ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԶԴՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԵՐԱԶԴՄԱՆ ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԿՈՂՄԸ

1543

«Հեռուստատեսությունը բազմաթիվ առումներով մեզ հետ է շպրտում դեպի անգրագիտության ժամանակները։ Գնահատվում է հույզերի ու վախի վրա տեսողական ներգործությունը, այլ ոչ թե մտքի խստականոն տրամաբանության գրավչությունը»։

Հեռուստաեթերի  ազդեցությունը է մարդկանց վրա նման է  հիվանդության: Մարդիկ այնքան են կախման մեջ ընկնում, որ անգամ, եթե ժամանակ չունեն դիտելու ՝ գործերով զբաղված լինելու պատճառով, միգուցե նաև աշխատավայրում են, հաճախ պարզապես միացրած են թողնում հեռուստացույցը, և միայն ձայնն էլ լսելով իրենց բավարարված են զգում: Կարծես որդեգրման սինդրոմ լինի․ եթե արդեն ընդունել ես նրան քո ընտանիք, ուրեմն ապրիր՝ միշտ ունենալով նրան քո կյանքում: Հեռուստացույցն  ընտանիքի անդամ է յուրաքանչյուրի տանը: Եթե հարցնես այս պահին ինչ են ցույց տալիս, երբ միացրած է տվյալ հեռուստաալիքը, շատերը կպատասխանեն՝ ի՞նչ իմանամ, անիմաստ որևէ բան, կամ մի բան ցույց կտան էլի: Բայց և այնպես, միևնույնն է, այդ նույն մարդիկ չեն կարող չմիացնել հեռուստացույցը, էլ ուր մնաց խոսելը վերջինիս փչանալու մասին: Նույն օրն, անմիջապես, վարպետ կկանչեն, իսկ թե չի նորոգվում, ամեն գնով նորը կգնեն: Մեդիա մեկնաբան Մ. Մաքկլուենի կարծիքով՝ հեռուստատեսությունն ազդում է անկախ իր բովանդակությունից:  «Հեռուստատեսության ազդեցությունը, որպես մեր նյարդային համակարգի ամենավերջին ընդարձակում, շատ դժվար է հաշվարկել, որովհետև այն ազդել է մեր կյանքի բոլոր՝ անձնական, քաղաքական, սոցիալական ոլորտների վրա»:

Հեռուստաեթերի հոգեֆիզիոլոգիական ազդեցության շնորհիվ մարդ իրեն միշտ մասնակից է զգում աշխարհի անցուդարձին: Համաձայն որոշ ուսումնասիրությունների, կանայք կարող են միևնույն ալիքը մեկ ժամ շարունակ դիտել՝ առանց փոխելու այն, իսկ տղամարդիկ՝ ոչ: Վերջիններս անընդհատ փոխում են ալիքը, անգամ սիրելի հաղորդումը դիտելիս: Հետաքրքիր է՝ իսկ եթե այլ ալիքով որևէ հետաքրքիր բան են ցույց տալիս, կարևոր ապրանք գովազդում կամ ծրագրի անոնս է, որն իրենք կցանկանան դիտել:

Որքան էլ ապրում ենք համացանցի դարաշրջանում, այնուամենայնիվ, հատկապես կանանց համար հեռուստաեթերը չի կորցնում իր պահանջարկը: Հեռուստաեթերի հայտնվելու շնորհիվ մարդկանց մտահորիզոնն ընդլայնվեց, ամրապնդվեց մարդկանց ճանաչողական հնարավորությունները՝ հիշողությունը, ուշադրությունը, մտածելու և հետևություններ անելու կարողությունը: Անգամ տարեց մարդն, որն արդեն թույլ հիշողություն ունի, կարողանում է հիշել սիրելի հեռուստասերիալի բոլոր հերոսների անունները, մինչև անգամ, նկարահանող ռեժիսորի անունը: Ֆուտբոլի սիրահարները հիշում են մի ամբողջ ֆուտբոլային ակումբ՝ անուն առ անուն, նրանց տված պասերը, գոլերը, խաղը վարող մրցավարներին՝ իրենց տարօրինակ թվացող ազգանուններով:

