ԿԱՐԱՆՏԻՆԸ՝ ԺԱՄԱՆՑԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿ

ԿԱՐԱՆՏԻՆԸ՝ ԺԱՄԱՆՑԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՏԱՐԲԵՐԱԿ

1182

Կորոնավիրուսի պատճառով Հայաստանի Հանրապետության ամբողջ տարածքում հայտարարվել է արտակարգ դրություն, որի հետևանքով բոլորս ստիպված ենք մնալ տանը։ Եվ շատերիս հետաքրքրում է, թե ինչպես հետաքրքիր դարձնել առօրյան։ Այս հարցին պատասխաններ ունեն ժուռնալիստիկայի ֆակուլտետցիները։

Երկրորդ կուրսի ուսանողուհի Աննա Ասմանգուլյանի ժամանցն, օրինակ, բազմազան է։ Քանի որ նա ունի բլոգ, ասում է, որ շաբաթական առնվազն մեկ տեսահոլովակ նկարահանելը, մոնտաժելն ու հանրության դատին ներկայացնելն իր ժամանցի կարևորագույն և ամենահետաքրքիր բաղադրիչներից է։ Պատմում է նաև ընտանեկան ժամանցի մասին՝ կատակելով, որ իր համար բացահայտել է մի նոր աշխարհ՝ խոհանոցը, որտեղ փորձում է պատրաստել թխվածքներ, որոնք էլ մեկ գավաթ թեյի և սեղանի խաղերի ընտանեկան առաջնության ժամանակ հանձնում է ամենալավ քննադատների՝ ընտանիքի անդամների դատին։

Իսկ ըստ Աննայի համակուրսեցու՝ Անիի, սա լավագույն հնարավորությունն է ինքներս մեզ բացահայտելու, սիրելու և մեր խնամքով զբաղվելու համար։ Անիի խոսքով՝ ինքն իրեն հասկանալու լավագույն միջոցը մեդիտացիան է, որին նա տրամադրում է օրական մի քանի ժամ։ Նա խորհուրդ է տալիս հետևել իր օրինակին և առանձնացնել մի շարք գրքեր, որոնք ցանկացել ենք կարդալ, բայց չենք հասցրել, և ըստ «երանգների» կարդալ։ Իր համար նա առանձնացրել է 50 գիրք՝ կատակով՝ «50 երանգ Անիից»։

Նա կարծում է, որ անօգուտ է մտածել բիզնեսի, դրսում ժամանակ անցկացնելու և այն ամենի մասին, ինչն անհնար է կարանտինի ընթացքում։ Խոսելով ժամանցի մասին՝ Անին ասում է, որ իր համար սա լավագույն ժամանակաշրջանն է ստեղծագործելու, գրելու համար։

Հոգեբան, ժուռնալիստիկայի ֆակուլտետի  դասախոս  Սաթեն  Գրիգորյանը ժամանցն ավելի հետաքրքիր դարձնելու համար խորհուրդ է տալիս հանգստանալ՝ մարզելով ուղեղը, և առաջարկում փորձել լուծել հետևյալ հանելուկը, որի պատասխանը կիմանաք իմ հաջորդ նյութում: Տարբեր աղբյուրների համաձայն՝ մարդկանց միայն 2 %–ն է ընդունակ ճիշտ լուծելու այս հանելուկը:

Հանելուկ

Փողոցի մի մայթին՝ կողք կողքի, կան տարբեր գույն ունեցող հինգ տներ: Հինգ տարբեր ազգություն  ունեցող մարդիկ տարբեր գույն ունեցող հինգ տներում ծխում են հինգ տարբեր ապրանքանիշի  ծխախոտ, բազմացնում են հինգ տարբեր կենդանի, խմում են հինգ տարբեր տեսակի ըմպելիք (նախասիրությունները բոլորի մոտ տարբեր են, համընկնումներ չկան):

Հարց

Ո՞վ  է ձուկ  բազմացնում, եթե.

Անգլիացին ապրում է կարմիր տանը:

Շվեդը շուն է բազմացնում:

Կանաչ տունը գտնվում է սպիտակ  տան ձախ կողմում:

Դանիացին թեյ  է խմում:

Կանաչ  տանն ապրողը խմում է սուրճ:

‹‹Pall Mall››  ծխողը թռչուններ է բազմացնում:

Դեղին տանն ապրողը ‹‹ Dunhill››  է ծխում :

Կաթ է խմում կենտրոնում գտնվող տան բնակիչը:

 Նորվեգացին  ապրում է առաջին տանը:

  ‹‹Rothmans››  ծխողն  ապրում է կատուներ բազմացնողի հարևանությամբ:

 Ձի բազմացնողն ապրում է կապույտ տանը:

 ‹‹Phillip  Morris›› – ի  սիրահարը  գարեջուր է խմում:

 Գերմանացին ‹‹Marlboro››  է  ծխում:

 Նորվեգացին  ապրում  է կապույտ  տան հարևանությամբ:

‹‹Rothmans›› ծխողն  ապրում է ջուր նախընտրողի հարևանությամբ:

Հուշում  

Խնդիրը  ճիշտ լուծելու  համար կազմեք աղյուսակ, այնուհետև պարզապես  փորձեք  լարել  ուշադրությունն  ու   գործի դրեք  տրամաբանությունը:

Դիանա Պետրոսյան

2-րդ կուրս

Կիսվել