«ՉԻ ԳՏՆՎԻ ՄԻ ՈՒՍԱՆՈՂ, ՈՐԸ ԿԱՍԻ, ԹԵ ԼՍԱՐԱՆՈՒՄ ԻՐԵՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԷԻՆ ԽԵՂՃՈՒԹՅՈՒՆ,...

«ՉԻ ԳՏՆՎԻ ՄԻ ՈՒՍԱՆՈՂ, ՈՐԸ ԿԱՍԻ, ԹԵ ԼՍԱՐԱՆՈՒՄ ԻՐԵՆ ՍՈՎՈՐԵՑՆՈՒՄ ԷԻՆ ԽԵՂՃՈՒԹՅՈՒՆ, ԹՇՎԱՌՈՒԹՅՈՒՆ»

1330

Երևանի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետի դեկան Նաղաշ Մարտիրոսյանի հետ ներքին ազատության մասին խոսելը առնվազն ուսանելի է:

Լավ առիթ է ինքդ քեզ դնելու այսօրվա ուսանողի տեղն ու փորձելու հասկանալ, թե ինչ է նշանակում դեկանի ասած՝ «դեպի լույսը տանող մասնագիտություն» ձևակերպումը:

Ես ուսանող էի 1988-ին ու ակատես, թե ինչպես էր փոխվում բուհի տրամաբանությունն ու ինչպես էր ազատ լինելու մղումը տեղ գտնում առօրյայում՝ ներառելով հաճույքն ու հեռանկարները: 

Երևի այսօր բարդ է համալսարանը համարել ազատությունների վերաիմաստավորման միջավայր, քանի որ ազատության ներքին ընկալումը նաև ստիպում է լինել ռացիոնալ: Այսինքն, մտածել՝ իսկ ի՞նչ է ինձ տալիս ակադեմիական կրթությունը (բացի դիպլոմից, իհարկե), որը չի կարելի յուրացնել ինքնուրույն:

Լրագրությունը որպես մասնագիտություն ընտրելն ու չորս տարի բուհում սովորելը այն պարտադրանքից է, որը կարելի է ներկայացնել կա՛մ պաթետիկ՝ հաստատակամ շեշտելով «ոսկե կանոնները», կա՛մ ռացիոնալ դիտանկյունով՝ դնելով դրանք կասկածի տակ:

Նաղաշ Մարտիրոսյանը կողմ է այն մտքին, որ թեև մեդիա դաշտը Հայաստանում լի է խնդիրներով, բայց լրագրությունը տանում է դեպի լույսը:

Այսօր լրագրողը դարձել է էժան աշխատուժ, վաճառում է իր մասնագիտությունը ջրի գնով: Համաձա՞յն եք, որ լրագրողի գինը ընկել է շուկայում:

Ես այլ կարծիք ունեմ: Ի վերջո, ժուռնալիստը ի՞նչ խնդիր է լուծում: Նա բավարարում է հանրության տեղեկատվություն ստանալու պահանջը, քաղցը: Եվ այսօր մարդիկ տեղեկատվական ահռելի հոսքերի մեջ են ու հարյուրավոր հնարավորություն ունեն տեղեկատվություն ստանալու:

Եվ եթե մտածում եք, որ ժուռնալիստի մասնագիտությունը արժեզրկվել է, ես չեմ կարող համամիտ լինել:

Մենք խոսում ենք պրոֆեսիոնալ լրագրության, այլ ոչ թե ուղղորդվող տեղեկատվություն տարածողների մասին:

Իհարկե, յուրաքանչյուր ոք կարող է տարածել տեղեկատվություն, և տեղեկատվական տեխնոլոգիաները տալիս են այդ հնարավորությունը, բայց պրոֆեսիոնալ լրագրությունը այլ նպատակներ ունի:

Եվ այսօր կանգնած է լուրջ մարտահրավերների առջև: Եթե այդ մասին ենք խոսելու, սիրով պատրաստ եմ:

Այսօր Հայաստանում լրագրող դառնալու ցանկություն ունեցողը չորս տարի պետք է սովորի լրագրության կանոններ, հետո գնա աշխատելու՝ անելով այն, ինչ թելադրելու են մեդիայի սեփականատերերը: Եվ որքանո՞վ է ակադեմիական կրթությունը համապատասխանում կյանքին: 

Մենք լրագրողներ պատրաստում ենք ոչ միայն այն բանի համար, թե այս պահին դրա կարիքը կա թե չկա: Այլ նրա համար, որ ի վերջո, դաշտում լինեն խաղի կանոններ, որ գերակշռեն այն մարդիկ, որոնց համար թանկ են խաղի կանոնները, որ քաղաքակիրթ միջավայրում ընդունված մասնագիտական էթիկան և չափորոշիչները մեզանում նույնպես դառնան կարևոր:

