ՄԹԵՐԱՅԻՆ ՇՈՒԿԱ՝ 20-ԱՄՅԱ ԳԱՐՇԱՀՈՏՈՎ

ՄԹԵՐԱՅԻՆ ՇՈՒԿԱ՝ 20-ԱՄՅԱ ԳԱՐՇԱՀՈՏՈՎ

1570

Երբ գալիս է գիշերը, Էրեբունի վարչական շրջանի Սասունցի Դավիթ արձանի հետնամասում բացվում է մթերային շուկա և գործում մինչ առավոտ՝ փակելով արձանի հարակից փողոցները: Այդ տարածքի բնակիչները բազմիցս դիմել են թաղապետարան՝  բողոքելով, որ տարածքը միշտ աղտոտված է, տհաճ հոտ է տարածվում, նրանք չեն կարողանում առավոտյան մեքենաներով դուրս գալ իրենց բակերից, ստիպված մեքենաները կայանում են հեռու կամ երթևեկում միակողմանի և ոչ բարեկարգ փողոցով, որտեղ, հատկապես առավոտյան, միշտ խցանումներ են լինում:

Բնակիչների խոսքով, երբ  իրենք դիմել են քաղաքապետարան, պատասխանը եղել է անփոփոխ՝ փորձում են խնդիրը կարգավորել․

– Թաղապետարանի  Առևտրի, սպասարկումների և գովազդի բաժնի աշխատակիցները համառորեն հերքեցին շուկայի գոյության մասին լուրերը, սակայն, երբ նրանց  ցույց տվեցինք  հավերժացրած  լուսանկարները, միանգամից մեզ ուղղորդեցին պետի աշխատասենյակ, նա էլ իր հերթին մեզ ցույց տվեց մամուլի խոսնակի դուռը՝ ասելով, որ հարցերի պատասխանը նա գիտի։ Մամուլի պատասխանատու Արթուր Օսիպյանը  չհերքեց շուկայի գործունեության մասին լուրերը, ավելին՝ հաստատեց, որ բազմաթիվ բնակիչներից բողոքներ են ստացել աղտոտվածության, աղբահոտի և ճանապարհի անանցանելիության վերաբերյալ։ Մեր հարցին, թե մինչեւ այսօր ինչ քայլեր են ձեռնարկել այդ ուղղությամբ, պատասխանեց, որ թաղապետարանի աշխատակիցները մի քանի անգամ գնացել և խոսել են առևտրականների հետ, բացատրել են, որ այդ տարածքում վաճառք չի թույլատրվում։ Արդյունքի չհասնելով՝ թաղապետարանի աշխատակիցները դիմել են ոստիկանություն, որպեսզի կատարեն շուրջօրյա հսկեղություն և թույլ չտան, որ բեռնատարները կայանեն և վաճառեն ապրանքը։ Արդյունքում՝ մի քանի օր շուկան չի աշխատել, սակայն հսկողությունից հետո այն վերաբացվել է: Թաղապետարանը դիմել է քաղաքապետարանին և ստացել պատասխան, որ նրանք փնտրում են մեծ տարածքներ առևտրականներին տեղափոխելու համար:

Այցելեցինք դրսի շուկա, առևտրականներից տեղեկացանք, որ այն  պատկանում է Կայարանի շուկայի  տիրոջը։ Տեղեկությունը ճշտելու համար խոսեցինք շուկայի հսկիչի հետ, և նա հաստատեց և տեղեկացրեց, որ շուկաները պատկանում են «Բիտեկ ՍՊԸ»-ին: Այն հարցին, թե ինչու նորմալ աղբահանություն չի իրականացվում, պատասխանեցին, որ իրենց պարտականությունների մեջ է մտնում մաքրել  միայն մուտքի հատվածը, բայց նրանք մաքրում են ամբողջ տարածքը մինչև առավոտյան ժամը 11-ը:

Շուկան գործում է 20 տարուց ավելի, այն բաղկացած է երկու մասից՝ առաջնային, որտեղ վաճառում են մանրածախ առևտրականները, իսկ հետնամասում մեծածախ շուկան է, որտեղ աշխատում են հիմնականում Արտաշատի և Արարատի բնակիչները, սակայն տարածքը կրկին չի բավականացնում:

Հիշեցնենք, որ Սասունցի Դավթի արձանը համարվում է նաև զբոսաշրջիկների պարտադիր այցելելու վայր։ «Սիթի տուռ բասս» երկհարկանի ավտոբոիսի գիդի խոսքով՝ հաճախ է պատահում, երբ նրանք զբոսաշրջիկների հետ միասին կանգ են առնում արձանի հարևանությամբ, եւ միշտ տեղանքը աղտոտված է  բանջարեղենային մնացորդներով, աղբի հոտն ու անբարեկարգ վիճակը զբոսաշրջիկները նկատում են մինչեւ մշակութային կոթողը տեսնելը։

Սիլվի Գրիգորյան

3-րդ կուրս

Կիսվել