ՊԱՐԱՊ ՎԱԽՏԻ ԽԱՂԱԼԻՔ

ՊԱՐԱՊ ՎԱԽՏԻ ԽԱՂԱԼԻՔ

1206

Թագավարակի նոր դեպքերը հաշվելու եւ լրահոսը պարբերաբար թարմացնելու փոխարեն, ծնողների համար առաջարկում ենք երեխաներին զբաղեցնելու մի քանի տարբերակ. մեծերի ժամանակը կանցնի շատ արագ, երեխաներինը՝ հետաքրքիր։

1.Ինչպես պատրաստել պլաստիլին տնային պայմաններում

1 սուրճի բաժակ ջուր

1\2 սուրճի բաժակ աղ

1թ. գդալ բուսայուղ

1թ. գդալ կիտրոնի աղ

սննդային ներկեր

ալյուր

Պատրաստման եղանակը

Կաթսան դնել թույլ կրակի վրա, ավելացնել ջուրը, աղը, կիտրոնի աղը,  բուսայուղը և խառնել, պարտադիր փայտե գդալով: Կաթսայի պարունակությունը հասցնել եռման աստիճանի, բայց չեռացնել: Տեղափոխել այլ տարայի մեջ և սպասել, որ մի փոքր սառչի: Ավելացնել ներկանյութը, խառնել, այնուհետև ավելացնել ալյուրն այնքան, որ ստացվի ձեռքին չկպչող խմոր․ ահա և վերջ:

Պլաստիլինով զբաղվելը զարգացնում է երեխայի  սենսորիկան, մոտորիկան, երևակայությունը:

2.Ինչպես կատարել բնագիտական փորձ

Մի փոքր խոր ափսեի մեջը  լցնել ջուր, ապա վրան ավելացնել կարմիր կամ սև պղպեղ: Վերցնել օճառ կամ սպիրտ պարունակող հեղուկ և մատիկը թաթախել մեջը, այնուհետև թաթախել ափսեի մեջ:

Կտեսնենք` ինչպես է պղպեղը փախչում մատից: Սա պարզ միջոց է երեխաներին բացատրելու, որ մանրէները վախենում են մաքուր ձեռքերից:

3. Ուսուցողական ֆիլմերի կամ մուլտֆիլմերի դիտում

Փոքրիկների հետ ֆիլմեր կամ մուլտֆիլմեր դիտելը լավ միջոց է ամրապնդելու ձեր հարաբերությունները բալիկների հետ: Դիտելու ընթացքում նրանք տարբեր հարցադրումներ են անում, և դուք պետք է բացատրեք նրանց հասկանալի, պարզ բառերով: Ճիշտ ընտրված ֆիմը կամ մուլտը դրական և ուսուցողական ազդեցություն կունենան փոքրիկի վրա:

4. Ինչպես տարբերակել ամռան կամ ձմռան հագուստը

Կազմակերպել խաղ, որի միջոցով երեխան կկարողանա տարբերակել ամառային և ձմեռային հագուստը:

Երկու տարբեր տուփերի վրա փակցնել եղանակին համապատասխանող նկար կամ նկարել այնպես, որ երեխան կարողանա տարբերակել՝  տուփը որ եղանակին է բնորոշ: Այնուհետև, թղթի վրա նկարել կամ համացանցից հանել ամառային և ձմեռային հագուստի նկարներ:  Առաջարկել երեխային հերթով ասել հագուստի անվանումները և որոշել, որ եղանակի տուփի մեջ պետք է դնել այն:

Խաղը զարգացնում է`

.   պատկերների տեսողական ընկալումը

.   տրամաբանությունը

.   վերլուծելու և մտածելու կարողությունը

.   առաջադրանքի վրա կենտրոնանալու կարողությունը։

5. Գույն ու պատկեր

Երեխաները գույներն ընկալում են յուրովի, և պետք է հոգալ, որպեսզի ճիշտ տարբերակի գույները: Այս խաղը կարելի է կազմակերպել տարբեր միջոցներով: Կարելի է խաղալ պլաստմասե գունավոր բաժակներով, փուչիկներով կամ թղթից պատրաստված երկրաչափական պատկերներով: Երեխան պետք է առանձնացնի գույները կամ պատկերներն ըստ հերթականության: Երբ երեխան գլուխ բերի այս ամենը, ցույց տվեք նրան՝ ինչպես են առաջանում գույները: Խառնեք ներկերն ու ստացեք նոր գույն: Սովորեցրեք նրան մի քանի գույնից նոր գույն ստանալ: Խաղը զարգացնում է` 

արագ կողմնորոշվելու ունակությունը, տեսողական հիշողությունը, երևակայությունը:

Տանն անցկացրած ժամանակը հետաքրքիր դարձնելը դեռ բավարար չէ, այն պետք է լինի նաև օգտակար եւ հաճելի: Նմանատիպ հետաքրքիր զբաղմունքներ կարող եք գտնել նաեւ այստեղ՝ https://www.facebook.com/mariampaloyan1326/ ։

Մարո Եղոյան

3-րդ կուրս

Կիսվել