Ի վերջո, ձեռքերը թափ տալը ելք չէ:

Եթե մարդը երազում է բժիշկ դառնալու մասին, ի՞նչ է անում: Մարդը գնում է և ստանում է մասնագիտական կրթություն: Ի՞նչ է անում մարդը, եթե ուզում է դառնալ օդաչու: Գնում ու ստանում է մասնագիտական կրթություն: 

Ի՞նչ է անում մարդը, եթե երազում է ժուռնալիստ դառնալու մասին: Ստանում է մասնագիտական կրթություն:

Չի կարծում, որ ժուռնալիստ դառնալու համար հարկավոր է ընդամենը նստել համակարգչի առաջ, որևէ ստատուս, մտորում կամ տեղեկություն գրել, ու նա արդեն ժուռնալիստ է:

Ժուռնալիստիկան այն մասնագիտությունն է, որը ենթադրում է մասնագիտական հմտություններ, լուրջ կրթություն: Իհարկե, ինձ հաճախ հակադարձում են, որ այսօր կան մարդիկ, որոնք լրագրության մեջ են, հայտնի անուններ են, բայց մասնագիտական կրթություն չունեն:

Բայց այդ մարդիկ ահռելի ճանապարհ են անցել և միայն իրենց ու իրենց ընթերցողներին, հեռուստադիտողին կամ ռադիոունկնդրին է հայտնի սայթաքումների ու վրիպումների ամբողջ այն ճանապարհը, որը օգնել է նրանց կայանալու: 

Մասնագիտական կրթությունը այբուբենի իմացությունն է, որը յուրաքանչյուր մասնագիտության դեպքում, անհրաժեշտ է: Աշխարհը վաղուց դա հասկացել է: 

Հիմա իմ սեղանին է «Դեպի խմբագրություն» գիրքը, որից կուզեի մի ձևակերպում ընթերցել. 

«Այսօր համալսարանն այն վայրն է, որտեղ ծնվում է լրագրությունը: Այսօր չեք հանդիպի լրագրողի, որն իր մասնագիտական կարիերան սկսել է դպրոցական շաբաթաթերթում աթոռներին մաստակ կպցնելու համար ամոթալի սովորության մասին նյութ տպագրելով: Որքան էլ մարդը գրելու շնորհք ունենա, չի կարող առանց համալսարանական մասնագիտական կրթության լրագրող դառնալ: Ինչպես առաջին օգնություն ցույց տվողը դեռ բժիշկ չէ»:

Երբ ասում եք, որ համալսարանը կենտրոն է, կարո՞ղ եք նշել դեպքեր, երբ համալսարանի լրագրության ֆակուլտետը անդրադարձել է այսօրվա խնդիրներին՝ ոչ պրոֆեսիոնալ աշխատանքին, լրագրողների իրավունքների խախտումներին, կախյալ վիճակին և այլն: 

Եթե որևէ մեկը (ոչ միայն ժուռնալիստիկայի ֆակուլտետը) ուզում է դաշտում լուրջ կանոններ փոխել, պիտի հասկանա, որ մեր դաշտը հեշտ կարգավորողներից չէ: 

Հայաստանում այն վերածվել է մարտադաշտի, որտեղ լուրջ փողեր են ներդրվում՝ մի քանի աղբյուրներից, հնարավոր է նաև՝ դրսից:

Եվ եթե ձեզ թվում է, որ ժուռնալիստիկայի ֆակուլտետը կարող է այդ դաշտում լուրջ վերափոխումներ անել, ուրեմն առավել անուղղելի լավատես եք, քան ես:

Իհարկե, դաշտում պիտի փոփոխություններ անենք, և եթե ավելանա պրոֆեսիոնալ լրագրողների թիվը, փոփոխություններն ավելի հնարավոր կդառնան:

Մեդիա դաշտի լավագույն մասնագետները մեր ֆակուլտետում վարպետության դասեր են վարում, մենք ամեն օր աշխատում ենք լրագրողական կազմակերպությունների հետ՝ կարգավորելով փոքր ու մեծ խնդիրները: Բոլորի հետ խորհրդակցում ենք, ներգրավում ենք, ճշտում նրանց հետ նույնիսկ մեր ուսումնական պլանները վերափոխելիս:

Ժուռնալիստիկայի ֆակուլտետը կտրված չէ իրականությունից, աշխարհից: Եթե կտրվեց մեդիա դաշտից, լրագրողական կառույցներից, դա կլինի ժուռնալիստիկայի ֆակուլտետի խորտակման լավագույն պայմաններից մեկը: 

Մեր ուսանողներից շատերը աշխատում են դաշտում, բայց այլ հարց է, թե նրանք ինչ միջավայրում են հայտնվում և նրանցից ում ինչ խաղի կանոններ են սովորեցնում՝ մոռանալով այն, ինչը սովորել են համալսարանում:

