ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՉԱՐԵՆՑԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՉԱՐԵՆՑԻ ԹԱՆԳԱՐԱՆՈՒՄ

1712

Նոյեմբերի 12-ին Եղիշե Չարենցի տուն-թանգարանում կայացավ երիտասարդ նկարիչ Մարիամ Մուղդուսյանի անհատական ցուցահանդեսի բացումը: Ցուցահանդեսին ներկայացված էին Մուղդուսյանի՝ վերջին 7-8 ամիսների ընթացքում ստեղծված  աշխատանքները՝ նատյուրմորտներ, բնապատկերներ, դիմանկարի ժանրում արված կտավներ և այլն:

Նկարչուհու խոսքերով անհատական ցուցահանդես պատրաստվում էր ունենալ հաջորդ տարի: Սակայն մեծանուն հայ բանաստեղծ Եղիշե Չարենցի թոռնուհի Գոհար Չարենցի առաջարկը՝ ունենալ անհատական ցուցահանդես Չարենցի թանգարանում, չի կարողացել մերժել. «Ինձ համար մեծ պատիվ է հենց այստեղ ունենալ ցուցահանդես»,- ասում է նկարչուհին:

Ցուցահանդեսի բացմանը խոսքով հանդես եկավ Հայաստանի նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, ով նշեց, որ Մարիամի ստեղծագործություններում զգացվում է, որ նա ունի մեծ սեր դեպի մարդը. «Շատ կարճ ժամանակում ստեղծված այս ցուցահանդեսային նմուշները հույս են տալիս մտածելու, որ մենք գործ ունենք շատ հետաքրքիր, տաղանդավոր և աշխատունակ ստեղծագործողի հետ: Սրանք քայլեր են, որոնք պետք է ապագա ունենան»:

Սա նկարչուհու 2-րդ անհատական ցուցահանդեսն է. նա մասնակցել է նաև մի շարք խմբային ցուցահանդեսների Հայաստանում և արտերկրում: Աշխատանքները գտնվում են Իտալիայում, ԱՄՆ-ում, Գերմանիայում, Չեխիայում և Ռուսաստանում:

Մարիամ Մուղդուսյանը մասնագիտությամբ նաև լրագրող է. Ավարտել է ԵՊՀ լրագրության ֆակուլտետը՝ մագիստրոսի աստիճանով: Սակայն ինչպես ինքն է ասում, ժամանակավորապես դադարեցրել է լրագրողական գործունեությունը՝ իրեն ամբողջովին տալով նկարչությանը:

Ցուցահանդեսին ներկա բանաստեղծ Վահե Արսենը այլ կարծիքի է․ «Լրագրական գործունեությունը միջանկյալ հատված էր Մարիամի կյանքում և անցյալը իրականում հենց նկարչությունն էր, որին էլ հենց նա վերադարձավ»: Ըստ Վահե Արսենի, Մարիամի արվեստը բարդ արվեստ է։ «Սրանք հասարակ նկարներ չեն, դրա համար ես այն անվանում եմ անկանգառ արվեստ: Մարիամի մոտ կանգառները շատ դաժան են և հետո անմիջապես նկատելի է կտրուկ փոփոխություն անգամ նրա վրձնահարվածներում և տեխնիկայում»:

«Երբ ես առաջին անգամ տեսա Մարիամի նկարները, զգացի լրիվ մի ուրիշ աշխարհ, մի ուրիշ մտորումներ, և միանգամից մտածեցի, որ նա նկարչուհի է», – ասում է նկարչուհու ուսուցիչ Փարավոն Միրզոյանը: «Շատերը կարծում են, որ նկարիչը այն մարդն է, ով պարտադիր ակադեմիա է ավարտել, բայց նկարիչ հասկացողությունը պետք է լինի մարդու արյան մեջ: Իհարկե, կան աշխատանքներ, որոնք դեռ չունեն այն հասունությունը, բայց համոզված եմ, որ այն նվիրվածությունը և մտածելակերպը որն ունի Մարիամը անպայման կհասցնեն նրան մեծ արվեստի ճանապարհով քայլելուն»:

Մարիամը իր մասնագիտական կարողությունները նաև ներդրել է սոցիալական նախաձեռնության ուղղությամբ։ 2014 թ-ին նա հիմնել է «Մուղդուսյան» արվեստի կենտրոնը, որն ուղղված է սոցիալապես անապահով երեխաներին արվեստի պատմությանն ու կիրառական արվեստին ծանոթացնելուն։ Այս պահին կենտրոնն ունի 35 սան։ Մուղդուսյան արվեստի կենտրոնն ունի նաև վոկալ-անսամբլ, որի սաները ելույթ ունեցան միջոցառման ընթացքում։ Իսկ նկարչության խմբակ այցելող Գուրգեն Դավթյանը ցուցահանդեսի ժամանակ նկարչության իր ուսուցչուհուն նվիրեց իր նկարներից մեկը։

 

Լիանա Գրիգորյան

2-րդ կուրս

 

Կիսվել