ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՀԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

ԳԵՂԵՑԿՈՒԹՅՈՒՆԸ ԶՈՀԵՐ Է ՊԱՀԱՆՋՈՒՄ

848

Կատարելության ձգտումը, երիտասարդ տեսքը պահպանելու և անթերի լինելու ցանկությունն աստիճանաբար ավելի ու ավելի են մեծանում: Պլաստիկ վիրահատություններն օրեցօր ավելի մեծ տարածում են գտնում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում:


Ըստ վիճակագրության, Հայաստանում մեծ տարածում ունի ռինոպլաստիկան՝ քթի վիրահատությունը, այդ վիրահատությանը դիմողների միջին տարիքը 20-35 է, իսկ դիմողների մեծ մասը, բնականաբար, կին (4 անգամ ավելի շատ, քան տղամարդիկ): Պլաստիկ վիրահատությունների 5-ից 4-ը բաժին է հասնում հենց ռինոպլաստիկային:

25-ամյա Էլինան նշում է, որ իր քիթը դեռ դպրոցական տարիքից իրեն դուր չէր գալիս, դեմքին համապատասխան չէր, և քթի ձևը փոխելն իր վաղեմի երազանքն էր. «Երբ աշխատանքի ընդունվեցի և սկսեցի գումար վաստակել, առաջին նպատակս քթի վիրահատության համար բավականաչափ գումար կուտակելն էր: Եվ, երբ հասկացա, որ արդեն կարող եմ ինձ թույլ տալ այդ «հաճույքը», առանց երկար-բարակ մտածելու դիմեցի պլաստիկ վիրահատության»:

Իսկ 20-ամյա Լյուսյան պատմում է, որ փոքր տարիքում շատ գեղեցիկ քիթ է ունեցել, սակայն ուժեղ հարվածից քիթն ամբողջությամբ կորցրել էր իր հին տեսքը և թե՛ առողջության, թե՛ գեղեցկության տեսանկյունից անհարմարություն էր պատճառում, ինչն էլ դարձավ 19 տարեկանում ռինոպլաստիկայի դիմելու պատճառ:


«Միշտ մտածում էի` եթե կա հնարավորություն քո տեսքը դարձնել այնպիսին, ինչպիսին դու ես ցանկանում, ապա ինչու՞ չանել»,- ասում է նա:

Հոգեբանները պլաստիկ վիրահատությունների նման տարածումը բացատրում են կատարելության ձգտումով՝ պերֆեկցիոնիզմով: Ըստ հոգեբան Ս. Գրիգորյանի` պլաստիկ վիրահատությունը շատերի համար պարզապես սթրեսը հաղթահարելու տարբերակներից մեկն է. «Իրականում արտաքինը փոխելու մղումն այն ճանապարհն է, որը հավանական է թվում դեպրեսիան հաղթահարելու համար: Շատերին թվում է, որ իրենք տխուր են, որովհետև մեծ քիթ ունեն, կամ ինչ-որ բան այն չէ արտաքինում: Նրանք շփոթմամբ հավասարության նշան են դնում
գեղեցիկ արտաքինի և լավ ինքնազգացողության միջև: Երբ որոշակի շտկումներից հետո էլ դեպրեսիան չի հաղթահարվում, նրանց մեջ առաջանում է մեկ այլ ցանկություն կատարելության հասնելու համար»:

Պլաստիկ վիրաբուժությունը հունարենից թարգմանաբար նշանակում է «ստեղծել ձև»: Այն լուծում է գրեթե բոլոր էսթետիկ խնդիրներն ու շատ հաճախ ճակատագրական դեր ունենում մարդու կյանքում` վերականգնելով վստահությունն ու սեփական ուժերի հանդեպ հավատը:

Անահիտ Առաքելյան

 3-րդ կուրս

Կիսվել