ԱՐՎԵՍՏԱՆՈՑԸ` ՆԿԱՐՉԻ ԱՇԽԱՐՀ

ԱՐՎԵՍՏԱՆՈՑԸ` ՆԿԱՐՉԻ ԱՇԽԱՐՀ

10531

Աշնանային արևի շողերը, թափանցելով պատուհաններից ներս, լուսավորում են փոքրիկ գունաշատ սենյակը: Բարձրահարկ շենքի տանիքում գտնվող այդ գողտրիկ անկյունում արվեստի շունչն է իշխում: Սեղանին դրված վրձինները, փայտե շրջանակները, սենյակում դասավորված կտավներն ու ներկերի հոտը մի ուրույն աշխարհ են կերտում: Արվեստանոցում իրենց հատուկ տեղն ունեն նաև տնային բույսերը` պատուհանի մոտ, որ արևի շողերն առաջինն իրենց հասնեն: Եվ ահա, դռան կողպեքի ձայն է լսվում ու ներս է մտնում արվեստագետը` նույն ինքը ՀՀ վաստակավոր նկարիչ Տիգրան Մատուլյանը: Գալիս է արվեստանոցը ևս մի կտավով համալրելու:

Հիսունվեցամյա Տիգրան Մատուլյանը նկարել սկսել է շատ փոքր տարիքից: Առաջին նկարները տեղ են գտել դպրոցական տետրերի, գրքերի վերջում: Նրա հիշողության մեջ վառ է մնացել մանուկ հասակում հայ մեծ նկարչի` Մարտիրոս Սարյանի հետ հանդիպումը. «Մեզ տարան Սարյանի մոտ: Փոքր էինք` երևի 3-րդ դասարան: Երբ մտանք արվեստանոց, տեսա նրան ու հարցրի` Դուք Աստվա՞ծն եք, նայեց-նայեց, ժպտաց ու ասաց ` չէ՛, ես Սարյանն եմ: Ինձ թվաց` ես Աստծո մոտ եմ եկել. այդ նկարները, այդ հոտը, այդ գույնը: Աստվածային ինչ-որ մի բան երևի կար, որ անցավ»:

Նկարչի մասնագիտական գործունեության մեջ առանձնանում են Հայաստանի անկախացման առաջին տարիները, երբ Սարյանի անվան պուրակը դարձավ վերնիսաժ` վայր, որտեղ հայ նկարիչները` այդ թվում նաև Տիգրանը, իրենց աշխատանքները սկսեցին ցուցադրել և վաճառել: Արվեստագետը նշում է, որ հատկապես այդ տարիներին շատ կարևոր էր, որ աշխատանքը գնահատվեր և իր գնորդին գտներ, քանի որ ներկերը շատ թանկ արժեին. «Երբ նկարը վաճառվում էր, ուրախանում էինք ոչ թե այն պատճառով, որ գումար ենք աշխատել, այլ որ կարող ենք շարունակել նկարել»,- պատմում է նա:

Նկարելու համար անհրաժշտ պայման է արվեստագետի ներքին հանգստությունը: Նա նկարելիս չի մտածում պատկերների ու գույների մասին: Ստեղծում է իրեն ոգեշնչող միջավայր, միացնում է երաժշտություն, ու սկսվում է զրույց նկարչի և կերպարի միջև: «Այդ երկուսի արանքում` ինչը որ դու նկարում ես և ինչը որ նկարվում է, տեղի է ունենում հրաշք: Այն ո՛չ դու ես ղեկավարում և ո՛չ էլ նկարը»,- ասում է նկարիչը: Հենց այդ հրաշքով էլ ստեղծվում են Մատուլյանի նկարները, որոնց կարելի է հանդիպել Երևանի ժամանակակից արվեստի թանգարանում, «Արամե» պատկերասրահում, Հայաստանի ազգային պատկերասրահում, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի «Խրիմյան» թանգարանում, և այլ ցուցասրահներում։

Տիգրան Մատուլյանը անհատական և խմբակային ցուցահանդեսներ է ունեցել Կանադայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, ինչպես նաև շատ այլ եվրոպական երկրներում: Նա խոստովանում է, որ հաճույքով մասնակցում է բարեգործական նպատակով կազմակերպված ցուցահանդեսների։ Մինչ օրս այսպիսի շուրջ 30 ցուցահանդեսի է մասնակցել. «Այնքան հաճելի բան է, երբ օգնում ես մի երեխայի ու նա չգիտի, որ դա դու ես: Դա առաջինը հենց ինձ է պետք: Ես դրա կարիքն ավելի շատ ունեմ: Բարեգործությունը հոգևոր զգացում է, սիրո մի տեսակ»,- ասում է նկարիչն ու ժպտում ակնոցի տակից փայլող կապույտ աչքերով:

2-1

Գայանե Ենոքյան

2-րդ կուրս

Կիսվել