երեսունամյա Արմինե Պողոսյանի կարծիքն այլ է. «Մենք սովոր ենք ճոխ սեղանների, բայց ինչու՞ ավելորդ տանջվենք. ես ու ամուսինս արդեն երկրորդ տարին է՝ Հայաստանում չենք նշում այս տոնը։ Մենք այլևս գումար չենք ծախսում ամանորյա ճոխ սեղանի և նվերների վրա. հիմա այդ գումարով պատրաստվում ենք գնալ արտերկիր՝ մի լավ հանգստանալու»:
Քառասունամյա Սուրեն Այվազյանի համար այս տոնն ամենասիրելին է: Նա պատմեց, թե ինչպես են այն նշում. «Մենք Ամանորը ընտանիքով ենք նշում. խմում-քեֆ ենք անում․ ամենաճիշտը տանը նշելն է՝ ավանդական բոլոր եղանակներով՝ դոլմա, գինի, կոնյակ, խոզի բուդ, առանց սրանց՝ Նոր տարի չկա։ Երևանում ամենահամով խոզի բուդը մեր սեղանին կտեսնեք, և սա իրոք ճշմարտություն է»:
Տեր Սողոմոն քահանան էլ փաստեց. «Անկախ ամեն ինչից, Նոր տարին հայերիս ամենասիրելի տոներից է։ Յուրաքանչյուր ընտանիք նշելու իր եղանակն ունի․ մեկը նշում է խոզի բդով, մյուսը՝ առանց դրա, բայց պետք է վերջիվերջո հասկանանք, որ տոնի խորհուրդը բդի մեջ չէ։ Նոր տարին ընտանեկան տոն է, որը խորհրդանշում է ընտանիքի ամրություն և փոխադարձ հարգանք»:
Լիա Ավագյան
2-րդ կուրս