Ծխելը վնասակար է առողջությանը… թույլ մի՛ տվեք երեխաներին ծխել ծխախոտի ծուխը… ծխելն առաջացնում է թոքի քաղցկեղ…այս և նմանօրինակ այլ արտահայտություններ բոլորս և ամեն օր ենք նկատում ընտանիքի անդամների, ընկերների ու հարազատների ձեռքին գտնվող ծխախոտի տուփի վրա: Մի շարք երկրներ արդեն գտել են այս ախտածին երևույթի դեմ պայքարի միջոցներ՝ ընդհուպ ծխախոտի գնի բարձրացում, տուգանքներ սահմանված վայրերում ծխելու դեպքում, բայց….չեմ կարող, կախվածություն է, նման արդարացումներ ամենուր ենք լսում: Եվ վերջապես, այսուհետ, մեր երկրում ևս, կիրականացվեն կոնկրետ քայլեր՝ ընդդեմ ծխելու: Եվ, չնայած այն բանի, որ փետրվար ամիսը, մանավանդ 10-15-ն ընկած ժամանակահատվածն ասոցացվում է սիրահարներին նվիրված տոների հետ, այս տարի ԱԺ-ն մի փոքր փոխեց ավանդույթները: Փետրվարի 13-ին՝ Տեառնընդառաջի նախօրյակին, ( թե ինչու շեշտեցի այս փաստը կիմանանք ստորև) Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց հակածխախոտային հայտնի օրինագիծը, որով առաջարկվում է ծխելն արգելել հանրային փակ տարածքներում, ինչպես նաև հանրային սննդի բոլոր օբյեկտներում: Ինչ խոսք, չափազանց կարևոր ու մշակութային դրական փոփոխության բերող քայլ է:
Ոգևորիչ էր այս հանգամանքը մանավանդ Սևանում քաղաքում․ փետրվարի 14-ի տոնակատարությունը, միանալով «Գեղարքունյաց Ձմեռ-2020» մարզամշակութային տոնակատարությանը, (ի դեպ, ավանդույթի համաձայն` յուրաքանչյուր տարվա փետրվար ամսին համայնքներում տեղի են ունենում մարզամշակութային միջոցառումներ, որոնք համախմբում են մարզիկներին ու մարզասերներին` նպաստելով սպորտի մասսայականացմանը, առողջ ապրելակերպի ձևավորմանը), հանդես եկավ «Ո´չ ծխախոտին» խորագիրը կրող միջոցառմամբ: Միջոցառմանը մասնակցում էին համայնքի հանրակրթական դպրոցների, նախադպրոցական ուսումնական հաստատությունների, Ն. Դագարյանի անվան մանկապատանեկան մարզադպրոցի աշակերտներն ու սաները:
Օրվան համահունչ` կենտրոնում խարույկն էր, որի շուրջբոլորը պարային համույթների կատարումներն էին հաջորդում միմյանց, տարբեր մարզաձևերի ու խաղաձևերի մրցումներն ու մրցելույթներն էին, մարզական ցուցադրական կատարումները: Տեառնընդառաջի շնչով պատրաստված սեղաններն էլ հրավիրում էին համտեսի:
Օրվա գլխավոր խորագիրն էլ` «Ո´չ ծխախոտին», դարձել էր նկարազարդումների և ներկայացված վահանակների առանցքը:
Հետաքրքիր և բովանդակալից օրն ավարտվեց 7 մարզա և խաղաձևերի հաղթողների պարգևատրման արարողությամբ: Լավագույն եռյակներն արժանացան Սևան համայնքի ղեկավար Սարգիս Մուրադյանի հավաստագրերին:
Արաքսյա Սահակյան
5-րդ կուրս