Հեռուստաեթերն իր տեսակով առաջընթաց է հիշեցնում: Միակ պատճառը, որ  այժմ հեռուստաեթերը սկսել է կորցնել իր առաջնային դերը, ցուցադրվող հաղորդումների որակն է: Հեռուստաեթերը հեռարձակում է հաղորդումներ՝ գոհացնելու համար միջին մակարդակի հանդիսատեսին: Բավարարվելով միայն հեռուստաեթերով՝ մարդու զարգացվածության աստիճանը մնում է նույն մակարդակի վրա: Կառչած մնալով հեռուստաեթերից, մարդու մոտ նույն կարծրատիպերն են ամրապնդվում, և ոչ մի առաջխաղացում: Սակայն, պետք է ընդունել, որ ժամանակն արագ է անցնում, և տեսնելով շրջապատում կատարվող փոփոխությունները, բայց դոփելով նույն տեղում, մարդու մոտ դատարկություն է առաջանում, ձանձրույթի զգացում. ամեն օր բազմոցի, հեռուստացույցի ընկերակցությամբ ոչ մի նոր բան չի մտնում մարդկային կյանք:

Ի՞նչ է անում սովորական մարդն առօրյայում: Նույնն ամեն օր՝ արթնանալ, ուտել, գնալ աշխատանքի, վերադառնալ տուն, ուտելու որևէ բան պատրաստել: Այս միօրինակ առօրյայում, թվում է, միակ փրկությունն է հեռուստաեթերը, միակ միջոցը որևէ նոր բան տեսնելու կամ իմանալու համար: Սակայն, ձանձրույթի պահին մարդ ասես կորցնում է հոգեկան հսկողությունը: Փնտրում է նոր միջոցներ իր օրը լցնելու համար։  Հենց այսպես էլ մեծացավ պահանջարկը համացանցի նկատմամբ՝ բերելով այսպես ասած համացանցային ժամանակաշրջան: Չկորցնելու համար իր պահանջարկը, հեռուստաեթերը սկսեց ավելի շատ հեռուստաշոուներ կազմակերպել, սկանդալային հաղորդումներ ցուցադրել, ավելի հաճախ լուրերի թողարկումներ դնել, սիրային պատմություններով հեռուստասերիալներ նկարել:

Մարդն ինքն է կատարում իր ընտրությունը՝ երբ և ինչով զբաղվել, սակայն երբ մարդ ծեր է կամ հիվանդ, գամված է անվասայլակին կամ, թեկուզ, պարզապես ապրում է հեռավոր գյուղում, որտեղ չկան ժամանցի վայրեր, միակ փրկությունը, բժիշկն  ու ընկերը  է դառնում հեռուստատեսությունը:

Հեռուստաեթերը միշտ էլ կունենա ու կվայելի իր պահանջարկը՝ շնորհիվ ունեցած մի շարք հոգեֆիզիոլոգիական առանձնահատկությունների: Խնդրի շուրջ մեզ հետ զրույցում իր տեսակետը հայտնեց նաև հեռուստամեկնաբան Քրիստինե Ալագուլյանն, ով նույնպես կարծում է, որ հսկայական է հեռուստատեսության դերն ու ազդեցությունը: Ըստ նրա՝ այժմ շատ մեծ է օնլայն աշխատող լրատվամիջոցների թիվը, որոնք չափազանց մեծ լսարան ու ազդեցություն ունեն: Այդուհանդերձ, հեռուստատեսությունը շարունակում է մնալ իր տեղում, գոնե՝ Հայաստանում: Այսինքն, մարդիկ, ովքեր օրվա ընթացքում տեղեկություններ են լսում դեսից-դենից, միշտ ցանկանում են վերջում հեռուստացույցից լսել այդ ամենը։ Համապատասխանու՞մ է  արդյոք լուրն իրականությանը, թե՝ ոչ: Մարդկանց մոտ դեռևս արմատացած է այն համոզմունքը, որ քանի դեռ տվյալ իրադարձության մասին չի խոսվել հեռուստատեսությամբ, այն չի համապատասխանում իրականությանը։  Բացի այդ, երբ մարդիկ տարաբնույթ լուրեր են լսում, կարծես խառնաշփոթ առաջանում:  Ուզենք, թե չուզենք, հեռուստատեսությունը ազդում է մարդու ենթագիտակցության վրա: Նույնը վերաբերում է  գովազդի պատկերին.  երբ խանութ ես գնում, ենթագիտակցությանդ մեջ նստած տեղեկատվությունն ես փնտրում խանութում՝ ընտրելով այն ապրանքը, որի գովազդն արդեն տեսել ես: Այս իմաստով՝ դեռ հեռուստատեսությունն առանձնահատուկ նշանակություն ունի:

Արաքսյա Սահակյան

 5-րդ կուրս   

Կիսվել