ՍԱՍՈՒՆԻԿԸ ՆՈՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՈՒՆԻ

ՍԱՍՈՒՆԻԿԸ ՆՈՐ ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶ ՈՒՆԻ

1768

Մեկը դեռ մայրիկի ձեռքը բաց չի թողնում, մյուսը բոլորից չարաճճին է, մեկին դժվար է խաղից կտրել, մյուսն էլ ապագայի արդեն հստակ ծրագրեր ունի:
Սասունիկցիները մանկապարտեզի մասին արդեն մոռացել էին, երբ գյուղում մանկապարտեզ կառուցելու համար դիմեցին Հայաստանի համահայկական հիմնադրամին: Հիմնադրամի Մեծ Բրիտանիայի տեղական մարմինը հովանավորեց ծրագիրը, և հիմա Սասունիկում մարզի լավագույն մանկապարտեզն է:
4000 բնակիչ ունեցող Սասունիկը 1998 թվականից ի վեր մանկապարտեզ չի ունեցել։

Համայնքապետ Արման Մարգարյանի խոսքով մանկապարտեզը սպասված նվեր էր համայնքի համար, նախադպրոցական տարիքի երեխաների համար գյուղի դպրոցում հարմարեցված դասասենյակը ծառայում էր որպես նախակրթարան, իսկ ավելի փոքրերն, առհասարակ, զրկված էին մանկպարտեզ հաճախելու հնարավորությունից, որովհետև քչերը կարող են իրենց թույլ տալ՝ երեխաներին մարզկենտրոնի մանկապարտեզ տանել։

-Էլ ստիպված չենք լինի նյութական ու ժամանակային առումներով մեզ նեղություն պատճառել՝ երեխաներին մանկապարտեզ հասցնելու համար,-ասում էին բնակիչները,- արդեն ունենք մանկապարտեզ, որը ոչ միայն ոչնչով չի զիջում մարզի այլ մանկապարտեզներին, այլ նաև գերազանցում է թե՛ տեսքով, թե՛ տեխնիկայով։
Հիմա  երկհարկանի, գունեղ կահավորմամբ ու հարմարավետ մանկապարտեզն այլ համայնքներից է ընդունելության հայտեր ընդունում։ Մանկապարտեզի նոր երկհարկանի շենքն արդեն ընդունել է նախադպրոցական 110 սաների։

Փոքրիկ սաները վազվզում են, հրճվում, և դեռ չեն էլ պատկերացնում, թե ինչ ուրախ ու նոր ճանապարհներ բացող կյանք է իրենց սպասվում:

 

Անի Սիմոնյան

3-րդ կուրս

Կիսվել