16-ամյա Մամիկոն Կիրակոսյանը Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքից է։ Նա իրեն ֆեմինիստ է համարում: Մամիկոն Կիրակոսյանն ուզում է ապրել մի հասարակությունում, որտեղ մարդիկ կլինեն հավասարության կողմնակից: Մամիկոն Կիրակոսյանի հետ զրուցեցինք ֆեմինիզմի գաղափարների, ըստ նրա՝ հայ հասարակությունում գոյություն ունեցող կարծրատիպերի մասին:
-Մամիկոն կասե՞ք՝ ինչը Ձեզ ստիպեց դառնալ ֆեմինիզմի գաղափարների կրողը։
-Ես Գեղարքունիքի մարզից եմ: Ըստ իս՝ սա Հայաստանի ամենախտրական ու ամենածայրահեղացված մարզն է, ինչ տեսակ խտրականության մասին մտածեք, այստեղ կգտնեք։
Ես ինձ բնույթով ֆեմինիստ եմ համարում, և այդ պատճառով որոշեցի, որ ես պետք է լինեմ այն մարդկանցից մեկը, որը պետք է պայքարի համայնքում, մարզում ու առհասարակ ամբողջ աշխարհում տիրող խտրական, անհավասար ու ոչ գենդերազգայուն վիճակի դեմ։
-Իսկ կոնկրետ ի՞նչ տեսակ խտրականությունների մասին է խոսքը:
-Չինաստանից հետո Գեղարքունիքի մարզը երևի երկրորդ տարածքն է պտղի սեռով պայմանավորված սելեկտիվ աբորտների թվով։ Տարեկան հազարավոր աղջիկ երեխաներ լույս աշխարհ չեն գալիս միայն ան պատճառով, որ նրանք աղջիկ են։ Եթե սկսեմ խոսել կարծրատիպերի ու դրանց՝ մեր կյանքում ունեցած դերի մասին, ապա ժամեր կտևեն։
-Մամիկոն, օրինակ նշեցիք կածրատիպերի մասին, որոնք գրեթե ամենուրեք են․ այ, ամենանընդունելին Ձեզ համար ո՞րն է։
-Մենք ապրում ենք մի հասարակայնության մեջ, որտեղ կարելի է անընդհատ լսել «լավ տղա», «լավ տղու քուր», «աղջիկը սիրելու համարա», «տան ասողը տղենա» արտահայտությունները։ Ուզում եմ ապրել մի հասարակությունում, որտեղ երբևէ չեմ լսի այս արտահայտությունները, ու մարդիկ կլինեն գենդերազգայուն, հավասարության կողմնակից, խաղաղասեր։ Էստեղ մարդիկ միայն մտածում են իրենց իրավունքների մասին, բա էլ որտե՞ղ մնաց մյուսի իրավունքը չոտնահարելը, սա կապակցված շղթա է, միայն սա կարող է մեզ դուրս բերել այս ստանդարտացված ու կարծրատիպային իրականությունից։
-Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել հասարակական կազմակերպություն:
-2018 թվականի ամռանը մտածում էի, թե ինչ անեմ, որ ինչ-որ բան փոխվի, ու հասկացա, որ ուզում եմ ստեղծել երիտասարդների խումբ, որը պետք է թեկուզ մի փոքր պայքարի առկա իրավիճակի դեմ։ Երբ մի համայնքում ես, որտեղ քո ու մյուսների մտածելակերպը բացառապես տարբերվում է, քեզ պետք են մարդիկ, ովքեր կլինեն քո գաղափարակիցը ու կպայքարեն քեզ հետ միասին:
-Մի փոքր կպատմե՞ք կազմակերպչական ընթացքից:
-Դե, երիտասարդների ապագա խմբի համար ստեղծեցինք լոգո , գաղափարների հստակ ցանկ, որը ստեղծեցի ես։ 2019 թվականին ձմռան սկզբին ես գտա Միլենա Ճաղարյանին․ ինձ համար կարևոր ձեռքբերումներից մեկը: Նա դարձավ ոչ միայն գործընկեր, այլև կյանքի չափազանց լավ ընկեր: Խումբը կոչվում էր “New Breath Youth Group Chambarak”։ Դիմեցինք ճամբարակի “World Vision” տարածքային գրասենյակին և, միանշանակ, չմնացինք առանց օգնության, որովհետև մեր կողքին էր ամբողջ թիմը և հատկապես “World Vision” գրասենյակի որոշ մասը համակարգող Օֆելյա Սարգսյանը։
-Ի՞նչ գաղափարներ է կրում Ձեր կազմակերպությունը։
-Մեր կարևոր գաղափարներն էին կազմակերպել մարդու իրավունքները խթանող դասընթացներ, ժամանցային ծրագրեր, հակախտրական միջոցառումներ, բուլլինգը (ծաղրը երեխաների շրջանում իրենց հասկակցի/ների հանդեպ) բռնությունը կանխարգելող դասընթացներ։
– Ինչպե՞ս անցավ առաջին դասընթացը։
-Փետրվարի 9- ին տեղի ունեցավ մեր առաջին դասընթացը բուլլինգ թեմայով, բավականին լարված քննարկում ունեցանք, որը կարծում եմ տվեց դրական արդյունք երեխաների մտածելակերպի գործում։ Այս սեմինարից հետո մեզ միացավ Դավիթ Խաչատրյանը, ով կրկին դարձավ մեզ համար կարևոր մարդ։ Արդեն 3 հոգով, և մեր կողքին կանգնած Օֆելյա Սարգսյանի (ընկեր Օֆելյա) ուղեկցությամբ սկսեցինք իրականացնել մի շարք ծրագրեր Ճամբարակում և 15 այլ գյուղերում․ կազմակերպեցինք մոտ 40 սեմինար, մի քանի կինոդիտում և այլ ծրագրեր։
-Ունե՞ք ֆինանսավորող։
-Մեր երիտասարդական ակումբի շրջանակներում երկու ամիս շարունակ գրեցինք դրամաշնորհային ծրագիր, որի նպատակն էր տարբեր շերտերում ապրող երեխաների ինտեգրացիան: Ծրագիրը վրանային եռօրյա ճամբար էր, որի նպատակն էր կրկին մարդու իրավունքների խթանումը։ Իհարկե, կարողացանք գտնել ֆինանսներ և կազմակերպեցինք մեր ճամբարը, որը հիանալի անցավ։ Էսպիսինն է մեր համատեղ անցած ճանապարհը: Մենք դեռ շարունակում ենք նոր ծրագրերը «New Breath»- ի շրջանակներում, դեռ երկար առիթ կունենանք խոսելու այդ մասին։
-Հետագայում գործունեության ի՞նչ ծրագրեր ունեք։
-Առաջիկայում ցանկանում ենք մի քանի արշավ կազմակերպել, սրանք կդասվեն ժամանցային ծրագրերի շարքին, իսկ, բացի այդ, մեր ծրագրի հիմնական բաղադրիչ դասընթացները կլինեն շարունակական:
–Ի՞նչ խորհուրդ կտաք Ձեր
տարեկիցներին։
-Լավ եղեք, սիրեք միմյանց ինչպես նրանք կան, ընդունեք միմյանց առանց որոշակի չափորոշիչների: Բոլորս մարդ ենք և ունենք հավասար իրավունքներ՝ անկախ սեռից, տարիքից, ազգային և կրոնական պատկանելության։
Արփի Ալավերդյան
2-րդ կուրս