ԾԻՐԱՆԱՏՈՆԻՑ ԸՆԿՈՒԶԱՏՈՆ

ԾԻՐԱՆԱՏՈՆԻՑ ԸՆԿՈՒԶԱՏՈՆ

1913

2002 թվականին՝ աշնանային մի գեղեցիկ օր, Աշտարակ-Օշական ճանապարհից քիչ հեռու՝ Քասախ գետի աջ ափին գտնվող հողատարածքում, գրող, նկարիչ ²րևշատ Ավագյանի նախաձեռնությամբ  ծառատունկ կազմակերպվեց ՝ Յոթ մուսաների այգի ստեղծելու մտադրությամբ: Շուրջ յոթանասուն մտավորականներ, հանրաճանաչ, սիրված գրողներ, գիտնականներ, գեղանկարիչներ, երաժիշտներ, լրագրողներ ծառեր տնկեցին՝ հիմնադրելով այն այգին, որը պետք է ունենար հայոց բնաշխարհում աճող բոլոր ծառատեսակները:

Թեև այսօր նրանցից  շատ շատերն այլևս կենդանի չեն՝ Սեն Արևշատյան, Անահիտ Սահինյան,  Հրաչյա Մաթևոսյան և այլք, սակայն ծառերն արդեն վաղուց բարձրացել ու բերք են տալիս:

Արևշատ Ավագյանի այգում հաճելի ավանդույթ են դարձել արվեստին, մշակույթին նվիրված միջոցառումներն ու փառատոնները: Մի քանի ամիս առաջ տեղի ունեցած Ծիրանատոնին հաջորդեց Ընկուզատոնը, որը տեղի ունեցավ հոկտեմբերի 9-ին:  Յոթերրորդ տարին է  այգում ձևավորվել է պտղատոներ անցկացնելու ավանդույթը: Սովորության համաձայն՝  միջոցառումն  սկսվեց Օշական գյուղում գտնվող Սուրբ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող եկեղեցում մոմավառությամբ, ծաղիկներ խոնարհելով Մաշտոցի շիրիմին: Հետո ուղևորվեցին Արևշատ Ավագյանի այգի, որտեղ իրենց «սպասում» էին օրվա խորհրդանիշը համարվող հյուրընկալ ընկուզենիները:  Ծառերի ստվերների տակ դրված հյուրասիրության սեղաններին աշնանային պտուղներն էին:  Փայտե ամանների մեջ լցված ընկույզները նկատելիորեն աչքի էին զարնում: Երգիչներ, գրողներ, նկարիչներ, արվեստը սիրող ու գնահատող մարդիկ հավաքվեցին մեկ վայրում` խոսելու մշակույթի, հայ դասականներից մինչև ներկայիս գրողների մասին: Երգը, ասմունքը և հետաքրքիր զրույցները միախառնվեցին՝ վերածվելով իսկական տոնի: Ընկույզի մասին տարատեսակ պատմություններից հետո նկարիչ-քանդակագործ Հարություն Չալիկյանը ապահովում էր բոլորի ուրախ տրամադրությունը՝ հենց տեղում նկարելով ցանկացողների շարժանկարները:  Նկարիչ Սերգեյ Պողոսյանը  նույպես փորձում էր այդ օրն ավելի հիշարժան դարձնել և նկարում էր դիմանկարներ, իսկ ծառերից տեղ-տեղ թափվում էին ընկույզները:

-Ունենա՛նք ընկույզի նման պինդ առողջություն, կամք,- նշեց երգիչ Արսեն Համբարյանը և սկսեց բոլորին ոգևորել հայրենասիրական երգերով: Հնչեցին նաև երգահան Արտուշ Փարսադանյանի երգերը՝ երգչուհի Արմինե Եղիազարյանի կատարմամբ: Ելույթներ ունեցան սփյուռքահայ գրողներ Հակոբ Բալյանը, գրող- հրատարակիչ Հովսեփ Նալբանդյանը,  այլ մտավորականներ:

Ինչպես նշեց տոնի կազմակերպիչ Արևշատ Ավագյանը՝

-Ուրախ եմ, որ իմ այգին դառնում է արվեստագետների հավաքատեղի, որտեղ ավանդական դարձող պտղատոների օրերին հնչում են հայոց երգերը, բանաստեղծությունները, օրհնանքերն ու կարգախոսները՝  բնական, բանական, հոգևոր-մշակութային կյանքով ապրելու համար:

 

Անի Ավագյան

2-րդ կուրս

Կիսվել