ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԿԱՐԴԱԼՈՎ ՀԻՇԵԼՈՒ ԵՆ ԻՐԵՆՑ...

ԲՈԼՈՐ ՆՐԱՆՑ, ՈՎՔԵՐ ԿԱՐԴԱԼՈՎ ՀԻՇԵԼՈՒ ԵՆ ԻՐԵՆՑ ՍԻՐԱՀԱՐՎԱԾ ԺԱՄԱՆԱԿՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ` ՈՎՔԵՐ ՈՒԶԵԼՈՒ ԵՆ ՍԻՐԱՀԱՐՎԵԼ… «ԻՆՁ ՊԻՈՆՆԵՐ ՉՆՎԻՐԵՍ»․ ԳՈՀԱՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ

7130

-Ինչպե՞ս  ծագեց  գիրքը  գրելու գաղափարը։

-Գիրքը գրելու գաղափարը ծագել է այն տպագրելուց ընդամենը չորս ամիս առաջ՝ ընթերցողներիս շնորհիվ: Բազմիցս ասել եմ, որ երբեք չեմ երազել գիրրք գրելու կամ տպագրելու մասին: Դա եղավ շատ պատահական, անկախ իմ կամքից:

-Ո՞րն է գրքի գաղափարը

Գրքի գաղափարն իրականում ավելի խորն է, վերնագիրն իր մեջ մեծ իմաստ ունի։ Հերոսուհին և′ սիրում է այս ծաղիկը, և′ խնդրում է  չնվիրել իրեն, որպեսզի հողից չպոկվեն, մի քանի օր ավել ապրեն։ Պիոնը գրքում նույնացված է սիրո հետ, հողը՝ ազատության։ Ծաղիկը հողում է գեղեցիկ, սերը՝ իշխանությունից դուրս։ Երկուսն էլ անազատության մեջ կխեղդվեն։

Ինձ պիոններ չնվիրես» գիրքը  Ձեր  առաջի՞ն ստեղծագործությունն է, թե՞ դրանից առաջ էլ էիք ստեղծագործում։

-Այո, այս վիպակն իմ առաջին ստեղծագործությունն է, որի մեջ մի տեղում, մեկ ընդհանուր սյուժեի մեջ, հավաքեցի իմ հեղինակային մտքերի զգալի մասը, որոնք մի քանի ամիս է, ինչ հրապարակում էի սոցցանցերում: Հենց այս գրառումների տարածումը, հավանումների մեծ թիվն ու դրական կարծիքներն էին ինձ ոգեշնչում ստեղծագործել: Եվ երբ արդեն ունեի իմ հեղինակային մտքերի առանձին էջը, հետևորդներս հաճախ էին հարցնում, թե ինչ ստեղծագործությունից են մեջբերված հատվածները, որ գրքից են և այլն: Հենց այդպես ծնվեց այդ ամենը գիրք դարձնելու միտքը:

-Որքա՞ն ժամանակում եք գրել գիրքը:

-Գիրքը գրվեց երկու-երեք ամսում՝ գրեթե առանց ընդմիջումների: Ե′վ սյուժեն միանգամից ծնվեց, և′ կերպարների բնավորությունները: Սա այն ամենն էր, ինչը մի քանի տարի կուտակվել էր իմ մեջ  ու, կարծես թե, սպասում էր թղթին հանձնվելուն: Անկեղծ ասած՝ ես էլ էի զարմանում: Ոչ մի դրվագի վրա երկար չեմ մտածել: Երբ նստում էի գրելու, գրիչը մտքիցս առաջ էր անցնում: Դժվարը միայն այդ գլխի գործողությունների մոտավոր ընթացքը մտածելն էր, մնացածը ստեղծվում էր ինքնըստինքյան:

-Իսկ գրել մի՞շտ էր ստացվում: Ձեզ ի՞նչ է պետք ստեղծագործելու համար:

-Ինձ մոտ տրամադրությունից ու եղանակից է կախված ստեղծագործելը: Իմ ամենասիրելի ու մեծ տարածում գտած գրառումները աշնան ու ձմռան ամիսներին եմ գրել: Ամբողջ ամռան ընթացքում ընդամենը մի քանի միտք էր ծնվել, ինքս ինձ հետ վիճում էի դրա համար, հետո հասկացա, որ եղանակն է ինձ գրել թելադրում։