Լինում է, որ ասում են՝ աղջիկս, տղաս, խաչ քաշիր քո սովորածի վրա և ենթարկվիր նոր խաղի կանոններին, որովհետև մենք քեզ դրա համար վճարում ենք:

Հնարովո՞ր է շտկել այս ամեն ինչը: Իհարկե, հնարավոր է: Պետք է անցնել ճանապարհ:

Դուք Սովետը տեսած մարդ եք: Արդյո՞ք դա բավականին երկար ճանապարհ չէ:

Եկեք մոռանանք սովետական շրջանը: Սովետական ժուռնալիստիկայի որևէ օրենք քննություն չի բռնել 1988-ից հետո, երբ մամուլը փորձեց նոր խաղի կանոններ որդեգրել: 1990-ականներին շատ հետաքրքիր մամուլ ունեինք, դրա մասին խոսք չկա:

Բայց նայեք վերջին երկու տարվա մեր մեդիա դաշտին, որտեղ խոսքի ազատության բացառիկ հնարավորություն է և խոսքի ազատության չգնահատման բացառիկ դրսևորում:

Ձեր կարծիքով՝ ինչու՞ 1990-ականների վերջից լրագրողները դադարեցին լինել թելադրող, ավելի շուտ դարձան տարբեր ուժերի կցորդներ:

Բարեբախտաբար միշտ եղան լրագրողներ, որոնք չկորցրեցին իրենց դեմքը, դիմագիծը, սկզբունքները՝ հավատարիմ մնալով լրագրության ոսկե կանոններին: Եվ նրանցից յուրաքանչյուրի հետ հանդիպումը մեր համալսարանում դառնում է տոն:

Բայց բոլոր ժամանակներում եղան նաև լրագրողներ և լրատվամիջոցներ, որոնք չդիմացան մեծ ու փոքր գայթակղություններին, և դա միանգամայն հասկանալի է:

Ի՞նչ է լինելու շարունակությունը: Կարծում եմ՝ պիտի գիտակցենք, որ լրատվամիջոցներն այսօր ապրում են վստահության լուրջ ճգնաժամ:

Լրատվամիջոցները այդ ճգնաժամը կարող են հաղթահարել՝ վերադառնալով ճշմարիտ լրագրությանը: Նաև դաշտը օրենսդրորեն կարգավորելով:

Հիմա ԶԼՄ-ների մասին օրենսդրական բազան բավականին հնացել է և չի արտացոլում մեդիա դաշտի այն փոխակերպումները, որոնք կան այսօր:

Օրենքը բոլորովին այլ ժամանակների և բոլորովին այլ լրատվամիջոցների հագով է ձևած, ինչը կարծում եմ՝ անթույլատրելի է:

Ի՞նչը կուզեինք փոխել օրենքում:

Լրատվամիջոցների ֆինանսական հոսքերը պիտի թափանցիկ լինեն, պիտի երևա լրատվամիջոցների սեփականատերերի դեմքը, որպեսզի յուրաքանչյուր սպառող իմանա, թե ինֆորմացիան ո՛ր կողմից է գալիս:

Ի վերջո, տեղեկատվությունը նման է քամուն: Նայած, թե որ կողմից է այն փչում:

Իհարկե, լրատվությունը բիզնես է, բայց ո՞վ է ասում, որ բիզնեսը չպիտի ունենա խաղի բարոյական կանոններ: Ո՞վ է ասում: 

Իսկ այսօր հարց է՝ այդ խաղի կանոնները պահելու լծակներ կա՞ն, թե՞ չկան, կամ՝ այդ լծակների առկայությամբ արդյո՞ք սահմանափակվում է խոսքի ազատությունը, թե՞ հակառակը:

Որպես շատ բան տեսած մարդ, կարո՞ղ եք ասել՝ հիմա ուսանողները ազա՞տ են, թե՞ ոչ: Նկատի ունեմ՝ ներքուստ, ռացիոնալ տեսանկյունից:

Նրանք առավել քան ազատ են: Ուսանողներն իրենց ազատությունների ամբողջ ընդգրկումը ցույց տվեցին 2018-ի ապրիլ-մայիս ամիսներին: Այն ուսանողները, որոնք արեցին հեղափոխությունը, ցույց տվեցին իրենց ներքին ազատության չափը: 

2018-ի սերունդը դուրս եկավ փողոց և վերադարձավ լսարան այն ժամանակ, երբ լուծեց իր առջև դրած խնդիրը։

Բայց վերադարձավ նույն լսարանը:

Բարեբախտաբար փոխելու շատ բան չկար: Եթե 1988-ի ուսանողները շատ բան սովորեցին շարժման ընթացքում, ապա 2018-ին փողոց դուրս եկած ուսանողները ըստ էության ազատությունը յուրացրել էին արդեն լսարանում՝ սովորելով լրագրություն, մարդու իրավունքներ և այլ բաներ: 

