«ԿՅԱՆՔՆ ԻՆՔՆԻՆ ՊԱՅՔԱՐ Է, ԵՎ ԱՅԴ ՊԱՅՔԱՐՆ Է, ՈՐ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է...

«ԿՅԱՆՔՆ ԻՆՔՆԻՆ ՊԱՅՔԱՐ Է, ԵՎ ԱՅԴ ՊԱՅՔԱՐՆ Է, ՈՐ ՀԵՏԱՔՐՔԻՐ Է ԴԱՐՁՆՈՒՄ ՕՐԸ». Մ. ՄՈՒՂԴՈՒՍՅԱՆ

1907

Հարցազրույց նկարչուհի Մարիամ Մուղդուսյանի հետ:

Ավարտել եք Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական ուսումնարանը, այնուհետև տասը տարի սովորել եք ԵՊՀ  ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ Հետաքրքիր է՝ ինչու՞ հենց լրագրությունը համատեղեցիք նկարչության հետ։

– Առաջին հայացքից կարող է թվալ, որ նկարչությունն ու լրագրությունը համատեղելի չեն, բայց իրականում ես հենց համալսարանական տարիներին եմ հասկացել, որ ամբողջ կյանքի համար կարևորն արվեստն է: Լրագրությունը շատ է օգնել, որ ես հետագայում բացեմ սոցիալական ուղղվածություն ունեցող արվեստի կենտրոն, որովհետև ութ տարուց ավելի գործող լրագրող լինելով`շատ ավելի լավ ես տեսնում և պատկերացնում սոցիալական, քաղաքական, հասարակական խնդիրները, որոնք տեղ են գտնում քո ստեղծագործական կյանքում:

Ձեր ձեռքբերումներից մեկը կարող ենք համարել Մուղդուսյան արվեստի կենտրոնը, որը հիմնականում խոցելի խմբերի երեխաների համար է։ Կպատմե՞ք՝ ինչպես է Ձեզ հաջողվել ստեղծել կենտրոնը։

– Կենտրոնը ստեղծել եմ 2014 թվականին: Առաջին տարում հայտարարություն եմ տարածել, թե ով կհամաձայնի աշխատել ուտելու դիմաց: Միացել են քսանհինգ համաքաղաքացիներ. տարածքը վերանորոգել ենք և սկսել մեր գործունեությունը: Կենտրոնը միայն երեխաների համար չէ, այլ առհասարակ արվեստի կենտրոն է: Պարզապես երեխաների համար կրթությունն այնտեղ կազմակերպվում է բոլորովին անվճար, դրա համար էլ շեշտադրումը հենց երեխաների վրա է կատարվել: Արդեն երկու հարյուր հիսունից ավելի երեխա անվճար արվեստի կրթություն է ստացել: Մեր սաներից ոմանք արդեն արվեստի բուհերում  ուսանողներ են և անշուշտ, անվճար համակարգում են սովորում. դա մեր հիմնական նպարակներից է: Կենտրոնում գործում է «Նաիրիան» վոկալ անսամբլը, որը պրոֆեսիանալ երաժշտական խումբ է, բաղկացած է պրոֆեսիոնալ երաժիշտ հինգ երիտասարդ կանանցից: Երգում են ակապելա և տարածաշրջանային միակ խումբն են, որ զուգահեռաբար երգում են նաև ժեստերի լեզվով: Միջոցառումները հիմնականում անվճար են: Կենտրոնը պահում եմ ես` աշխատելով տարբեր տեղեր, նաև  մայրս, քույրս, ով ինչպես կարողանում է` ոչ նյութական աջակցություն ցուցաբերելով:

Ունեցել եք անհատական, բարեգործական, խմբակային և այլ ցուցահանդեսներ: Ձեր նկարները ցուցադրվել են տարբեր երկրներում, բավականին բարդ ուղի եք անցել։ Զուգահեռներ կանցկացնե՞ք երեկվա և այսօրվա միջև։

– Ես չեմ վախենում և չեմ ամաչում իմ անցած ուղուց. աշխատել եմ, ամենատարբեր գործերն եմ արել, որ կարողանամ պահել և՛ արվեստի կենտրոնը, և՛ լուծել իմ սոցիալական խնդիրները, և՛ ներկեր գնել, կտավ և այլն: Փոփոխություններ կան, բայց համարում եմ, որ իմ սկսած ճանապարհը դեռևս շարունակվում է. սա դեռ միայն սկիզբն է, քանի որ ես դեռ դժվարին փուլում եմ: Ես կարող եմ միայն ասել, որ երբեք չեմ խուսափել աշխատանքից և այսօր էլ աշխատում եմ իմ մասնագիտության վրա, իմ զարգացման, իմ աճի համար: Երբևէ չեմ չարացել, և սա լավ է, որովհետև կյանքն ինքնին պայքար է, և այդ պայքարն է, որ հետաքրքիր է դարձնում մեր օրը:

Նկարիչներին լսելով՝ հասկանում ես, որ նկարելիս իրենք ուրիշ աշխարհում են՝ կտրված իրականությունից։ Կնկարագրե՞ք նկարելու ընթացքը. ի՞նչ զգացողություններ և հույզեր եք ունենում։

– Ցանկացած գործ խորասուզված և սիրով  անելիս դու կտրվում ես իրականությունից: Նկարչությունն ինձ համար կենսական բան է, ինչպես, օրինակ, ուտելը, ջուր խմելը, շնչելը: Օրական մի քանի ժամ դու տրամադրում ես դրան, և օրդ անցնում է: Ռացիոնալ բացատրության չի ենթարկվում նկարչության ընթացքը: Համալսարանում սովորելիս   դասախոսությունների ժամանակ ժամերով նկարում էի: Չես կարող ասել` կոնկրետ ինչ ես զգում, թերևս անհավանական լավ զգացողություն է: Զուգահեռ նաև տանջանք է, որովհետև երբեմն չի ստացվում և տանջանքի է վերածվում, թեև դա էլ, իհարկե, իր հետաքրքրությունն ունի:

-Կան շատ նկարիչներ, որոնք գրեթե նույն ոճով են ստեղծագործում։ Ըստ Ձեզ՝ պարտադի՞ր է, որ նկարչի ստեղծագործական ուղին ոճային լինի։

– Իրականում չես էլ կարող ոճային առումով նույնը լինել: Պիկասոն, օրինակ, բազմիցս փոխել է իր ոճը և նոր ոճեր հայտնաբերել: Նկարիչը, առհասարակ ստեղծագործող անհատը  պետք է նոր հորիզոններ բացահայտի իր համար: Այսօր նկարչությունը շատ առևտրային է դարձել. երբ մարդիկ հասկանում են, որ ահա այս ոճը վաճառվում է, միշտ գնորդ ունի, միայն այդ ոճով են նկարում: Ես ինքս ոճական շատ փոփոխությունների եմ ենթարկել իմ նկարչությունը` անկախ նրանից՝ դա վաճառվել է, թե ոչ: Սիրում եմ, որ նկարչությունն ինձ հաճույք է պատճառում, բայց նաև հասկանում եմ այն մարդկանց, որոնք, ընկնելով կոմերցիայի հետևից, չեն փոխում իրենց ոճը և հենց այդ ոճի մեջ են նոր ակունքներ բացահայտում:

 –Այսօրվա նկարիչները գնահատվում և խրախուսվո՞ւմ են պետության կողմից։

– Պետության կողմից գնահատվելն ինձ համար էական չէ: Իհարկե, խորհրդային տարիներին նկարիչների հանդեպ վերաբերմունքն այլ է եղել, հիմա արվեստի բնագավառում, կարծում եմ, լուրջ հովանավորչություն չկա: Ցավոք սրտի,  Հայաստանում արվեստը լուրջ ռազմավարական ուղություն չէ, միայն շոուի մակարդակով, դա եղել է նախկին իշխանությունների օրոք և շարունակվում է նաև հիմա: Ֆունդամենտալ մտածված օգնություն և աջակցություն ես դեռևս չեմ տեսնում: Կարծում եմ, որ մենք` արվեստագետներս, պետք է  մեր ճանապարհը հարթենք և չակնկալենք պետությունից որևէ բան:


-Ի՞նչ խորհուրդ կտաք սկսնակ նկարիչներին։

– Առաջին հերթին նկարիչներին  մաղթում եմ  աշխատասիրություն: Եվ ոչ միայն նկարիչներին, այլև մեր ուսանողներին, երիտասարդներին, լրագրողներին: Գերազանցեք ինքներդ ձեր հնարավորությունները, միշտ վստահ եղեք, որ այն, ինչ չի ստացվում միանգամից, ստացվելու է մի քանի անգամից: Երբեք  մի′ նահանջեք ձեր երազանքներից, նպատակներից` չմոռանալով  նաև ինքնակրթության մասին:

Վիկտորյա Հովեյան

2-րդ կուրս

Կիսվել