-Գրքի հերոսները իրակա՞ն են, կամ արդյո՞ք պատմության

հիմքում իրական պատմություն է։

-Հերոսներն իրական են, իրենք  ունեն իրենց  նախատիպերը: Պատմությունն իրական չէ, բայց ապրումներն են իրական: Ես չէի կարողանա գրել մի բանի մասին,ինչն ինձ ծանոթ չէ, ու քանի որ երբեք էլ գիրք գրելու երազանք չէր եղել, սյուժե էլ չկար, ինքս իմ ապրածի ու զգացածի մասին պիտի գրեի: Չեմ կարող ասել, որ հեշտությամբ համարձակվեցի սա անել, բայց ես զգում էի, որ անկեղծ ու ապրած զգացմունքներ են պետք ընթերցողին: Չէի սխալվում. գրքի հաջողությունը հենց սրանում էր: Ինձ հաճախ են գրում, թե ինչպես եմ կարողացել խոսել բոլորի անունից, նկարագրել այն, ինչ բոլորն են զգում: Կարելի է ասել՝ չմտածված հենց սրան էի ձգտել. իրականում ես չեմ փորձել զգացմունքիների մասին պատմել բոլորի տեսանկյունից: Ես նկարագրել եմ իմ զգացածը, ու դա համընկել է ընթերցողներիս գերակշռող մեծամասնության հետ. չէ՞ որ գրեթե բոլորս միանման ենք սիրում, կարոտում, վախենում, խանդում: Ուղղակի արտահայտվել դժվարանում ենք, իսկ մեր զգացածի մասին մի քանի տող կարդալուն պես ասում ենք՝  ոնց որ իմ մասին լինի…Հա, այդպես էլ կա, մարդիկ իրար շատ նման են:

Այսինքն, կարող ենք ասել, որ գրքի հերոսները ձեր իսկ բնավորության գծերով են օժտված:

-Մասամբ: Իհարկե, կան հատվածներ, որտեղ հենց ինձ եմ նկարագրել, բայց և շատ են այն տողերը, որոնցում շեշտում եմ աղջիկների կամ տղաների մեծամասնության բնավորության գծերը:

-Ամբողջ գիրքը սկզբից մինչև վերջ սեր է շնչում։Արդյո՞ք նման սեր գոյություն ունի:

-Այո, գիրքն ամբողջովին սեր է, սիրո բացահայտ կամ թաքնված խոստովանություն՝ ուղղված այն մեկին, ում հանդիպել ես, տարվել նրանով, բայց վախենում ես ինչ-որ բան սկսելուց. ուղղված նրան, ում սիրահարված ես՝ վախենալով ձեր տարբերություններից, բայց և անտեսելով դրանք։ Ուղղված նրան, ում սիրում ես ամբողջ հոգով, նրան, ում կարոտելը պատիժ է թվում, ումից հեռու լինելը չլինելու պես մի բան է, ում ուզում ես բոլորից թաքցնել, որ աչքերը միայն քեզ նայեն.կա այսպիսի սեր: Գիրքը կարծես թե գրվել է մարդկանց օգնելու համար, իրենց զգացմունքներում կողմնորոշվելու, սիրելուց չվախենալու, զգացածն արտահայտելուց չխուսափել հորդորելու համար։

-Ինչ հաջողությունների է հասել գիրքը:

-Երբ ամռանը շարվածքն ուղարկեցի տպարան ու պիտի ասեի,  թե քանի օրինակ եմ պատվիրում, մինչև վերջին վայրկյանը մտածում էի, որ երկու  հարյուր օրինակը շատ կլինի, մինչդեռ վաճառվեց ընդամենը քսան օրում, գիրքը դարձավ երևանյան բեսթսելլեր: Հաջորդ տպաքանակներն արդեն պատվիրված էին մեծածախ գնորդների կողմից, բայց միշտ մտածում էի, թե այդքանն ինչպես է սպառվելու: Բոլորովին վերջերս հասկացա, որ մարդիկ սիրո, իրենց իսկ զգացմունքների մասին կարդալու, իրենց ապրումները ճանաչելու պահանջ ունեն: Ինը ամիս է, ինչ գիրքը վաճառքի է դուրս եկել, մինչ օրս դեռ չեմ հավատում, որ կարողացել եմ անել դա, որ թղթին սեր եմ հանձնել ու մարդիկ այն իրենցն են համարում։ Հա′, ես իրենց համար եմ գրել։ Գեղարվեստական մասով հաջողություններից կառանձնացնեմ երկուսը: Տարբեր ռեժիսորներ առաջարկել են սյուժեի հիման վրա ֆիլմ նկարահանել, բայց ես մերժել եմ, ճիշտ է, այնպես եմ գրել, որ ընթերցողը ֆիլմի նման պատկերացնի բոլոր տեսարանները, սակայն, իմ կարծիքով ֆիլմի համար այս գրքի գործողությունները քիչ են: Եվ երկրորդը՝ մոտ ապագայում գուցե գիրքը թարգմանվի ֆրանսերեն ու արտահանվի ֆրանկոֆոն երկրներ, բայց այս մասին խոսելը դեռ վաղ է, տեսնենք՝ ինչպես կստացվի:

Անի Ավետիսյան

3-րդ կուրս

Կիսվել