Եվ հեղափոխության առաջնորդներից ոմանք էլ նրանց դասախոսներն էին: Այնպես, որ լսարանը ինչ-որ առումներով նախապատրաստել էր հեղափոխությունը:

Հետաքրքիր է, որ հավատում եք դրան:

Ես հավատում եմ ու գիտեմ, որ չի գտնվի մի ուսանող, որը կասի, թե լսարանում իրեն սովորեցնում էին խեղճություն, թշվառություն և այլն, իսկ իրենք այդ շղթաները պոկեցին:

Մեր ուսանողները ազատության անսահման հնարավորություն են ունեցել և ունեն: Նրանք երբեք չեն լսել «չի կարելի» բառը: 

Ընդամենը մեկ հարցում համաձայն չեմ եղել իմ ուսանողների հետ և մինչև այսօր համաձայն չեմ: Դա բանակի տարկետման հարցն է: 

Ես ասում եմ, որ յուրաքանչյուր տղա զինվոր է և պիտի ծառայի բանակում՝ առանց տարկետման: Տղաս նույնպես զինվոր է…

Դա հասկանալի է, իսկ ի՞նչը կուզեիք փոխել ֆակուլտետում, եթե ունենայիք կախարդական փայտիկ: 

Կուզեի, որ մեր ունեցած տեխնիկական և աշխարհի հետ հաղորդակցվելու հնարավորությունների յոթնապատիկը ունենայինք, որ ուսանողները կարողանային լայն պրակտիկա անցկացնել:

Որտեղ էլ լինեն հետագայում լրագրող ուսանողները, իրենք միշտ մտածում են այնպես, ինչպես 1996-ին գրել է նոր լրագրության ջատագով Գաբրիել Գարսիա Մարկեսը: 

Հիմա կարդամ. «Ուսանողների մեծամասնությունը լրագրություն մուտք են գործում ակնհայտ թերի պաշարով: Նրանք հաճախ լուրջ խնդիրներ ունեն կապված իմացությունների հետ և չեն կարողանում միանգամից ընկալել ընթերցված նյութը: Նրանցից ոմանք հպարտանում են, որ կարող են ընթերցել նախարարի սեղանին գլխիվայր դրված գաղտնի փաստաթուղթը և այլն և այլն»:

Մեր շրջանավարտներից ոմանք մտածում են՝ դե լավ է՛, մեզ ի՞նչ սովորեցրին որ:

Բայց իրականում այն, որ իրենք դաշտում կայացել են ու դարձել առաջինը կամ առաջիններից մեկը, դա պայմանավորված է մասնագիտական որակներով, որոնք ձեռք են բերել համալսարանում՝ հաճախ չարժևորելով դա:

Այն լույսը, որն իրենք վերցրել են համալսարանից իրենց հոգում, մեծացել և ընդլայնվել է:

Ուսանողը երևի ինքն իրեն է սիրում՝ իր երիտասարդ ու հետաքրքրասեր ժամանակը:

Այսինքն, եթե ուսանողը սիրում է իր համալսարանը, իր հայրենիքը, դա նշանակու՞մ է, որ չի սիրում ո՛չ համալսարանը, ո՛չ հայրենիքը, ո՛չ հայրենի տունը, այլ իրե՞ն է սիրում: 

Նկատի չունեմ ինտիմ զգացմունքները՝ ինչպես հայրենասիրությունը:

Ոչ, համալսարանը հայրենիքի պատառիկն է, ինչպես հայրենի եզերքը: Նրանց սիրած աղջիկն ու տղան էլ հայրենիքի մի մասն են:

Այդքան ճակատայի՞ն և ուղի՞ղ:

Բոլոր նրանք, ովքեր ուղիղ ասելով նկատի ունեն գնացքի երկու գծերը, որոնցով պետք է գնալ՝ ոտքերը կողմ չդնելով, սարսափելի տխուր, տաղտկալի մարդիկ են:

Ուղիղ գնալը նշանակում է միշտ գնալ դեպի լույսը, որը մերժելի չէ գրված ու չգրված բոլոր օրենքներով:

Բայց ժուռնալիստի մասնագիտության դեպքում ուղիղ գնալը նշանակում է հավատարիմ մնալ մասնագիտության ոսկե կանոններին և տեղյակ լինել բոլոր փոխակերպումներին, որոնք կատարվում են դաշտում՝ պահանջված լինելու համար:

Շատ ճիշտ եք ասում, բայց երևի դեպի լույս ենք գնում, երբ խավարում ենք: Հիմա խավարու՞մ ենք:

Միշտ պետք է գնալ դեպի լույսը: 
Հարցազրույցը Նունե Հախվերդյանի
<< media.am >>

Կիսվել