Մարտի 27 –ը Թատրոնի համաշխարհային օրն է: Այս առիթով իմ զրուցակիցն է թատրոնի և կինոյի երիտասարդ դերասան Արման Սիմիկյանը: Հեռուստադիտողը նրան «Վերջին ուսուցիչը» հեռուստասերիալում որպես Սմբատ է տեսել:
-Ինչպե՞ս որոշեցիր, որ հենց դերասան ես ուզում դառնալ։ Ի՞նչն էր քեզ գրավում։
– Ես չեմ որոշել։ Այսինքն՝ այնպես չէ, որ ինչ-որ մի առավոտ արթնացել եմ ու որոշել, որ պետք է դերասան դառնամ։ Իմ երազանքները և նպատակներն ուղղակիորեն կապված են եղել այս մասնագիտության հետ։
– Ընտանիքումդ կա՞ն դերասաններ: Ինչպե՞ս է ընտանիքդ վերաբերվում քո մասնագիտությանը։
-Ընտանիքումս չկան դերասաններ և, առհասարակ, հարազատներիս մեջ չկան։ Ընտանիքս շատ դրական է վերաբերվում մասնագիտությանս և սատարում է ինձ ամեն հարցում։ Ոչ մի խնդիր չի առաջացել՝ մասնագիտությանս հետ կապված։
-Ավարտել ես «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը» և դերասանական կրթություն ունես։ Ի՞նչ ես կարծում, ամեն դեպքում կարևո՞ր է հենց մասնագիտական կրթությունը, թե՞ միայն տաղանդը բավարար է։
-Շատ հետաքրքիր հարց էր։ Ես առհասարակ ցանկացած մասնագիտության մեջ գնահատում եմ կրթություն ստանալը: Սա նշանակում է՝ մարդիկ լուրջ են մոտենում իրենց ապագային, և, եթե ես քայլում եմ ճանապարհով, ես գիտեմ այդ ճանապարհը, քիչ հետո ճանապարհն ինձ չի մոռանա։
-Դու ճանաչում ձեռք բերեցիր «Վերջին ուսուցիչը» կարճամետրաժ սերիալում նկարահանվելուց հետո։ Այս սերիալը քո կարիերայի նախամո՞ւտը դարձավ։
– Դե, կարելի է նաև այդպես ասել, քանի որ այդ սերիալն իմ դեբյուտն էր։ Ճանաչումից բացի, այն ինձ տվեց նոր ընկերներ, մասնագիտական փորձ, և կարելի է ասել, որ որպես նախամուտ հաջողված է։
-Ինչպե՞ս ստացար սերիալում նկարահանվելու առաջարկը։
-Մասնակցելով Հանրայինի հերթական քասթինգին։ Հաջողությամբ անցա այն և ստացա նկարահանվելու առաջարկ։
-Ի՞նչն էր քեզ առաջինը գրավել քո կերպարի մեջ:
-Բարի էր, նվիրված էր ընտանիքին և ընկերությանը։ Կարծում եմ՝ հաջողված և դրական կերպար էր, և բոլորը հասցրին սիրել նրան՝ անկախ իր սխալներից։
– Նմանություններ կա՞ն քո և մարմնավորածդ կերպարի՝ Սմբատի միջև։ Տարբեր բնավորություննե՞ր են, թե՞ կարելի է ինչ-որ ընդհանուր գծի վրա շարել։
-Զուգահեռներ կան, ինչո՞ւ ոչ։ Բայց, օրինակ, խնդիրները ես այլ կերպ կլուծեի, Սմբատը՝ այլ։
-Մինչև Սմբատը ի՞նչ կերպարներ ես կերտել։
-Մինչև Սմբատը հեռուստատեսությունում ունեցել եմ փոքրիկ դերեր, բայց հիմնականում զբաղված եմ եղել ներկայացումներով։ «Մկան թակարդ» ներկայացման մեջ խաղացել եմ Քրիստոֆեր Ռեն, «Արքան հրապարակումում»՝ պոետ, «12» ներկայացման մեջ՝ համար 7 ատենակալ։ Խաղացել եմ նաև «Օզ երկրի հրաշագործը», «Խելագարի հիշատակարան», «Գեղեցկուհին և հրեշը» ներկայացումներում։
– Քո գրառումներից մեկում գրել էիր. «Թատրոնը հրաշաբույր է, չէ՞ որ նրանում է ամբողջ հեքիաթը»։ Կարելի՞ է եզրակացնել, որ թատրոնը քեզ ավելի հոգեհարազատ է, քան սերիալը, որի միջոցով կարելի է շատ գումար վաստակել։
– Պատասխանեմ այսպես․ թատրոնը և կինոն շատ տարբեր են, ու պարադոքսն այն է, որ երկու տեղում էլ աշխատում են նույն մասնագիտության մարդիկ։ Բայց թատրոնն ինձ շատ հոգեհարազատ է։ Ես զբաղվում եմ այն ամենով, ինչ իմ սիրտն է ինձ թելադրում, իսկ թատրոնում այդ սրտերը շատ են։
– Ինչպիսի՞ն պետք է լինի իդեալական դերասանն ըստ քեզ։
-Իդեալական ոչինչ չկա, առավել ևս դերասան։ Իսկ ըստ իս՝ դերասանը պետք է լինի կիրթ, չսահմանափակված և բազմակողմանի զարգացած։
– Իդեալներ չունես, ինչպես հասկացանք, բայց չկա՞ մի դերասան, որին կուզեիր նմանվել։
-Ո′չ, չկա։ Ցանկացած դերասան յուրովի է դերասան։
– Երազանքներ ունե՞ս, թե՞ արդեն միայն նպատակներ են։
-Երազանքներ միշտ էլ կան։ Առանց դրանց կյանքը շատ անգույն ու անհետաքրքիր կլիներ։
-Դե ինչ, ի՞նչ ես կարծում, Հոլիվուդը քե՞զ է սպասում:
-Ինձ շատ նոր բաներ են սպասվում, կարծում եմ։ Բայց ճիշտն ասած՝ չգիտեմ՝ Հոլիվուդը կա այդ շարքում, թե՞ ոչ։
Ներկայումս Արմանն իր պարտքն է կատարում հայրենիքի առջև։ Մաղթում ենք նրան խաղաղ ծառայություն և բարի վերդարձ։
Մարիաննա Մխիթարյան
2-րդ կուրս