«ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ ՀԱՎԱՔԵԼ ԵՆՔ ՊԼԱՍՏԻԿ, ՓՈԽԱՐԵՆԸ ՏՎԵԼ ԿԱԽԻՉՆԵՐ». ԷԿՈ ԱՂԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

«ԲՆԱԿԻՉՆԵՐԻՑ ՀԱՎԱՔԵԼ ԵՆՔ ՊԼԱՍՏԻԿ, ՓՈԽԱՐԵՆԸ ՏՎԵԼ ԿԱԽԻՉՆԵՐ». ԷԿՈ ԱՂԲԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉ

2062

Մինչ Հայաստանի աղբահանության ռազմավարության նախագիծը մշակման փուլում է, մի խումբ երիտասարդներ կամավորության սկզբունքով զբաղվում են աղբի հավաքման և տեսակավորման աշխատանքներով։

Նախաձեռնության անդամները, էկո աղբ ասելով, նկատի ունեն բոլոր այն թափոնները, որոնք վերամշակվում են Հայաստանում, օրինակ՝  թուղթը, ստվարաթուղթը, պլաստիկի շատ տեսակներ, մեկանգամյա օգտագործման սպասք, ջրի շշեր, կոշտ խաղալիքներ, ապակի, պոլիեթիլինային տապրակներ։

«Վերամշակել չի լինում անձեռոցիկը, սուրճի մեկանգամյա օգտագործման բաժակները, որ պատված են ցելոֆանե թաղանթով, պենոպլաստը»,- թվարկում է Էկոաղբ նախաձեռնության անդամ, իրականացվող միջոցառումների համակարգող Շուշանիկ Բաբայանը։

Նա պատմում է, որ հոլովակներ էին պատրաստում մարդկաց իրազեկելու համար, իսկ նրանք, որ եղել են արտերկրում, արդեն ծանոթ են վերամշակման գործընթացին, ինքնակազմակերպվում են, ամբողջ շենքում իրականացնում աղբի տեսակավորում։

«Բացի դրանից ունենք հաստատություններ, որտեղ մեզ հրավիրում են՝ մանկապարտեզներ, դպրոցներ, IT կազմակերպություններ, հաճախ մարդկանց հետ թրեյնինգ ենք անում, պատմում ենք, թե ինչպես է ամեն ինչ արվում, ու այդպես սկսում ենք տարածել»,- բացատրում է միջոցառումների համակարգող Շուշանիկ Բաբայանը։

Մի հետաքրքիր բան են նկատել․ բարձր դասարանցիների հետ դասընթաց են անցկացնում, նրանք հետո ինքնուրույն նախաձեռնում ու գնում են դպրոցի փոքրերին էլ սովորեցնելու։

Աղբի վերամշակումից հետո տարբեր առարկաներ կարելի է ստանալ։ Բայց արդյո՞ք մանրէներն ու բակտերիաները չեն մնում նոր առարկաների վրա։ Շուշանիկն ասում է, որ իրենք համագործակցում են այն կազմակերպությունների հետ, որոնք հետևում են մաքրությանն ու մյուս կանոններին։

«Օրինակ՝ թուղթը 800 ջերմաստիճանից բարձր եռացվում է, հետո մանրէազերծող նյութեր են ավելացնում, խնդիր չի առաջացնում, իսկ պլաստիկից ստանում ենք կենցաղային իրեր, սննդային ոչ մի բան չենք ունենում, որովհետև երկրորդային հումքից չի կարելի»,- ներկայացնում է նախաձեռնության անդամն ու ավելացնում, որ կախիչները, դույլերն ու ծաղկամանները իրենցից վտանգ չեն ներկայացնում։

Շուշանիկը նշում է, որ արտասահմանում պետական կառույցներն են զբաղվում աղբամաններ տեղադրելով ու մարդկանց իրազեկելով։ Էկո աղբ նախաձեռնության անդամները դրսի փորձը կիրառում են մեզ մոտ։ Խոսքը էկոթաղամասերի և Տաթևի էկոգյուղի մասին է։ Առաջինն իրականացրել են քաղաքապետարանի հետ համատեղ, ծրագիրը տևել է մոտ 7 ամիս, մասնակցել է 200 ընտանիք։

«Մարդկանց տվել ենք տեսակավորման տոպրակներ՝ կանաչ, կապույտ և կարմիր գույներով, շաբաթը մեկ վերցնում էինք, որպեսզի տեսնենք մարդիկ ճիշտ են գցում, թե չէ, իսկ էկո գյուղ ծրագրի շրջանակներում բնակիչներից հավաքել ենք պլաստիկ, վերամշակել ու փոխարենը տվել ենք կախիչներ»,- պատմում է Շուշանիկ Բաբայանը։

Միլենա Մովսեսյան
3-րդ կուրս

Նկարները՝ https://www.facebook.com/ecoaghb/

Կիսվել