ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՀԱՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

ՀԵՌԱՎԱՐ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԵՌԱՀԱՐ ԽՆԴԻՐՆԵՐԸ

1559

Հեռավար ուսուցման համակարգին միացել է նաեւ Արարատի մարզի Հովտաշատ գյուղի միջնակարգ դպրոցը։ 6-րդ դասարանի աշակերտներն արդեն մի քանի օր է՝ դասերն անում են օնլայն՝ օգտագործելով տարբեր ծրագրեր: Օրինակ՝ ընթերցանության առարկայի հանձնարարությունների դեպքում երեխան կարդում է, մայրը`ձայնագրում, ապա այն ուղարկում են ուսուցչուհուն:
Ս.Ա-ի մայրը պատմում է՝ ծնողների «viber»-ի խմբում ավելացել են նաեւ ուսուցիչները, բոլոր առարկաներից հանձնարարություններ և ցուցումներ են տրվում՝ ինչպես պետք է լուծել առաջադրանքը։ Առաջադրանքները ստանալուց հետո ուսուցիչներն էլեկտրոնային մատյանի միջոցով գնահատում են աշակերտներին:
Ս.Ա-ի մայրիկի խոսքով, հեռահար ուսումն արդյունավետ է, և  չի թողնում երեխաներին հետ մնալ ուսումից. «Կարևորը երեխեքը սովորում են, ու շատ ոգևորված անում են ամեն առարկայի առաջադրանքները»,-պատմում է ծնողը։
«Հեռավար ուսուցման մեթոդը Հայաստանում նոր է, սկզբում որոշակի դժվարություններ կային, փորձում էինք հասկանալ, թե ինչպես պետք է կազմակերպենք: Հիմա ամեն ինչ շատ լավ է ընթանում և՛ աշակերտները, և՛ ուսուցիչներն ակտիվ մասնակցում են հեռահար ուսուցման համակարգին: Դասերը անցկացվում են ըստ դասացուցակի: Փորձում ենք այնպես անել, որ բոլորին հասանելի լինի: Կան երեխաներ, որ օնլայն ուսուցման հնարավորություն չունեն, իրենց զանգի միջոցով են տրվում առաջադրանքները, և երեխաներից մեկն էլ օգնում է իր հեռախոսի միջոցով նկարել, ուղարկել ուսուցչին: Մի փոքր խնդիր կա ֆիզկուլտուրայ առարկայի հետ, բայց դա էլ փորձում ենք  շտկել,- նշեց  Հովտաշատի միջնակարգ դպրոցի տնօրեն  Հասմիկ Եգորյանը:
Նույն դպրոցի  քիմիայի ուսուցչուհի Քրիստինե Մարալյանի կարծիքով, հեռավար ուսուցումը ստիպել է երեխաներին ավելի ուշադիր և մեծ ոգևորությամբ կատարել առաջադրանքները, սակայն միարժամանակ սա կախվածություն է առաջացնում երեխայի մոտ դեպի հեռախոսը, համակարգիչը. «Երեխաները կարող են առողջական խնդիրներ ունենալ, ամենաշատը 30 րոպե պետք է անցկացնեն, բայց այսպես անընդհատ հեռախոսի և համակարգչի մեջ են՝ տարբեր առարկաների առաջադրանքներն անելով: Չնայած երեխաները ակտիվ են մասնակցում հեռավար դասերին, բայց ես կարծում եմ, որ սա կարող է կապված  լինել նրա հետ, որ մեկուսացում է, այսինքն՝ տանից դուրս չեն գալիս, որևէ բանով չեն զբաղվում, անընդհատ հանձնարարություն են ուզում, չգիտեմ,  եթե մեկուսացում չլիներ երեխաները արդյո՞ք նույն ոգևորվածությամբ կշարունակեին սովորե՞լ, թե՞ կգնային սպորտի կամ բակում խաղալու։ Հիմա նույնիսկ երեխաներ կան, որ դպրոցում չէին կատարում առաջադրանքնրը, հիմա անում են։ Ես տարբեր ծրագրերի վերապատրաստում եմ անցել և կարողանում եմ դրանք ճիշտ կազմակերպել: Գիրքը երեխայի մոտ է, ես տեսանյութերի և ծրագրերի միջոցով բացատրում եմ թեման, իրենք առաջադրանքները գրում են, ուղարկում ինձ, ես ստուգում եմ»:
Մեկ այլ ծնողի կարծիքով, հեռահար ուսուցումն արդարացված կլիներ, եթե առաջադրանքների պատասխաները երեխաները կարողանային ուղարկել հաջորդ օրը,  ոչ թե նույն  օրը: Օրինակ՝ իմ երեխայի  մաթեմատիկայի ուսուցչուհին ուղարկում է թեման, ասում է գրեք, այսինքն՝ մեր հետ դեռ կապ չի հաստատել: Ու խնդիրն այն է, որ առարկաների խմբերը միասնական են. իմ երեխան գրում է հայոց լեզվի հանձնարարած առաջադրանքը, ուղարկում խումբ, բոլորը տեսնում են  իր գրածը, սա կարող է բերել արտագրության կամ նրան, որ մյուսները տեսնեն իմ երեխայի սխալները: Առարկաներ կան, որ առաջադրանքների վերջնաժամկետ չեն դնում, ու մեկ էլ ուշ գիշերին քեզ  նամակ է գալիս։ Պետք է առաջադրանքներն ուղարկվեն ուսուցչուհուն: Ես ինքնս խնդրել եմ իմ երկու երեխաների ուսուցիչներին, որ իրենց առաջադրանքներն ուղարկեմ առանձին, սակայն, մյուս տղայիս  առաջադրանքներն ուղարկում եմ միասնական խումբ: Լավ կլիներ, որ աուդիո զանգը կազմակերպվեր ամբողջ դասարանի համար»:
Օրեր առաջ ԿԳՄՍ  նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերում նշեց, որ ուսուցիչներն օգտագործում են հեռավար ուսուցման հասանելի տարբեր հարթակները, և խոստացավ հընթացս նորերը ստեղծել։ Այս պահին հանրապետության շուրջ 400 ուսուցիչի համար հեռավար մեթոդով վերապատրաստում է ընթանում։ Նախկինում հազարավոր ուսուցիչներ վերապատրաստվել են ու առցանց հարթակներից օգտվելու խնդիրներ չունեն։ Նախարարությունը նաև էլեկտրոնային մատյան է գործարկել։ Կարևոր է, որ ուսուցիչները լրացնեն գնահատականներն ու ծրագրային թեմաներ, ինչը ևս կօգնի հետագայում հեռավար ուսուցման արդյունավետությունը գնահատելու համար։ Հանրապետության 36 հազար ուսուցիչներից 3000-ն  լրացնում է։
Ըստ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի, ուսուցիչները վարձատրվելու են այնպես, ինչպես վարձատրվել են սովորական դասընթացների համար: Կառավարության որոշմամբ՝ հանրապետության դպրոցներում հեռավար ուսուցմամբ դասերը կանցկացվեն մինչ ապրիլի 14-ը՝ արտակարգ դրության ավարտը։

Մերի Խաչատրյան

3-րդ կուրս

Կիսվել